Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակներն ահազանգել են

Մայիս 21,2011 00:00

\"\"Նիդեռլանդների ԱԳՆ-ին գրավոր հարցապնդում է ուղարկվել Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի գործի եւ մարտի 1-ի զոհերի վերաբերյալ:

Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի պատասխանատու Միշել Վան Հերկելը, որն աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում՝ Զարուհի Փոստանջյանից երեկ պարզաբանումներ է ստացել Տիգրան Փոստանջյանի եւ «Ժառանգություն» կուսակցության անդամների նկատմամբ հետապնդումների մասին: Պարոն Միշել Վան Հերկելը Զարուհի Փոստանջյանին նաեւ տեղեկացրել է, որ Նիդեռլանդների կառավարությունը մտահոգ է եւ ուշադիր հետեւելու է Տիգրան Փոստանջյանի եւ «Ժառանգություն» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցող ապօրինի հետապնդումներին:
Նշենք, որ Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանի պատգամավորները՝ պարոն Հան Տեն Բրոքը՝ լիբերալ կուսակցությունից (VVD), տիկին Հադիչա Արիբը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (PvdA) եւ պարոն Պիտեր Օմտցիգը՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից (CDA), որը նաեւ ԵԽԽՎ պատվիրակ է՝ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին գրավոր հարցապնդում են ուղղել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների մտահոգող փաստերի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ այդ երկրում Հայաստանի դեսպանը կկանչվի բացատրություններ տրամադրելու: Պատգամավորների հարցերը հետեւյալն են.
– Դուք ընդունո՞ւմ եք, որ Տիգրան Փոստանջյանը 2011 թվականի փետրվարի 23-ից գտնվում է բանտում, եւ նա ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է: Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ տարբեր հասարակական կազմակերպություններ դիտարկել են Տիգրան Փոստանջյանի կալանավորումը որպես ճնշման միջոց նրա քրոջ՝ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ՝ կապված նրա քաղաքական գործունեության հետ, հղում կատարելով սույն կայքէջին (https://transparency.am/news.php?id
=338&inside=1):
– Համաձայն մեր ունեցած տեղեկատվության՝ Տիգրան Փոստանջյանը պահվել է 25 քառակուսի մետր բանտախցում միաժամանակ 18 կալանավորի հետ՝ առանց սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման: Դուք չե՞ք կարծում, որ դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է:
– Դուք պատրա՞ստ եք հրավիրել Հայաստանի Հանրապետության դեսպանին եւ բացատրություններ ստանալ պարոն Փոստանջյանին կալանավորելու քաղաքական շարժառիթների մասին՝ կապված նրա եւ նրա քրոջ քաղաքական գործունեության հետ:
– Դուք պատրա՞ստ եք խնդրել Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին, որպեսզի նա այցելի բանտում գտնվող Տիգրան Փոստանջյանին ու ներկայացնի զեկույց նրա գործի հանգամանքների մասին: Եվ որպեսզի համոզված լինենք, որ Տիգրան Փոստանջյանի նկատմամբ տեղի ունեցող դատավարությունն ընթանում է արդար եւ առանց խախտումների, Դուք պատրա՞ստ եք նշանակել ներկայացուցիչ, ով կզեկուցի դատավարության մասին. այդ ներկայացուցիչը կարող է լինել նաեւ Եվրոպայի խորհրդի այլ անդամ երկրի ներկայացուցիչ:
– Դուք պատրա՞ստ եք հարցնել դեսպանին՝ արդյոք արձանագրվե՞լ է առաջընթաց քննության ընթացքում ոստիկանության ուժերի կողմից կիրառված բռնության հետեւանքով 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանված անձանց գործի վերաբերյալ:
Հավելենք, որ ԵԽԽՎ Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ պարոն Կիմո Սասին էլ է «Ժառանգություն» կուսակցությանը տեղեկացրել, որ նամակ է հղել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք խստորեն հետեւեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ անհապաղ բարելավեն Տիգրան Փոստանջյանի բանտային պայմանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել