Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեմ են հանքավայրի բաց շահագործմանը

Մայիս 21,2011 00:00

Երեկ Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած Շահումյանի  բազմամետաղային հանքավայրի  ընդլայնման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը:  Հանրային քննարկման մասնակից տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ լեռնաարդյունաբերության ոլորտին քաջատեղյակ մասնագետներն արեցին իրենց նկատառումները, վերհանեցին նախագծում տեղ գտած բացթողումներն ու թերությունները, անդրադարձան կազմակերպության անվանումների սխալ ձեւակերպումներին, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր հարցերի, որոնք կապված են Շահումյանի հանքավայրի աշխատանքների ընդլայնման հետ:  Ինչպես նշեցին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ ներկայացուցիչները, ըստ մշակված նախագծի,  Շահումյանի հանքավայրի  հզորությունը նախատեսվում է տարեկան 600 հազար  տոննա հանքաքարի հասցնել` 300 հազար տոննայի փոխարեն: 2009թ.-ին  կենտրոնական հանքի կոնսերվացումից եւ ձեռնարկության հաշվեկշռից հանվելուց հետո՝ հարստացուցիչ ֆաբրիկայում ազատվեցին լրացուցիչ  հզորություններ եւ այն ներկայումս աշխատում է 20-30% բեռնվածությամբ, ինչն էլ պատճառ հանդիսացավ որոշում ընդունելու՝ ընդլայնելու իրականացվող աշխատանքները:   Ընկերության բնապահպանության բաժնի պետի պաշտոնակատար Հասմիկ Մկրտումյանը մանրամասն ներկայացրեց  նախագծի փաթեթը,  որտեղ նկարագրված է, թե ինչպիսին է պատկերը 300 հազար տոննա արտադրողականության դեպքում եւ ինչպիսին կլինի ազդեցությունը շրջակա  միջավայրի վրա՝ արդեն 600 հազար տոննա դարձնելու դեպքում:
Ներկաները հիմնականում կասկածի տակ էին առնում Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելու գաղափարը, որին եւ խիստ դեմ արտահայտվեցին: «Դինո գոլդի» ներկայացուցիչները հավաստիացրին, որ հանքավայրի ընդլայնման արդյունքում հանքաքարի արդյունահանումը արվելու է միայն փակ եղանակով, բաց հանքի մասին ներկայումս խոսք չկա, իսկ փաթեթում  նշված բաց հանքը վերաբերում է կենտրոնական բաց հանքին, որը փակվել եւ հանձնվել է պետությանը: «Փաստաթղթում նշվում է նաեւ, որ թիվ երկու արտադրահրապարակը գտնվում է բնակելի տներից, բնակելի զանգվածից 1.5-2 կմ հեռավորության վրա: Իրավունք ունե՞նք կասկածի տակ առնելու մարդկանց առողջությանը հասցվելիք վնասի փաստը: Բացի այդ, այստեղ նշվում է նաեւ, որ   կոյուղաջրերը լցվելու են քաղաքի կոյուղու համակարգ, բայց մեր քաղաքում մաքրման կայան, որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ դա մեծ բնապահպանական խնդիր է առաջացնելու», – նշեց Սյունիքի ՇՊԱԿ-ի ղեկավար Արշավիր Խալափյանը:  Իսկ ընկերության ներկայացուցիչը իր պարզաբանման մեջ շեշտեց, որ հոսքաջրերի արտանետումը,  կոյուղաջրերը պայմանականորեն հանձնվում են «Հայջրմուղկոյուղուն», որի համար իրենք համապատասխան վճարումներ  են իրականացնում, իսկ կոյուղու մաքրման կայան չլինելու հարցը արդեն «Հայջրմուղկոյուղու» խնդիրն է: «Լեռեքս» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Ռոլանդ Ղոնյանը, ով նախկինում Շահումյանի հանքում 7-8 տարի երկրաբան է աշխատել, իր ելույթի ժամանակ նշեց, որ մաքրման կայանի բացակայության հարցին պետք է լրջորեն վերաբերվել, եւ ասելով, որ դա ջրմուղի խնդիրն է եւ վճարումներ համապատասխանորեն կատարվում է՝ դա հարցի լուծում չէ, պետք է մտածել համատեղ միջոցներով լուծել մաքրման կայանի հարցը: Պարոն Ղոնյանը մեկ անգամ եւս նշեց, որ    ստորգետնյա եղանակով հանքի շահագործումը հնարավորինս քիչ  վնաս է հասցնում շրջակա միջավայրին, իսկ Շահումյանի հանքավայրը մյուս հանքավայրերի համեմատությամբ ավելի բարձր արդյունավետություն ունի, քանի որ այստեղ առկա  են ոսկու, պղնձի, ցինկի եւ կապարի պաշարներ:  Ներկաների պահանջը մեկն էր՝ ընդլայնման աշխատանքների դեպքում հնարավոր միջոցառումներ ձեռնարկել՝ հնարավորինս քիչ ազդեցություն թողնելու շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության վրա եւ որ իրենք դեմ չեն կոմբինատի գործունեությանը, քանի որ այն սոցիալական մեծ խնդիր է լուծում կապանցիների համար:
«Բազմիցս մեր կազմակերպությունը ապացուցել է, որ մենք մտահոգված ենք Կապանի եւ ազդակիր մյուս համայնքների սոցիալական եւ բնապահպանական խնդիրներով: Ենթադրվում են լուրջ ներդրումներ տվյալ նախագծի համար, ինչն էլ իր հերթին  սոցիալական ազդեցության առումով դրական հետեւանք կթողնի: Իսկ նախագծի վերաբերյալ բոլոր դիտողությունները, որոնք լուրջ հիմնավորումներ ունեին, պարտադիր կներգրավվեն նախագծում կատարվելիք փոփոխություններում»,- նշեց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել