Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 21,2011 00:00

\"\"ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն «Առավոտին» նաեւ հայտնեց,  որ ԵՄ փորձագետների հետ մշակում են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հայեցակարգ:

ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովը եւ ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խումբը երեկ գումարել էին Հայաստանում բարեփոխումների առաջընթացի մասին առաջին աշխատաժողովը: Քննարկման նյութը գերազանցապես մտավոր սեփականության իրավունքի ոլորտում առաջընթացն էր, քանի որ ինչպես նշված է տարածված հաղորդագրությունում՝ «Հայաստանն ընդհանուր առմամբ դեռ չի կատարել Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, այն է՝ տրամադրել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն ԵՄ-ին համապատասխան մակարդակով։ Հիմնական խնդիրն իրականացման պրոբլեմներն են եւ թույլ կիրարկումը, որն արտացոլվում է հեղինակային իրավունքի խախտման ու կեղծումների բարձր մակարդակում»: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ մտավոր սեփականության պաշտպանությունն «այն հիմնական հարցադրումներից մեկն է, որ մեզ ներկայացվում է», եւ ԵՄ-ն սա դիտարկում է իբրեւ առաջնահերթություն: Նաեւ հայտնեց. «2012 թվականի հունվարի 1-ից հույս ունենք, որ կմեկնարկի 1,1 մլն եվրո արժողությամբ մի ծրագիր. դա դրամաշնորհ է, որը տրամադրվելու է ՀՀ համապատասխան գործակալությանը, որը զբաղվում է այս խնդիրներով»:
«Առավոտը», սակայն, փորձեց պարզել, թե ինչպես է գնահատվում ընդհանրապես մեր երկրի իրականացրած առաջընթացը Եվրամիություն-Հայաստան Գործողությունների ծրագրով եւ մասնավորապես՝ դրանով նախատեսված քաղաքական բարեփոխումների մասով: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն ի պատասխան՝ ասաց. «Եվրոպական հարեւանության քաղաքականությամբ նախատեսված գործողությունների ծրագիրը մենք իրականացնում ենք 2007 թվականից սկսած: Հայաստանն արձանագրել է առաջընթաց շատ ոլորտներում, բայց նաեւ շատ ոլորտներում առաջընթացի կարիք կա: Մասնավորապես՝ մտավոր սեփականության իրավունքը մեկն է այն ոլորտներից, որտեղ առավել առաջընթացի կարիք կա, եւ օրենսդրությունը պետք է կյանքի կոչվի: Այլ ոլորտներում իրավիճակը նույնն է՝ օրենսդրությունը լավն է, բայց կիրառման պակաս կա: Բայց նաեւ ոլորտներ կան, որտեղ օրենսդրության մշակումն էլ է ընթացքի մեջ: Առաջարկում եմ, որ ուսումնասիրեք առաջընթացի վերաբերյալ ընթացիկ զեկույցը, որը մենք կհրապարակենք շատ շուտով՝ այն բոլոր երկրների վերաբերյալ, որոնք ընդգրկված են Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում»:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում արդեն իսկ նշել էր, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցությունն այսօր զարգանում է 3 հիմնական ուղղություններով, որոնցից մեկն ազատ առեւտրին, մյուս երկուսը քաղաքական եւ արդարադատության ազատությանն ու անվտանգությանն առնչվող բարեփոխումներն են: Մեր խնդրանքով գնահատելով վերջին երկու ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ պրն Բաղդասարյանն ասաց. «Ներկայումս մենք բավականին լուրջ փաստաթուղթ ենք մշակում: Քաղաքական բարեփոխումները ենթադրում են կոնկրետ բնույթի միջոցառումների իրականացում: Այս տարի եւ հաջորդ տարի պլանավորվում է Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության փաթեթում լուրջ բարեփոխումների մշակում, մասնավորապես՝ մենք ԵՄ փորձագետների հետ աշխատում ենք մարդու իրավունքների պաշտպանության ազգային հայեցակարգի մշակման ուղղությամբ: Եվ կան խիստ կոնկրետ առաջարկներ, որ ԵՄ-ն մեզ ներկայացնում է, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության կոնկրետ խնդիրներին, որոնք պետք է ներառվեն ե՛ւ օրենսդրության մեջ, ե՛ւ իրավակիրառական պրակտիկայում: Հարցերի երկրորդ փունջը վերաբերում է ընտրական օրենսդրությանը եւ ընտրական վարչարարությանը՝ քաղաքական բարեփոխումների շրջափուլում: Երրորդը՝ բազմակարծության ամրապնդմանը, մամուլի աջակցությանը: Նաեւ շատ լուրջ բարեփոխումներ են սպասվում դատական, իրավական համակարգում: Այստեղ նույնպես լուրջ խնդիրներ կան, որոնց փաթեթի վրա մենք հիմա աշխատում ենք: Իմ կարծիքով, այն վիճակը, որ այսօր ունենք՝ վստահաբար շատ լավը չէ, շատ վատն էլ չէ: Մենք գտնվում ենք մի միջին վիճակում»: «Առավոտի» հիշեցմանը, թե հայեցակարգերի ու ծրագրերի պակաս մեր իրականության մեջ չկա՝ պակասում է այդ թղթերի վրա նշվածը կյանքի կոչելը՝ Արթուր Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Լուրջ հայեցակարգերի պակաս ունենք: Մենք իրոք ունենք ծրագրեր, բայց դրանց մեջ գրված չէ այն, ինչ պետք է գրվի, եւ որը ճիշտ է իրականացնել: Տեսեք՝ մենք ունենք մտավոր սեփականության հետ կապված օրենսդրական բավարար դաշտ: ԵՄ փորձագետն ուսումնասիրելով այն եւ ինստիտուցիոնալ համակարգը, որ մենք ունենք՝ մեզ ասում է, թե այն ի վիճակի չէ ապահովել այն բարեփոխումները, որ ուզում ենք իրականացնել: Հիմա նայենք մարդու իրավունքների ոլորտին. մենք ունենք ընդհանուր գրված ինչ-որ նախադասություններ՝ չունենք ազգային հայեցակարգ, չունենք գործողությունների ծրագիր, ժամանակացույց, պատասխանատուներ, ֆինանսավորում: Եվ այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն: Լավ հայեցակարգեր էլ ունենք: Մեր ընդդիմախոսներին ուզում եմ ասել, որ իրոք կարիք ունենք համակարգված փաստաթղթերի եւ հստակ միջոցառումների, հստակ ծրագրերի եւ ժամանակացույցերի: Մենք պետք է իմանանք, թե ինչ ենք ուզում անել, որ կարողանանք դա անել»:
«Առավոտը» փորձեց պարզել նաեւ Արթուր Բաղդասարյանի տեսակետն իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ընթացող երկխոսության վերաբերյալ: «Լավ եմ գնահատում: Երկխոսությունը եւ դրա պտուղները տեսանելի են մեր քաղաքական դաշտի բոլոր դերակատարների համար: Եվ ես ողջունում եմ քաղաքական առողջ երկխոսությունը, քանի որ երկիրը թե՛ ներքին, թե՛ արտաքին լուրջ մարտահրավերների առջեւ է, ու չափազանց կարեւոր է, որ քաղաքական դաշտում լինի առողջ երկխոսություն իշխանության եւ ընդդիմության միջեւ»: Ի դեպ, նաեւ մի զուգահեռ տարավ այն երկխոսության, որ ՕԵԿ-ը 2008-ին իրականացրեց իշխանության հետ, եւ այն երկխոսության, որն այժմ է սկսվել. «Ընդհանրապես՝ կոալիցիաները, իշխանությունը ձեւավորվում են ընտրություններից հետո: Հայաստանում էլ ընտրություններից հետո մեզ արվեց հրապարակային առաջարկ՝ գործող նախագահի կողմից, եւ մենք ընդունել ենք այդ առաջարկը: Այսօր ընտրություններ չկան: Բայց դա չի նշանակում, որ երկխոսությունը վատ է՝ նույնիսկ եթե ընտրություններ չկան»: Արթուր Բաղդասարյանը մի թափանցիկ ակնարկ էլ արեց՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ակնկալո՞ւմ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այժմ իրենից ներողություն պիտի խնդրի՝ անվանարկելով իշխանության հետ համագործակցելու համար. «Պատմությունը պտտվում է, եւ մենք տեսնում ենք բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ ասում են մի բան, հետո փոխում իրենց ասածը: Իսկ ես միշտ ասել եմ, որ ճշմարտությունը սկզբում շատերի համար թվում է ծիծաղելի, հետո դառնում է վիճարկելի, վերջում դառնում է անբեկանելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել