Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ այս տարի պտղի ու մասնավորապես ծիրանի միջին բերք ենք ունենալու:
Նախարարը հերքեց այն տեղեկությունները, թե նախալեռնային գոտիներում ծիրանի բերքը մեծ վնասներ է կրել: Թե ինչ վնասներ է հասցրել բերքին կարկտահարությունը, պարոն Կարապետյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ վնասների չափերը պարզելու համար մարզերում այս պահին մոնիտորինգ է իրականացվում: Ինչ վերաբերում է մյուս մշակաբույսերին, ապա նախարարի խոսքով, սպասվում է խաղողի լավ բերք: Նախորդ տարվա համեմատ աճ կարձանագրվի նաեւ մյուս մշակաբույսերի մասով, գյուղմթերքն էլ այս տարի անհամեմատ ցածր գներով կվաճառվի: Ներմուծվող գյուղատնտեսական ռեսուրսների մատչելիության եւ գյուղի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունը երեկվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում՝ գյուղտեխնիկայի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմացուների ու տնկանյութերի իրացումն ազատելով ավելացված արժեքի հարկից: «Սա կբերի բուսաբուծության զարգացմանը, գյուղմթերքի գների նվազմանը»,- ասաց նախարարը: Ըստ նրա, այս որոշմամբ գյուղացին ի վիճակի կլինի թարմացնել նաեւ գյուղտեխնիկան. «Մեր երկրում գյուղտեխնիկան խորհրդային տարիներից եկած տեխնիկան է, որը շատ է հնացել եւ տարիներ շարունակ չէր թարմանում՝ թանկ գներով պայմանավորված»:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ անդրադարձավ ներկայումս ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)գլխավորությամբ Մեծամորի ատոմակայանում անցկացվող ուսումնասիրություններին՝ վստահեցնելով, որ հայկական ատոմակայանում անհանգստացնող որեւէ բան չկա, կայանն աշխատում է իր սովորական ռիթմով. «Նրանք ստուգում են ատոմակայանի տեխնիկական վիճակը: Նման ուսումնասիրություններ պարբերաբար կատարվում են, այնպես չի, որ անհանգստացած ենք»: Պարոն Մովսիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովը առաջիկայում կավարտի ուսումնասիրություններն ու աշխատանքները կամփոփի մամուլի ասուլիսի ժամանակ: Կանանց դերակատարումը հասարակական-քաղաքական կյանքում բարձրացնելու նպատակով կառավարությունը երեկ հաստատեց նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գենդերային քաղաքականության 2011-15 թվականների ռազմավարական ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ պետք է կուսակցություններին էլ պարտադրեն նախընտրական ցուցակներ կազմելիս որոշակի հարաբերակցություն ապահովել եւ կանանց քանակն ավելացնել ե՛ւ կառավարությունում, ե՛ւ ԱԺ-ում: