Երեկ Հայաստանի բնության պետական թանգարանում ամփոփվեցին «Անտառ-առողջ ապագայի գրավական» թեմայով մրցույթ-վիկտորինայի երկրորդ փուլի արդյունքները: Առաջին մրցանակ ստացավ գավառցի դպրոցական Դավիթ Առաքելյանը: Մրցույթին, որի կազմակերպիչներն են թանգարանը եւ ԿԳՆ «Կրթություն» շաբաթաթերթը, մասնակցել են Երեւանի եւ մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները: «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները հետապնդում են հայրենագիտական դաստիարակության նպատակ՝ երեխաների ուշադրությունը կենտրոնացնելով հայրենի բնաշխարհի պահպանությանը: Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Արմենուհի Մարտիրոսյանը, անտառների պահպանությունը համաշխարհային խնդիր է, ինչի նկատմամբ երեխաները պետք է ճիշտ վերաբերմունք ունենան: