Առանց այդ էլ մանկատան երեխան ամբողջ կյանքը սպասում է, որ մի օր իր համար հրաշք կլինի
«Ծնողդ քեզ մանկատուն է հանձնում՝ չմտածելով, թե ինչպես ես ապրելու, հետո էլ մանկատնից ես դուրս գալիս, որեւէ մեկին դարձյալ չի հետաքրքրում՝ ինչպես ես հետագա կյանքդ դասավորելու: Կարծես կյանքիդ ժապավենը հետ է գնում ու զգում ես, որ նույն լքվածն ես մնացել, միայն թե՝ մեծ հասակում»: Իր եւ բախտակիցների կարգավիճակի մասին մեզ հետ զրույցում այսպես կիսվեց մանկատան շրջանավարտ Մերի Շաքարյանը: Նա 2009 թ. մանկատնից դուրս գալով՝ կանգնել է հոգեբանական ու նյութական լուրջ խնդիրների առաջ, քանի որ գոնե մանկատանը եղած ժամանակահատվածում ստիպված չի եղել որոշումներ կայացնել, հոգալ տանիքի եւ սննդի հարցերը: Մերին «Բնակարան՝ մանկատան շրջանավարտներին» ծրագրով 2006թ. սկսած՝ համարվում է շահառու: Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, ինչ-որ մասնավոր ընկերությունների միջոցով իրականացվող «Բնակարան՝ մանկատան շրջանավարտներին» ծրագիրը տապալվելուց հետո Մերին եւ նրա նման շատ շատերը մանկատնից հետո մնացել են անտուն եւ այսօր ոչ մի կերպ չեն կարողանում հոգալ իրենց ապրելու հոգսերը: Նշենք, որ մոտ 2 տարի առաջ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված հսկայական չարաշահումների արդյունքում պարզվել էր, որ մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու նպատակով միլիոնավոր դրամներ էր յուրացվել եւ այդ պատճառով ծրագիրը կասեցվել էր: Ներկայումս էլ ՀՀ կառավարության պատասխանատուները պատճառաբանում են, որ բյուջեում բավարար միջոցներ չկան, որպեսզի ծրագիրը կյանքի կոչեն: Առայժմ ուսումնասիրում են եւ առաջիկա 2 տարիներին նոր միայն կսկսեն շրջանավարտներին բնակարաններ հատկացնել:
Մերին այսօր փորձում է ինքնուրույն լուծել բնակարանի հարցը, սակայն դրա համար նրանից մեծ ջանքեր են պահանջվում: Այսօր բնակարանի վարձ տալը Մերիի համար շատ դժվար է: Նա ստիպված 2 տեղ է աշխատում, որպեսզի կարողանա հասցնել եւ վարձ տալ, եւ կոմունալ վճարումներ անել, եւ սնվել: «Քանի որ օդանավակայանում աշխատանքը շուրջօրյա էր, այնտեղ 24 ժամ աշխատելուց հետո ես շարունակում էի սրճարանի աշխատանքս»,- «Առավոտին» պատմեց Մ. Շաքարյանը: Նրա խոսքերով, աշխատանքի ընդունվելիս խուսափել է նշել մանկատանը մեծացած լինելու փաստը՝ միայն այն պատճառով, որ իրեն չխղճան եւ զուտ դրա համար աշխատանք տան: Մերին ուզում է, որ իրեն, անկախ ամեն ինչից, որպես մարդ ճանաչեն ու գնահատեն: Իսկ ընդհանրապես նա չի ամաչում, որ մանկատան շրջանավարտ է: Մերին համոզված է, որ հոգեբանորեն նախ ինքն է հաղթահարել մանկատնից լինելու բարդույթը, հետո միայն շրջապատին ստիպել, որ իրեն այլ աչքով չնայեն, չխղճան, վերապահումով չմոտենան. «Համալսարանում սովորելիս էլ չէի թաքցնում, որ «Զատիկ» մանկատանը կից «Ծիածան» հաստատությունում եմ բնակվում»: Այժմ նա քիչ թե շատ կարողանում է ինքն իր խնդիրները հոգալ, այդքան շատ ժամերով աշխատելուց էլ չի դժգոհում, բայց բնակարանի վարձի խնդիրը, Մերիի խոսքերով, նրան ուժասպառ է անում: Նա շատ անգամ դիմել է եւ «Հայ օգնության միություն» կազմակերպությանը, եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն նրան տրվող պատասխանը միշտ մեկն է լինում՝ պետք է սպասել: «Ես ոչ մուրում եմ, ոչ էլ ասում եմ՝ ինձ պահեք, ես պետությունից միայն 4 պատ եմ խնդրում»,- ասում է Մերին:
Նույն կարգավիճակով է ապրում նաեւ մանկատան մեկ այլ շրջանավարտ՝ Արթուր Սահակյանը, որի համար գոնե 2 տարի բանակում գտնվելը «տանիքի» հարց է լուծել: Արթուրը ծառայությունը վերջացրել է եւ այժմ կրկին վարձով է բնակվում: Նա ոչ մի կերպ չի պատկերացնում, թե ինչպես պետք է կյանքը դասավորի, քանի որ աշխատելով՝ միայն բնակվարձն է հասցնում: Արթուրի խոսքերով, եթե բնակարան ստանար, կաշխատեր ու կամուսնանար, ավելի հեշտ կհարմարվեր միջավայրին ու մարդկանց: Հատկապես վերջին ամիսներին Արթուրի մտահոգությունն ավելի է մեծացել, քանի որ այս տարի նրա քույրը նույնպես դուրս է գալու «Մեր տուն» խնամքի հաստատությունից: Արթուրը չի պատկերացնում, թե ինչպես է հոգալու իր եւ քրոջ ապրուստը: «Առավոտի» հետ զրույցում ՀՕՄ-ի երեւանյան գրասենյակի գործադիր տնօրեն Աննա Մնացականյանը պատմեց, որ երբ շրջանավարտներից մեկի համար դիմել է աշխատանք տրամադրելու խնդրանքով, ասել են, որ կընդունեն աշխատանքի, բայց մեկ շաբաթ անց պահեստը ստուգելուց հետո կասեն՝ պատրա՞ստ են աշխատանքի ընդունելու, թե՝ ոչ: Այսինքն՝ ըստ Ա. Մնացականյանի, գործատուները անմիջապես ենթադրում են, որ մանկատան շրջանավարտը գողություն պիտի անի: Բայց տնօրենը կարծում է, որ մանկատան շրջանավարտը գրեթե ոչնչով չի տարբերվում շրջաններից եւ գյուղերից Երեւան եկած երիտասարդներից, որոնք բախվում են նույն խնդիրներին, ինչ՝ մանկատան սանը: Մանկատան շրջանավարտի համար խոցելի է նաեւ դասական ընտանիքի մոդելի բացակայության փաստը, որը կարող է անգամ կործանարար հետեւանք ունենալ, օրինակ՝ եթե մանկատան շրջանավարտները միասին ընտանիք են կազմում, այսինքն՝ այդ մոդելը բացակայում է երկուսի մոտ էլ, ապա ընտանիքը մեծամասամբ դատապարտված է փլուզման, որովհետեւ երկուսն էլ ընտանիքի ռոմանտիկ, իդեալականացված ու չափազանցված պատկերացում ունեն, եւ հանդիպելով կենցաղային խնդիրների՝ հիասթափություն են ապրում: Մեջտեղում երեխան է մնում: Սակայն մանկատան շրջանավարտը երբեք երեխային մանկատուն չի հանձնում: