Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉՊԻՏԻ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼ»

Մայիս 24,2011 00:00

Կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ մյուս կողմից էլ համոզմունք հայտնում, որ «համարակալումը ժողովրդի համար մի տեսակ հասկանալի է դարձնում»:

Կոալիցիոն քաղաքական ուժերը երեկ հերթական մտորումների մեջ էին, թեպետ այն, ինչ կատարվեց՝ ոչ մեկի համար նորություն չէր եւ ոչ մեկի համար արտառոց չէր: Մինչեւ երեկ էլ պարզ էր, որ «Բարգավաճ Հայաստանը» ձգտում է միայնակ գնալ խորհրդարանական ընտրությունների, եւ այդ մասին ԲՀԿ ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են: Եվ մինչ երեկ էլ պարզ էր, որ խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն ուժերի մասնակցության ձեւաչափի հարցը դեռ չի որոշակիացված, եւ ամենաանհնարին թվացող տարբերակը կարող է շատ էլ հնարավոր դառնալ՝ կախված քաղաքական զարգացումներից:
Երեկ խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հաստատելով, որ ԲՀԿ-ն միայնակ է գնալու ընտրությունների, ընդամենը երկու տող էր ասել, որը դարձավ բուռն քննարկումների առարկա: «Եթե մենք երկրորդ ուժն ենք, ինչի՞ մասին է խոսքը,- եւ հավելել է,- փոքրերը պետք է միանան մեծերին»: Նախագահական ընտրություններում թեկնածություն դնել-չդնելու, մենակ գնալ-չգնալու մասին հարցին ի պատասխան՝ կուսակցության նախագահը պատասխանել է. «Մնացածը՝ մյուս դասին»:
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր խնդրանքով անդրադառնալով ԲՀԿ նախագահի հայտարարությանը՝ նկատեց. «Միանշանակ մեր տեսակետն է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին պիտի մասնակցի ընտրություններին, դրա նպատակը հետեւյալը պիտի լինի, որ տվյալ քաղաքական ուժն ամբողջովին իրացվի հասարակության մեջ: Կոալիցիաները ստեղծվում են որոշակի քաղաքական պայմաններում, այնպես, ինչպես ստեղծվեց, օրինակ, «Միասնություն» դաշինքը, այսինքն՝ հասարակական եւ քաղաքական պահանջարկի դեպքում եւ ոչ երբեք՝ ինքնանպատակ: Եվ խորհրդարանական ընտրությունների գնալու դասական ձեւը առանձին գնալն է: Միեւնույն ժամանակ, կան քաղաքական ուժեր, որոնց զորությունները կամ ծավալները չեն բավարարում, բայց իրենք էլ ունեն տեսակետներ, ուրեմն պիտի փորձեն միասին գնալ, եւ այստեղ որեւէ բացասական բան ես չեմ տեսնում»:
Ըստ էության, այսօր իշխող կոալիցիայի ներսում գործող երեք քաղաքական ուժերից երկուսն ուղղակի հայտարարություններ են անում այն մասին, որ մեկն առաջինն է, մյուսը՝ երկրորդ «զորեղ» ուժը, եւ ստացվում է, որ միայն երրորդ ուժը՝ «Օրինաց երկիրը» առայժմ նման բաներ չի հայտարարում եւ մի տեսակ սպասումների մեջ է: Ի դեպ, ՕԵԿ նախագահը եւ այլ օեկականներ այս հարցի մասին խոսելիս պնդում են, թե նման հարց դեռեւս չի քննարկվում:
Մեր տպավորությամբ, այսպիսով կոալիցիայի ներսում հաստատվում են անհավասար պայմաններ: Այս իրավիճակը ինչպե՞ս կանդրադառնա խորհրդարանական ընտրությունների վրա՝ ուղիղ մեկ տարի անց: Մեր այս հարցին պատասխանելով՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Կոալիցիոն կուսակցությունները տարբեր քաղաքական ուժեր են եւ համագործակցում են որոշակի խնդիրների շուրջ, բոլորն էլ ազատ են իրենց կարծիքը ներկայացնելու մեջ, եւ մենք չենք գտնում, որ քաղաքական ուժերը պիտի համարակալել, պարզապես համարակալումը մի տեսակ հասկանալի է լինում ժողովրդի համար: Այն քաղաքական ուժերը, որոնք մեծ ընտրազանգված ունեն, առաջին տեղերում են, եւ դա, իրոք, քաղաքական իմաստով զորություն է, բայց դա չի նշանակում, որ քաղաքական ուժերն այնպիսին են, որ միանշանակ պիտի մտածեն, որ հաջորդ ընտրություններում նորից նույն զորություններով պիտի հանդես գան»:
Քանի որ ուղիղ մեկ տարի անց տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, ուստի դարձյալ մշուշոտ է մնում կոալիցիայի ճակատագիրը՝ այն գործելո՞ւ է մինչեւ ընտրություններ, թե՞ աշնանը կամ նոր տարվան մոտ կինքնալուծարվի: Ըստ Գալուստ Սահակյանի՝ «կոալիցիոն երեք ուժերը, որոնք հուշագիր են ստորագրել, կփորձեն իրենց առջեւ դրված խնդիրները իրականացնել «մինչեւ վերջ» (չի՞ զուգահեռվում «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի հետ- Մ. Ե.), իսկ բանաձեւումներն արդեն ընտրություններից հետո կլինեն, համենայնդեպս, ըստ հուշագրի, կոալիցիոն քաղաքական ուժերը միասնական գործելու որոշում են կայացրել: Դա վերաբերում է ամբողջական ընտրությունների ընթացքին եւ դրանից հետո՝ ըստ համամասնությունների»:
Առիթն օգտագործելով՝ Հանրապետական խմբակցության ղեկավարին հարցրինք, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է «Երկիր» թերթի վերջերս ներկայացրած իր այն միտքը, թե պաշտոն ունեցող դաշնակցականները հանրապետականներ են, իսկ պաշտոն չունեցող հանրապետականները՝ դաշնակցական: Արդյոք չի՞ աղավաղվել պարոն Սահակյանի միտքը: Ի պատասխան՝ պարոն Սահակյանն ասաց. «Ընդհանրապես քաղաքական դաշտում լարվածությունը թուլացնելու նպատակով երբեմն փորձում եմ հումորը դարձնել քաղաքական նպատակադրում: Դա կատակ է, մթնոլորտից է դուրս եկել, որը շատ ենթատեքստեր կարող է ունենալ»: Պարոն Սահակյանը հաստատեց, որ նման բան ասել է եւ չի պատրաստվում թերթին դատի տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել