Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴՆ ԱՍՏՎԱԾ ՉԷ

Մայիս 21,2011 00:00

\"\"Միջազգային դիտորդների ներկայությունը ընտրությունների ընթացքում անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ

Հինգշաբթի օրը, երբ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել էր Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաեւ ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ, ի շարս այլ հարցադրումների՝ կարեւորել էր ոչ միայն ազատ եւ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը, այլեւ շեշտել էր, որ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ ԵՄ եւ նրա անդամ երկրների օժանդակությամբ միջազգային դիտորդական այնպիսի առաքելության գործուղումը, որը թույլ կտա մոտ 2000 տեղամասերից յուրաքանչյուրում ապահովել առնվազն մեկ մշտական դիտորդի ներկայությունը՝ համարելով, որ դա կարող է թափանցիկ ընտրությունների երաշխիք դառնալ:
Իսկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Լ. Զուրաբյանը համոզմունք է հայտնել, թե արդար ընտրություններ ապահովելու համար օրենսդրական փոփոխությունները բավարար չեն: Նրա ասելով՝ «այնքան կարեւոր չէ «Ընտրական օրենսգրքի» բարելավումը, որքան ժողովրդի վճռականությունը եւ ընդհանուր քաղաքական մթնոլորտը, նաեւ այն, որ ժողովուրդը ոտքի կանգնի ու վճռական լինի»:
Անշուշտ, դիտորդների ու հատկապես միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների «կողմնակի» աչքը կարող է որեւէ ընտրությունների օրը ընտրական տեղամասերում սթափեցնող եւ ազդու լինել, բայց պետք է նաեւ հիշել, որ հենց թեկուզ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդները՝ միջազգային կազմակերպություններից ավելի քան 600 եւ տեղական կազմակերպություններից շուրջ 3 հազար մարդ, այդպես էլ ի զորու չէին իրենց ներկայությամբ կանխել ոչ միայն ընտրախախտումներն ու կեղծիքները, այլեւ նրանց արձանագրություններն ու խիստ զեկույցները իրավիճակը չփրկեցին:
Երեկ «Առավոտն» այս հարցի շուրջ զրուցեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ, խորհրդարանական «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի հետ: Նա փաստեց, որ նախկինում էլ թեեւ միջազգային դիտորդներ տեղամասերում եղել են, բայց, նրա ձեւակերպմամբ՝ «խուժաններն իրենց խուժանությունն արել են»: Այդուհանդերձ, ԿԸՀ նախկին ներկայացուցիչը շեշտեց. «Խնդիրն այն է, որ պետք է բացված բոլոր տեղամասերում քվեարկության ողջ ընթացքում դիտորդը մշտապես ներկա լինի, որպեսզի տեսնի եւ արձանագրի ե՛ւ քվեարկության ընթացքը, այդ թվում՝ հնարավոր լցոնումներն ու այլ տիպի օրինախախտումները, ե՛ւ հաշվարկին հետեւի: Բայց արդար ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար կարեւոր է նաեւ այն առաջարկը, որը իշխանությունները մերժեցին՝ թույլատրել ստորագրված ընտրացուցակները հրապարակել, որպեսզի պարզ լինի, թե քանի մեռած հոգի կամ երկրից բացակայող է «մասնակցել» քվեարկությանը»:
Մեր հարցին՝ նույնիսկ եթե դիտորդները խախտումներն արձանագրեն, արդյոք դա նման չի՞ լինի կռվից հետո բռունցքներ թափահարելուն, պարոն Խաչատրյանն այսպես հակադարձեց. «Ոչ, որովհետեւ քվեարկությունից հետո կա դրա արդյունքները բողոքարկելու հնարավորություն, եւ եթե դիտորդն ինքն էլ է կեղծարարությունն արձանագրել, ապա դա կարող է դառնալ կոնկրետ տեղամասում արդյունքները վերանայելու, անվավեր ճանաչելու պատճառ»:
Միանգամայն այլ կարծիք ուներ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա համոզմամբ, դիտորդների առկայությունը, անշուշտ, անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, որովհետեւ «դիտորդն ընտրական գործընթացին միջամտելու որեւէ հնարավորություն չունի»: Պատգամավորն ասաց, թե ավելի կարեւոր է հնարավոր կեղծիքները կանխելը, քան դրանք արձանագրելը: «Դրա համար պատահական չէ, որ «Ժառանգություն» խմբակցությունը «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման հենց սկզբից շատ ակտիվ դիրքորոշում որդեգրեց՝ մասնակցելով քննարկումներին եւ պահանջելով ընտրական հանձնաժողովների հավասարակշռված կազմ՝ 50/50 ընդդիմություն-իշխանություն, ընտրացուցակների հրապարակում, քվեարկության ընթացքի տեսաձայնագրում եւ այլն: Անկեղծ ասած, ընտրությունների ժամանակ դիտորդների առկայությունն ու ընտրախախտումներն արձանագրելը՝ չմտածելով դրանք կանխելու մասին, չեմ կարծում, որ բավարար են»,- ասաց խմբակցության ղեկավարը: Ստ. Սաֆարյանը հավելեց, թե այդ նույն դեսպանների ու դեսպանատների ներկայացուցիչների հետ «Ժառանգություն» խմբակցության հանդիպման ժամանակ իրենք էլ կարեւորել են Հայաստանի կողմից առաջիկա ընտրությունների ժամանակ դիտորդներ հրավիրելու անհրաժեշտությունը. «Մենք նշել ենք, որ ոչ միայն ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, այլեւ Եվրոպական խորհրդարանը նույնպես դիտորդական խմբեր ուղարկեն: Բայց կրկնում եմ՝ մենք ավելի կարեւոր ենք համարում այդ կեղծիքները կանխելուն ուղղված քայլեր անելը»:
Ասել է թե՝ արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու միակ եւ բացառիկ պայմանը մի կողմից՝ ընտրությունները չկեղծելու իշխանությունների քաղաքական կամքն է, մյուս կողմից՝ հասարակության վերահսկողությունն ու ակտիվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել