Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ «ԳԱՆՁԱՍԱ՞ՐԸ»

Մայիս 21,2011 00:00

Երեկ հայկական ֆուտբոլային երկնակամարում հերթական լուրը ամպրոպի պես պայթեց. Կապանի «Գանձասարը» մտադիր է դուրս գալ առաջնությունից: Armsport.am-ի հետ զրույցում էլ «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հաստատել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ակումբի հովանավոր Մաքսիմ Հակոբյանն, իսկապես, նման որոշում է կայացրել: Ավելին, թիմը չի էլ նախապատրաստվում «Շիրակի» հետ առաջիկա խաղին: Այս ծայրահեղ քայլին Հակոբյանին դրդել էր ՀՖՖ կարգապահական կոմիտեի՝ մայիսի 19-ի որոշումը, ըստ որի՝ Կապանի «Գանձասարը» տնային հինգ առաջիկա հանդիպումները պիտի անցկացնի առանց հանդիսականների: Պատճառը 9-րդ տուրի «Փյունիկի» հետ խաղի ընթացքում երկրպագուների ոչ պատշաճ պահվածքն էր ու, որպես հետեւանք, դժգոհությունը մրցավարական գործողություններից:
Ի դեպ, այդ առիթով ՀՖՖ մրցավարական կոմիտեն արդեն իսկ որոշում էր կայացրել՝ հաստատելով, որ Հայաստանի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար»-«Փյունիկ» խաղում «Փյունիկի» դարպասը խփած գոլի ժամանակ եզրային մրցավարը սխալմամբ արձանագրել էր խաղից դուրս վիճակ, ինչով էլ առաջնորդվել էր հանդիպման գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանն ու գոլը չէր գրանցել: Բացի այդ, «Գանձասարի» երկու ֆուտբոլիստներին ցուցադրված դեղին քարտերը անհիմն են համարվել: Երկու մրցավարների գնահատականներն էլ ՀՖՖ մրցավարական կոմիտեն նվազեցրել էր՝ եզրային մրցավար Արթուր Մուրադյանին որակազրկելով բարձրագույն խմբում 3 մրցափուլով:
Հիշեցնենք, որ «Փյունիկից» կրած այս պարտությունը «Գանձասարի» համար առաջինն էր Հայաստանի 20-րդ առաջնությունում: Գուցե հենց այս փաստն էլ ցավագին էր ակումբի հովանավորի համար: Ինչեւէ, ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցում երեկ ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Հակոբյանի մտադրությունները՝ նշելով, որ օրվա ընթացքում վերջնական որոշում կընդունվի: Որոշումը, սակայն, երեկ օրվա ընթացքում այդպես էլ չբարձրաձայնվեց ու «Գանձասարի» հետագա ճակատագիրն առայժմ օդից է կախված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել