Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱՏ ՏԵՂ ՈՒ ՔԻՉ ԴԻՄՈՐԴ

Մայիս 21,2011 00:00

Իրավիճակը մտահոգիչ է

Այժմ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթանում է դիմորդների հայտագրման գործընթացը: ՀՀ հանրակրթական դպրոցներում շրջանավարտ չլինելու պատճառով այս տարի դիմորդների թվի խիստ սղություն է նկատվում, ինչը բուհերին վախեցնում եւ անհանգստացնում է: Ասվածն առավել պատկերավոր դարձնելու համար նշենք, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) հայտագրվել է 17 անգամ քիչ դիմորդ, քան բուհերին տարբեր մասնագիտությունների գծով տեղեր են հատկացված: Հայտագրված դիմորդների թիվը 1209 է, իսկ բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը՝ 2428, վճարովի համակարգով հատկացված տեղերը 18500-ն են: Բուհերի համար այս տարի լուրջ փորձություն է դարձել հնարավորինս շատ պոտենցիալ ուսանողներ իրենց կողմ գրավելը, ու հետեւաբար «էստի համեցեքի» մշակույթը այս տարի ավելի մեծ գործ ունի անելու: Հավելենք նաեւ, որ ԳԹԿ ստացվող զանգերից պարզ է դառնում, որ այս տարի շատ են նաեւ չկողմնորոշված դիմորդները, քանի որ նրանցից շատերը ԳԹԿ-ից փորձում են ստանալ՝ ո՞ւր դիմել, ո՞նց դիմել եւ այլ անտրամաբանական հարցերի պատասխաններ:
Մայիսի 1-ից մինչեւ հունիսի 1-ը ՀՀ բուհերում կատարվում է առաջին փուլի հայտագրման գործընթացը: Այս տարի, ի տարբերություն նախորդների, բուհերում եռուզեռ չկա, իրավիճակն այն աստիճան է «մեռած», որ բուհերի ընդունող հանձնաժողովների անդամները դիմորդ տեսնելով իսկույն պայծառանում են: «Առավոտը» զրուցեց տարբեր բուհերի ընդունող հանձնաժողովների պատասխանատուների հետ:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու Վաչագան Գալստյանը մեզ ներկայացնելով Մայր բուհում հայտագրման ընդհանուր պատկերը, նշեց. «Իրավիճակը տխուր է: Մինչ այժմ գրանցվել է 193 դիմում-հայտ՝ 54 մասնագիտությունների գծով: Առավելագույն դիմում- հայտեր են գրանցվել պատմություն մասնագիտության գծով՝ 24-ը, 12 անվճար, 53 վճարովի տեղի համար, 15 դիմորդ գրանցվել է հայոց լեզու եւ գրականություն մասնագիտության գծով՝ 20 անվճար տեղի համար: Իրավագիտություն մասնագիտության համար գրանցվել է 16 դիմորդ, այստեղ անվճար տեղ հատկացված չէ, միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ՝ 6, տնտեսագիտության «մասով»՝ 11 դիմորդ: Չնայած դիմորդների փոքր թվին, այս տարի ԵՊՀ-ն պահպանել է 54 մասնագիտությունների գծով հայտագրած տեղերի՝ 321 անվճար, 2194 վճարովի քանակը»: Անդրադառնալով դիմորդների չափազանց փոքր թվից բխող մտահոգություններին՝ պարոն Գալստյանը նշեց. «Եթե հաշվի առնենք, որ 2109 հայտագրված դիմորդները կարող են դիմել 28 պետական եւ 40 ոչ պետական բուհեր, ապա հասկանալի է դառնում, որ այս տարին եզակի է՝ արտոնյալ պայմաններով բուհ ընդունվելու եւ կրթություն ստանալու առումով: Եվ հույս ունենք, որ դիմորդների գոնե 30-40 տոկոսը կօգտվի այդ հնարավորությունից եւ կդիմի պետհամալսարան»:
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Էլիզա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ իրենց բուհում գրանցվել է 54 դիմում-հայտ. 35-ը՝ ընդհանուր բժշկության, 13-ը՝ ստոմատոլոգիա, 6-ը՝ դեղագործություն մասնագիտությունների գծով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Արմեն Գրիգորյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մինչ այժմ մեր բուհում գրանցվել է 22 դիմում-հայտ. առավելագույն հետաքրքրություն կա հաշվապահական հաշվառում եւ աուդիտ, ֆինանսներ մասնագիտությունների նկատմամբ: Մենք ամեն օր փակցնում ենք դիմորդների շարժը, թե որ մասնագիտությունների գծով քանի դիմորդ է գրանցվել, որպեսզի դիմելուց առաջ անձը պատկերացնի, թե մոտավորապես ինչպիսին է մրցակցությունը»:
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում մինչ այժմ գրանցվել է 80 դիմում-հայտ: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Գարեգին Գեւորգյանը տեղեկացրեց. «Պատմություն եւ իրավագիտություն մասնագիտության գծով ունենք մոտ 11 դիմում, իսկ 8-ը՝ նախադպրոցական, սկզբնական եւ հատուկ կրթություն մասնագիտությամբ: Կանխատեսվում էր, որ այս պատկերը պիտի լիներ, քանի որ այս տարի հիմնականում դիմում են անցյալ տարվա դուրս մնացածները, որոնք պիտի փորձեին օգտվել ստեղծված իրավիճակից: Իսկ իրավիճակը մտահոգիչ է ոչ միայն մեր, այլեւ բոլոր բուհերի համար: Մյուս կողմից էլ, բացի կրթական համակարգի խնդիրներից, այս իրավիճակը պարունակում է նաեւ սոցիալական, տնտեսական, տեխնիկական, գիտական, ռազմավարական խնդիրներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել