Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍԿՍՆԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆ

Մայիս 21,2011 00:00

Դրամահավաքի յուրօրինակ ձեւ

\"\"

«Առավոտի» փետրվար 18-ի համարում տպագրված «Հանված հաստիքը կնորոգվի» լուրում տեղեկացրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը պետի տեղակալ կունենա, հաստիք, որը հանված էր նախկին քաղաքապետի օրոք: Եվ ինչպես ամիսներ առաջ կանխատեսել էինք, այդ պաշտոնը հորինվել էր քաղաքապետ Կարեն Կարապետյանի բարեկամ Հակոբ Ասլանյանի համար: Վերջինս պատմության ուսուցիչ է հասցրել աշխատել մի շարք դպրոցներում՝ թիվ 132, 135, 164, «Անանիա Շիրակացի» ճեմարանում, վերջում՝ թիվ 127 դպրոցում: Նրա հետ քիչ թե շատ առնչված յուրաքանչյուր ոք կարող է վկայել, որ Հ. Ասլանյանը կառավարման փորձ չունի, դրա համար էլ, ում հանդիպում, ասում է՝ ինձ սովորեցրեք աշխատել կամ խորհրդակցությունների ժամանակ փոխանակ ոլորտի խնդիրները կոնկրետ ներկայացնելու, զեկուցման նման ծայրից ծայր կարդում է իրեն տրամադրված ինֆորմացիան: Հավանաբար կրթության վարչության պետի տեղակալի հաստիքն արդարացնելու համար էլ հենց պարոն Ասլանյանին է հանձնարարված համակարգել «Օգնիր դպրոցիդ» կայքը, որն ուղղված է բարեկարգ կրթօջախներ ունենալուն եւ դպրոցի դերը բարձրացնելուն: Հ. Ասլանյանն էլ յուրովի է որոշել այդ առաքելությունն իրականացնել: Ըստ մեր տեղեկությունների, նա շարունակ հանդիպումներ է ունենում տարբեր վարչական շրջաններում, ընդ որում՝ դասերի ժամին խորհրդակցության կանչում այս կամ այն վարչական շրջանի դպրոցների տնօրեններին, պահանջում ուսուցիչներից գումար հավաքել «Օգնիր դպրոցիդ»-ը ակտիվացնելու համար: Ասում են՝ «սկսնակ» այս պաշտոնյան դեռ մի բան էլ հայտարարում է, թե անձամբ քաղաքապետն է իրեն նման հրահանգ տվել: Երբ զանգեցինք քաղաքապետարան՝ նրանից պարզաբանում ստանալու, այնտեղից մեզ պատասխանեցին, որ Ասլանյանը խորհրդակցության է դպրոցներում: Ստիպված եղանք նրա բջջայինին զանգել: Հ. Ասլանյանը հերքեց, թե պարտադրում է տնօրեններին՝ գումար հավաքել ուսուցիչներից, ասաց՝ այդ ամենը սուտ է, որովհետեւ ամեն ոք կամավոր սկզբունքով կարող է գումար տրամադրել: Ի դեպ, քաղաքապետարանի՝ ԶԼՄ-ներին տարածած հաղորդագրության մեջ էլ է նույնը ասվում. «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով դպրոցներին ուղղված ցանկացած կամավոր վճարում կարող է զգալի օգուտ տալ կրթօջախների խնդիրների լուծմանը: Բացի այդ, կայքի ստեղծումը եւս մեկ քայլ է՝ ուղղված դպրոցներում դրամահավաքության արատավոր երեւույթի մերժմանը»:
Հավելենք նաեւ, որ որպես համայնքային ծառայող, պարոն Ասլանյանը դեռ պետք է քննություն հանձնի, ինչից մի անգամ մայիսի սկզբին ազատվել է բարձր ջերմություն ունենալու պատճառաբանությամբ: Հիմա, իհարկե, ըստ օրենքի, նա դեռ պետք է մի քանի ամիս փորձաշրջան անցնի, մնում է, որ այդ փորձը փորձանք չդառնա քաղաքապետարանի եւ դպրոցների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել