Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ԻՆՁ ԱԶԱՏ ՉԵՄ ԶԳՈՒՄ»

Մայիս 21,2011 00:00

\"\"«Ակոս» շաբաթաթերթի թուրք խմբագիր Ալթուղ Յըլմազը կարծում է, որ ժողովրդավար դառնալու համար Թուրքիան դեռ ճանապարհ ունի անցնելու:

«Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ. այդպիսին դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի: Սա նշանակում է, որ մենք երբեք չենք կարող մեզ լիովին ազատ զգալ «Ակոսում», բայց ես ինձ ազատ չեմ զգում նաեւ փողոցում, չնայած թուրք եմ: Չեմ ծնվել այս ճնշման ներքո, բայց գիտեմ, որ ոչ միայն հայ, այլեւ քուրդ, գնչու, միասեռական լինելու դեպքում՝ այդ ճնշումը առկա է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի թուրք խմբագիր Ալթուղ Յըլմազը: Վերջինս ծնվել է Թուրքիայի արեւմտյան մասում գտնվող Գելիբոլու շրջանում: Մայրը Գելիբոլուից է, հայրը՝ Կեսարիայից: Դպրոցական տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Անկարա, ապա Ստամբուլ՝ համալսարանական կրթություն ստանալու, որտեղ միացել է ուսանողական ակումբին: Համալսարանում միջազգային հարաբերություններ եւ քաղաքագիտություն է ուսումնասիրել: Ասում է, որ ավելի շատ հետաքրքրված է սոցիոլոգիայով եւ էթնոերաժշտությամբ, բայց աշխատում է որպես թարգմանիչ եւ խմբագիր: «Ուսանողական ակումբում մի ծրագիր էինք անում, որը ներկայացնում էր Անատոլիայի տարբեր ժողովուրդների պարերն ու երաժշտությունը: Երգում էինք թուրքերի, քրդերի, զազաների, համշենների, հույների, վրացիների եւ, իհարկե, հայերի երաժշտությունը»,- պատմում է Ա. Յըլմազը եւ հավելում, որ հենց այդտեղից էլ սկսել է հայերի, նրանց պատմության մասին մանրամասն հետաքրքրվել, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ազգային երգերի ու պարերի մասին տեղեկատվություն հավաքելու համար կապ հաստատել «Ակոսից»՝ Բագրատ Էստուկյանի, Սարգիս Սերոբյանի, «Արասից»՝ Արտաշես Մարկոսյանի եւ այլոց հետ: «Արասի» պատվերով նա թարգմանում է Լեւոն Զեքյանի գիրքը՝ անգլերենից թուրքերեն, որից հետո էլ սկսում է աշխատել «Արասում», անգլերենից թուրքերեն եւ ֆրանսերենից թուրքերեն թարգմանություններ անում: «Հրանտ Դինքի մահից հետո «Ակոսում» խմբագրական օգնության կարիք եղավ, որովհետեւ հատուկ համար էր պատրաստվում հրատարակել, որը պետք է լիներ անգլերեն եւ ֆրանսերեն: Եկա մեկ շաբաթով երկու համարները խմբագրելու եւ արդեն 4 տարի՝ այստեղ եմ»,- նշում է մեր զրուցակիցը: Բացի «Ակոսում» խմբագրական աշխատանք կատարելուց, Ա. Յըլմազը նաեւ «Ակոսի»՝ ամիսը մեկ անգամ լույս տեսնող գրական հավելվածի խմբագիրն է: Հարցին՝ որքանո՞վ է իրեն ազատ զգում որպես «Ակոսի» խմբագիր, նա պատասխանում է. «Որպես խմբագիր, իհարկե, ես եւ բոլորս պետք է զգույշ լինենք ինչ-ինչ ձեւակերպումներ, արտահայտություններ անելիս: Նկատի ունեմ, որ Թուրքիայում չես կարող խոսել խոսքի, մամուլի, լրատվամիջոցների ազատության մասին: Սա այս երկրի համար մեծ խնդիր է»:
Վերջերս մի հետազոտություն էր ներկայացվել, ըստ որի՝ հարցված թուրքերի շուրջ 73.9%-ը հայերի նկատմամբ հակակրանք ուներ: Ըստ թուրք խմբագրի, իրականության մեջ կարծրատիպերը, արգելքներն ու կանխակալ կարծիքները կոտրելը չափազանց դժվար է, որովհետեւ թուրք հասարակության մեծ մասն անտեղյակ է խնդրին. «Եթե նույնիսկ մտածես, որ մարդուն մի օր շատ լավ կհասկանաս, դա ճիշտ չէ, ամենադժվար բանն է: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ ինձ համար շատ բնական է հայերի հետ աշխատելը, բայց չեմ կարող ասել, որ լիովին հասկանում եմ ձեր ցավը: Խոսքը միայն հայերին չի վերաբերում՝ ինչպե՞ս կարող է թուրքը հասկանալ հայի, քրդի, հույնի ցավը եւ հակառակը: Իմ տարիքի մեկը ոչինչ չգիտի հայկական հարցի մասին, որովհետեւ Թուրքիայի կրթական համակարգն է նրանց այդպես դաստիարակել ու մեծացրել: Իմ մայրը, որ հիանալի անձնավորություն է, ոչինչ չգիտեր այդ մասին: Երբ նա տարիներ առաջ հանդիպել է Բագրատ ախպարիկին (նկատի ունի Բագրատ Էստուկյանին-Լ.Խ.), հարցրել է՝ դուք այնքա՜ն լավ թուրքերեն եք խոսում, ե՞րբ եք եկել Թուրքիա: Նա պատկերացում ունենալ չէր կարող, որ Բագրատ ախպարիկը, նրա ծնողները, պապերը այստեղ են ծնվել, իսկ իմ մոր հայրը արմատներով Հունաստանից է»: Ա. Յըլմազը գտնում է, որ կարծրատիպերից ձերբազատվելու համար նախ կրթական համակարգը, դասագրքերը պետք է փոխվեն. «1915-ի մասին դասագրքերում ինֆորմացիան միայն Դարդանելի պատերազմի մասին է, իսկ Հայոց ցեղասպանության մասին ոչինչ չկա»:
Մեր զրուցակցին լավատեսությունը երբեք չի լքում, բայց մյուս կողմից էլ. «Լավատեսությունս տեղի տվեց, երբ Դինքի անշունչ մարմինը տեսա մայթին: Այժմ ավելի ռեալ եմ նայում իրերին, բայց դա չի նշանակում՝ հոռետես եմ, որովհետեւ գիտեմ՝ ինչ էլ անես, չես կարող գաղտնիքը հարյուրավոր տարիներ պահել: Որքան էլ պաշտոնական գաղափարախոսությունը հակառակը պնդի, ի վերջո, ճշմարտությունը մի տեղից դուրս է ժայթքելու»:
«Ակոսի» խմբագիրն ասում է, որ հայկական հարցը Թուրքիայում միակը չէ, բայց ամենակարեւորներից է եւ բոլոր մնացած հարցերն էլ իրար հետ կապակցված են: Հայ լրագրողներիս հետ հանդիպումների ժամանակ թուրք բազմաթիվ գործիչներ փորձում էին համոզել, որ հայկական հարցը Թուրքիայի համար երկրորդական է: Ա. Յըլմազը հակառակն է պնդում. «Հայկական հարցն իրականում Թուրքիայի համար վիթխարի խնդիր է, 1915 թվին եղածը ցեղասպանություն էր եւ այն չի կարող փոքր հարց լինել Թուրքիայի համար»: Որպես Թուրքիայի քաղաքացի, մեր զրուցակիցն ասում է, որ ամենից շատ ցանկանում է, որ իր հայրենի Թուրքիան ժողովրդավար լինի, մարդու իրավունքները պաշտպանված լինեն. «Մինչեւ քրդական հարցը չլուծվի, հայկականը չի լուծվի, կշարունակվի կանանց նկատմամբ խտրականությունը, փողոցներում ամեն օր սպանված կանանց կգտնեն…»: Հարցին, թե թուրք հասարակության մեջ վերջին տարիներին հայերի նկատմամբ ի՞նչ փոփոխություններ է նկատել, նա պատասխանում է. «5-6 տարի առաջ չէի կարող պատկերացնել գենոցիդ բառի օգտագործումը Թուրքիայում, ապրիլի 24-ին Թաքսիմում հավաքվելը. սրանք օբյեկտիվորեն փոքր քայլեր են, բայց համեմատության մեջ այդ քայլերը մեծ են: Սա չի նշանակում, որ ամեն ինչ արագ կերպով կփոփոխվի, որովհետեւ մարդիկ Թուրքիայում դեռ ժամանակի կարիք ունեն»: Ա. Յըլմազը կարծում է, որ հայ-թուրքական սահմանը չբացվեց, երկխոսություն չկայացավ, որովհետեւ. «Ո՛չ հասարակական կարծիքը, ո՛չ այս կառավարությունը պատրաստ չէին դրան, դա ակնհայտ է: Դրան հասնելը շատ ժամանակ կպահանջի»: Թե որքա՞ն՝ 10 կամ հարյուր տարի, ասաց. «Մի քանի տարի առաջ, երբ լավատես էի, ինձ թվում էր՝ այդ օրը շուտ է գալու, բայց հիմա չեմ ասում, որովհետեւ ավելի ռեալ եմ մտածում: Չնայած մարդիկ կան Թուրքիայում, որ ժողովրդավարության իրենց պահանջով ճնշում են պաշտոնական գաղափարախոսությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել