Երեկ «Երեւան ջուր» ընկերության արդեն նախկին «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» թվով 40 աշխատակից «Երեւան ջուր» ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան: Նրանք իրենց նախկին գործատու «Երեւան ջուր» ընկերությունից պահանջում են առաջին հերթին՝ իրենց վերականգնել նույն աշխատանքում եւ համապատասխան քանակի վարձատրություն տալ, իսկ եթե ոչ՝ գոնե օրենքի կետը պահպանելով իրենց աշխատանքից ազատել: Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» պետ Միքայել Դավթյանը: Նա ասաց, որ մինչեւ դատարան դիմելը «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին առաջարկել է. «Ասացի, եթե իմ նկատմամբ ինչ-որ բան ունի կամ ես լավ չեմ աշխատում, ապա թող միայն ինձ հետ հրաժարվի աշխատել, այլ ոչ թե մի ամբողջ 40 հոգանոց բաժնի: Ասացի, ինձ հանեք՝ հարցը լուծված համարենք: Նա հրաժարվեց: Հրաժարվեց անգամ նախկին աշխատակիցների վերաբերյալ բնութագիր տալ, այն դեպքում, երբ մենք անընդհատ խրախուսումներ ենք ստացել իրենց կողմից»:
Հիշեցնենք, որ «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» 40 աշխատակից սկզբում այստեղից այնտեղից լուրեր էին լսում, որ իրենց կրճատելու են, հետո արդեն պաշտոնապես «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեի ստորագրությամբ ծանուցագիր էին ստացել, որ 2 օր հետո նրանք այլեւս չեն համարվելու ընկերության աշխատակիցներ: Սա համարվում է օրենքի խախտում, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը պահանջում է, որ գործատուն առնվազն 2 ամիս առաջ զգուշացնի իր աշխատակիցներին, որ չի աշխատելու նրանց հետ: