«Տիգրան Արզաքանցյանի մեքենայի հետեւից մեկ այլ մեքենա է եղել, որը համապատասխան փաստաթղթեր չի ունեցել, այդ կապակցությամբ տարվել է տուգանային հրապարակ՝ համապատասխան արձանագրությամբ: Բացի այդ, ես չգիտեմ՝ դա իր թիկնազորի մեքենա՞ն է եղել, ինքը, բնականաբար, հերքում է: Թիկնազորային այդ զորահանդեսները, շքահանդեսները՝ չգիտեմ ինչ, հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մենք կտրականապես մերժում ենք, եւ չի կարելի: Ժողովրդի մոտ թող հատուկ տպավորություն չստեղծեն»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ մեկնաբանելով նախօրեին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ նրան ուղեկցող մեքենայի հետ կապված դեպքը: Ըստ ոստիկանապետի, առաջիկայում օրենք է ներկայացվելու, որով հստակեցվելու է, թե ով ու ինչ թվաքանակով թիկնապահ պահելու իրավունք ունի: «Իսկ տարերային ով ինչքան ուզի՝ իրեն թիկնապահ վերցնի, դա, իմ կարծիքով, շատ վատ տպավորություն է թողնում մեր ժողովրդի մոտ»,- հավելեց ոստիկանապետը:
Պարոն Սարգսյանը նաեւ խոստացավ պատժել ոստիկանական համակարգում աշխատող բոլոր օրինախախտներին անխտիր, մասնավորապես՝ անդրադառնալով քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետին՝ Հովհաննես Թամամյանին. «Ես ներում բառը հանում են իմ գործունեությունից, որովհետեւ հասկանում եմ՝ որքան շատ ներողամտություն, այնքան ռիսկերը շատանում են, ու մարդիկ իրենց թույլ են տալիս տարբեր ոտնձգություններ, բայց այսօր ժամանակները փոխվել են: Պատրաստ ենք պատժել բոլորին: Քննությունը շարունակվում է, նրա մասին կխոսենք քննությունն ավարտվելուց հետո: Թող Թամամյանի մեղքը հիմնավորվի, գիտեք՝ ինչի համար են մեղադրում, դա հիմնավորման կարիք ունի, թող դատավճիռ լինի՝ հետո կանդրադառնանք դրան: Ցանկացած նման երեւույթ պատժելու ենք»: