Ջավախքում հայկական հյուպատոսարանի բացման բանակցությունների մասին ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությունը չափազանց ուրախալի փաստ է: Նշենք, որ Ջավախքում հյուպատոսարանի բացման առաջարկով ՀՀ-ն հանդես էր եկել դեռեւս 2002թ., երբ նույն տարվա սեպտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ) Թեյմուրազ Մոսիաշվիլու գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի կողմից առաջարկվեց համատեղ ծրագրերի ընթացքին ավելի մոտիկից հետեւելու նպատակով Ջավախքում բացել ՀՀ հյուպատոսարան: Վրաստանն այս առաջարկի նկատմամբ ցուցաբերեց կոշտ դիրքորոշում, իսկ վրացական մամուլն այս կապակցությամբ հանդես եկավ խիստ քննադատական հոդվածներով: Ավելացնենք նաեւ, որ հարեւան Ադրբեջանը Վրաստանում ադրբեջանական հյուպատոսարանի բացման մասին հայտարարություններով հանդես է եկել դեռեւս 1994թ., երբ Վրաստանում գտնվող «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մուրշուդզադեն հայտարարեց այդ մասին:
Ներկայումս, երբ Ջավախքի շրջաններում գնալով աճում է ՀՀ քաղաքացիների թիվը, դանդաղ, բայց քայլեր են արվում հայկական տնտեսական ներդրումների ուղղությամբ, հայկական հյուպատոսարանի բացումն ուղղակի անհրաժեշտություն է, որը կարող է դառնալ Ջավախքի՝ ՀՀ-ի, որպես Մայր պետության հետ իրավահարաբերվելու լավագույն կամուրջ: Ջավախահայությունը, իր հերթին, առկա խնդիրները ՀՀ պատկան մարմինների առջեւ իրավաբանորեն կարող է բարձրաձայնել հենց Ջավախքում: Այդուհանդերձ, դատելով հայ-վրացական հարաբերությունների նախորդ շրջանի ոչ այնքան համաչափ զարգացումներից եւ Վրաստանի քայլերից՝ ՀՀ-ի այս նախաձեռնության բարեհաջող ավարտի մասին խոսելը դեռեւս վաղ է: