Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՇԱՌՔԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ»

Մայիս 21,2011 00:00

Շուրջ 3 ամիս ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվելուց հետո Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանն ու  Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանն ազատության մեջ են:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիներին մեղավոր ճանաչեց, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց: Դատարանը Ֆիլոմենա Մոսոյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման, իսկ իր մեղքը չընդունած բժշկուհի Գայանե Գասպարյանին՝ 1.5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ բժշկուհիները մեղադրվում էին Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց 55.000 դրամ կաշառք վերցնելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ֆիլոմենա Մոսոյանը 35.000 դրամ էր վերցրել Արմենուհի Ասոյանից՝ նրան հաշմանդամության կարգ նշանակելու համար ուղեգիր հատկացնելու նպատակով, Գայանե Գասպարյանն էլ, առանց ստացիոնար հետազոտման՝ բժշկական եզրակացություն կազմելու եւ այն տրամադրելու համար Ջրաշեն գյուղի բնակչից ստացել էր 20.000 դրամ:
Դատարանի դահլիճից ազատ արձակված բժշկուհիներին դատարանը չի արգելել զբաղվելու մասնագիտական գործունեությամբ:
Գայանե Գասպարյանի փաստաբան Կարեն Թումանյանը արդարացում է պահանջելու եւ բողոքարկելու է որոշումը:
Բժշկուհու մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ ավելացնում է, որ Գասպարյանը կեղծ վիճակագրության զոհ է, որ այս պարագայում գործ ունենք «կաշառքի պրովոկացիայի» հետ:
«Գայանե Գասպարյանը զոհ է դառնում կեղծ վիճակագրությանը, որպեսզի ցույց տան, թե կաշառակերության դեմ պայքար են տանում»,- ասում է պաշտպանը: Ըստ նրա, երբ տուժողը վերջին անգամ գնացել է Գայանե Գասպարյանի մոտ, արդեն ոստիկանների հետ պայմանավորված է եղել:
«Այդ եղանակով յուրաքանչյուրս կարող ենք զոհ դառնալ, 1-2 անբարեխիղճ, անպարտաճանաչ անձնավորությունների սուտ ցուցմունքների հիման վրա ենթարկվենք քրեական պատասխանատվության»,- հավելում է Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել