Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՆՑՅԱԼ»

Մայիս 21,2011 00:00

\"\"Իսկ Ադրբեջանը, ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի,  չի ուզում նայել ապագային

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր եւ մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղարն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, եւ նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը: Ըստ էության, հարցի խաղաղ կարգավորման մասին հետզհետե ավելի ու ավելի հաճախ են խոսում, մինչդեռ մյուս կողմից՝ ավելի ու ավելի են շատանում կրակոցները, դիպուկահարների սպանությունները եւ լարվածությունը սահմանին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Հրադադարի ռեժիմի խախտումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը անկեղծ չէ, որովհետեւ, եթե իրոք ուզում է, որ հակամարտությունը խաղաղ կարգավորվի, ինչպես հնչեցնում են այդ երկրի պաշտոնյաները, ապա առաջին հերթին պետք է հետեւի ուժի չկիրառման սկզբունքին, պետք է չխախտի այդ սկզբունքը, որը միջազգային հանրության կողմից հռչակված սկզբունքն է, դեռ 1994-ի մայիսի 12-ին Բաքուն ստորագրել է հրադադարի պայմանագիրը, որում առաջին հերթին նշված է հրադադարի ռեժիմը չխախտելու մասին: Հետաքրքիր օրինաչափությամբ, Բաքուն հրադադարի ռեժիմը խախտում է կարեւոր փուլերում. կամ համանախագահների այցելության նախօրեին, կամ այդ այցելության ընթացքում, կամ էլ բանակցություններից առաջ եւ հետո: Սա նշանակում է, որ Բաքուն իր այս գործողություններով փորձում է բանակցային գործընթացը դարձնել ինչ-որ չափով ոչ արդյունավետ:
Ըստ էության, Ադրբեջանն այդպես է վարվում այն պահին, երբ ռազմական հավասարակշռություն կա, իսկ ի՞նչ կլինի վաղը, եթե հանկարծ այդ հավասարակշռությունը խախտվի ոչ մեր օգտին, եթե հանկարծ այդ համագործակցությունը դառնա ոչ արդյունավետ: Իհարկե, անմիջապես լայնածավալ պատերազմ կարող է սկսվել՝ նպատակ դնելով ուղղակի ֆիզիկապես ոչնչացնել Արցախը, ինչպես նաեւ Հայաստանը: Եվ սա միանշանակ ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը»:
Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ասել էր, թե ռազմատենչ հայտարարությունները եւ հրադադարի խախտման դեպքերը նշանակում են երեք հիմնարար սկզբունքներից մեկի խախտում: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը ոչ միայն համամիտ էր այս մտքին, այլեւ իր կողմից հավելեց. «Իհարկե, որեւէ սկզբունքի գերակայություն չպիտի լինի, սակայն դրանցից միայն մեկը կարելի է առաջ քաշել որպես նախապայման, եւ դա հենց ուժի չկիրառման սկզբունքն է:
Մինչդեռ Ադրբեջանը պարբերաբար փորձ է կատարում խախտել նաեւ այդ սկզբունքը, եւ այս դիպուկահարների պատերազմը, պարբերաբար կրակոցները, սպանությունները, ահաբեկչական գործողությունները, այո, կարելի է հենց այդպես բնութագրել, իհարկե, որեւէ ձեւով չեն կարող դրականորեն ազդել բանակցային գործընթացի վրա: Մյուս կողմից՝ միջնորդ երկրները շատ լավ տեսնում են այս պահվածքը, եւ, կարծում եմ, վաղուց է պետք, որպեսզի իրենց կողմից կանխորոշիչ քայլեր կատարեն եւ սաստեն այդ երկրին: Բոլորի համար էլ պարզ է, որ այս պահի դրությամբ պատերազմը ոչ մեկին պետք չի եւ ոչ մեկի շահերից չի բխում, բացի այդ, հավանական պատերազմը հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ չի սահմանափակվելու միայն Արցախով եւ Ադրբեջանով:
Բազմաթիվ խաղացողներ բոլոր կողմերից կներգրավվեն այդ գործողությունների մեջ: Եվ այս ամենը կարող է տեղի ունենալ հենց Ադրբեջանի մեղքով: Ըստ ամենայնի, միջազգային կառույցները տարբեր հայտարարությունների միջոցով փորձում են այդ երկրին կարգի հրավիրել, բայց Ադրբեջանը պատրաստ չէ դրան»:
 Դավիթ Բաբայանը կարծում է՝ Ադրբեջանը ի վերջո պիտի հասկանա, որ սխալ ուղու վրա է, եւ պատերազմը չի կարող հարցի լուծում լինել. «Մենք պատերազմ չենք ուզում, որովհետեւ անցել ենք այդ ամենով, իսկ Ադրբեջանը սխալվում է, եթե մտածում է, թե պատերազմը կսահմանափակվի արցախյան շրջաններով, նա սխալվում է, պատերազմը լինելու է նաեւ Բաքվում եւ ամբողջ Ադրբեջանում, դա լինելու է տոտալ պատերազմ, ուստի, ավելի լավ կլինի, եթե այս երկիրը փոխի իր դիրքորոշումը»:
Դավիթ Բաբայանը համամիտ է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահի այն կարծիքին, թե հարցը չի լուծվում, քանի որ կողմերի հասարակությունները պատրաստ չեն դրան: «Ցանկացած վերլուծություն կատարելիս պետք է մի բան հասկանալ. հակամարտությունները կարգավորվում են ոչ թե վերնախավի, իշխանությունների միջոցով (թեպետ երբեմն այդպես էլ է լինում), այլ կարգավորման ամենալավ ձեւն այն է, երբ հասարակություններն իրենք են գիտակցաբար գնում այդ քայլին: Մեր հասարակություններն առայժմ, այո, պատրաստ չեն, բայց կարեւոր է, թե ինչու պատրաստ չեն: Պատճառը Ադրբեջանի մաքսիմալիստական մղումներն են, որոնք մեզ համար ընդունելի չեն եւ երբեք չեն կարող ընդունելի լինել: Մեզ համար անհնարին է վերադառնալ անցյալ, իսկ իրենք չեն ուզում տեսնել ապագան, հաշվի նստելով իրականության հետ»:
Ըստ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանը, ի վերջո, պիտի հասկանա, որ ետդարձ չկա, քանի որ Արցախի հարցը տարածքների հարց չէ, այլ՝ ժողովրդի ինքնորոշման հարց եւ կապված է ազգի ճակատագրի հետ:

համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել