Երեկ կայացած կառավարության նիստում գործադիրը որոշեց ՀՀ տարածքում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության արտոնագրերը տրամադրել մրցութային կարգով: Որոշումը թելադրված է այն իրողությամբ, որ նավթն ու գազը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հումք են, եւ մրցույթի ընթացքում դիտարկվում են ընկերությունների ներկայացրած ծրագրերը եւ տնտեսական ներուժը:
Բացի այդ՝ գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ ավելի վաղ ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ» արձանագրության կնքման առաջարկությանը:
Կառավարությունն իր «Հողերի կատեգորիան փոխելու եւ որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի շինարարության իրականացման ժամանակ ծրագրում կատարված փոփոխություններով: Մեկ այլ որոշմամբ՝ կանոնակարգվել են պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումը կամ վարձակալության տրամադրումը, սահմանվել են չափորոշիչներ, որոնց հիման վրա պետական լիազոր մարմինը կամ մարզպետը կարող են եզրակացություն տալ խնդրո առարկայի վերաբերյալ: