Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես աշխատանք գտնել

Մայիս 21,2011 00:00

\"\"Կարիերայի եւ տեղեկատվության օր՝ ԵՊԼՀ-ում 

Երեկ Վ. Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) բակը վերածվել էր իսկական տոնավաճառի. շուրջ 50 կազմակերպություն ուսանողներին ներկայացնում էր իր գործունեությունն ու առաջարկում համագործակցել: Առիթը համալսարանում գործող Կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվող «Կարիերայի եւ տեղեկատվության օր՝ ԵՊԼՀ-ում»  ամենամյա միջոցառումն էր:
ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի համակարգող Լեւոն Բաբամյանի խոսքով. «Ուսանողը հնարավորություն է ունենում առաջին ձեռքից ստանալ տեղեկատվություն, թե ի՞նչ կազմակերպություններ կան, ի՞նչ են իրականացնում, որտե՞ղ կարող են մասնակցել կրթական եւ կամավորական ծրագրերի, պրակտիկաների»:
Ըստ ԵՊԼՀ-ի որակի ապահովման կենտրոնի ուսումնասիրությունների, համալսարանի շրջանավարտների 86 տոկոսը աշխատանք է գտնում ավարտելուց հետո՝ ամենաուշը 12 ամսվա ընթացքում, մյուս մասն էլ ուսանելու ընթացքում է աշխատանքի առաջարկ ստանում: 
Յուրաքանչյուր երկրորդ-երրորդ հայ  երիտասարդ ցանկանում է  ուսումը կամ կարիերան շարունակել ԱՄՆ-ում: Երեւի դա էր պատճառը, որ  ԱՄՆ-ում կրթական ծրագրեր իրականացնող «IREX» կազմակերպության տաղավարի շուրջ տեղ ու դադար չկար:
Սոնա Միտոյանն ու Անի Հովհաննիսյանը ներկայացնում էին «Ազատ սերունդ» հ/կ-ն:  Ըստ Սոնայի. «Մեր նպատակն է հոգեբանական, սեքսոլոգիական խորհրդատվությունների, հանդիպումների շնորհիվ թեթեւացնել ուսանողի խնդիրները»:
«Կարիերայի եւ տեղեկատվության օր՝ ԵՊԼՀ-ում» ակցիային առանձին տաղավարներով մասնակցում էին նաեւ ՀՀ սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները:
Զբաղվածության պետական ծառայության ներկայացուցիչ Կարինե Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացնում են Հայաստանում առկա տարբեր կազմակերպությունների թափուր աշխատատեղեր. «Ընտրությունը կատարվել է ըստ ուսանողների նախասիրությունների, ունակությունների եւ գիտելիքների»: Նա փաստեց, որ ուսանողներին աշխատանք առաջարկելու հարցում կան խնդիրներ. նրանք մասնակի զբաղվածության աշխատողներ են ու ոչ բոլոր գործատուներն են նման աշխատողներ ցանկանում: Իսկ հայ ուսանողը աշխատելու ձգտում ունի՞: Ըստ Կ. Բաբայանի՝ «Եթե  նախկինում հայ ուսանողը նայում էր ծնողի ձեռքին, այսօր ամեն ինչ անում է՝ ինքնուրույն լինելու  եւ սեփական ծախսերը հոգալու համար»:
ԵՊԼՀ բակում համերգային ծրագրով հանդես էին գալիս ուսանողները, ինչպես նաեւ նախկին բրյուսովցի, ջազմեն Լեւոն Մալխասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել