Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՐԳԵԼ ՈՒ ՊԻՏԻ ԵՐԳԵՄ»

Մայիս 20,2011 00:00

\"\"Ասում է հայ երգարվեստի ամենաանբռնազբոս, ամենասկանդալային ներկայացուցիչը՝ Rippi-ն

Հայկական շոու-բիզնեսի մարդիկ պնդում են, որ այդ դաշտում տեղ ունենալու համար նախ պետք է ստանալ դրա կնքահոր եւ կնքամոր՝ Շուշան Պետրոսյանի եւ Արթուր Գրիգորյանի «դաբրոն»: Եվ երբ տեսադաշտում հայտնվում է մեկը, ավելին՝ ունենում է 1-2 տեսահոլովակ, որոնք գնահատվում են, որոնց մասին խոսում են, ու այդ երգչուհին ստացած չի լինում Շ. Պետրոսյանի ու Ա. Գրիգորյանի «օրհնությունը», դա արդեն իսկ արտառոց է: Այդ երգչուհիներից է, օրինակ, սկանդալային Rippi-ն, որը կնքահոր եւ կնքամոր օրհնության կարիքը բացարձակ չի զգում. «Նրանց ծանոթ չեմ: Համերգների ժամանակ չեմ շփվում, նրանց կարծիքն էլ իմ մասին չգիտեմ»: Հետաքրքիրն այն է, որ, իր խոսքերով՝ «զոռով դպրոց գնացած, զոռով դաշնամուրի գնացած է», Rippi-ն մտադիր է համաշխարհային աստղ դառնալ, այնպես չի, որ նա իրեն Հյուսթընի տեղն է դրել, խոստովանում է, որ ընդամենը 4 տարի է, ինչ սկսել է երգել ու վոկալի դասընթացների հաճախել, բայց, նրա համոզմամբ՝ ձայնից բացի՝ համաշխարհային բեմեր գրավելու ու ժողովրդի ուշադրությանն արժանանալու համար նախ հոգի է պետք, որն ինքը ունի:
«Առավոտի» հետ զրույցում ազատ հոգով ու ազատ հագուստով սկանդալներ սարքած երգչուհին անկեղծորեն պատմեց, թե ինչու եւ ինչպես է մի պատահական օր տեղից վեր կացել ու որոշել երգչուհի դառնալ. «Մի օր գնացի «Ատեքս» նորաձեւության կենտրոն՝ մոդելային աշխատանքի համար լուսանկարվելու, էնտեղ ինձ երեխու տեղ էին դրել, շատ անսպասելիորեն կանչեցին, էդպես իմ լուսանկարները տարածվեցին, հետո սկսեցի թաքնված տեսախցիկ վարել, մի օր էլ Արտյոմին (Rippi-ի պրոդյուսեր Արտյոմ Հովակիմյանի մասին է խոսքը- Հ. Ջ.) ասեցի՝ ուզում եմ կլիպ ունենամ, ուզում եմ երգեմ, ինքն էլ՝ թե՝ դու ո՜ւր, երգելն ո՜ւր, ծիծաղեց, բայց ասեց, լավ, ուզում ես՝ Գիսանե Պալյանին կասենք երգ կգրի քո համար, կհելնես մի քիչ կճվճվաս՝ կանցնի-կգնա, բայց երբ երգն ունեցա, շատ արագ ֆինանսավորող գտանք, տեսահոլովակ նկարեցինք, արդեն այդ ամենը լրջացավ: Հիմա ինձ մեկ-մեկ ասում են՝ էս ո՞վ ա, երգել չգիտի, ձայն չունի, բայց իմ համար մեկ ա ուրիշների կարծիքը, ես սիրում եմ երգել ու պտի երգեմ»: Մեր հարցին՝ բայց դու ի՞նչ ես կարծում՝ երգել գիտե՞ս, մարդիկ սխա՞լ են խոսում, Rippi-ն պատասխանեց. «Ես չեմ ասում Հյուսթընն եմ, որովհետեւ սեւամորթների մոտ երգը ուրիշ ձեւ է, հոգուց է գալիս, բայց ես էլ աշխատում եմ իմ վրա, որ լավ երգեմ, երգում եմ, էլի»:
Rippi-ն պրոֆեսիոնալ պարով է զբաղվել, մոդել է, մասնագիտությամբ էլ՝ դերասանուհի, ինչպես ասում են՝ 4-ը մեկում: Նրա խոսքերով՝ «Ես համաձայն եմ, որ իմ կլիպներում շեշտը դրված է սեքսուալության, մերկ մարմինը ցույց տալու վրա, ոչ թե երգելու: Ի սկզբանե այդպես չէինք մտածել, ես իմ տեսահոլովակի համար գնացի շոր ընտրեցի, հետո պարզվեց՝ հասարակության համար դա «բաց» շոր է ու ես մերկ եմ եղել, բայց իմ համար դա սովորական, նորմալ շոր էր, հետո մարդկանց արձագանքից ելնելով՝ հիմա շեշտն իսկապես դրա վրա է դրվում»:
Rippi-ի ծնողներն ամուսնալուծված են, նա ապրում է հայրիկի հետ, ուստի մեր հարցին՝ հնարավո՞ր է իր ազատությունը նրանից է գալիս, որ հոր հետ եք ապրել եւ մայրական դաստիարակության հայկական մեթոդները չեն կիրառվել, Rippi-ն ասաց. «Հնարավոր է, որովհետեւ հայրս շատ ազատ մարդ է, իսկական եվրոպացի է, կյանքում չի ասել՝ էս շորը մի հագի, միայն ինքը ինձ սիրում է ավելի շատ փակ հագուստով, իսկ մայրս սկզբում դեմ էր իմ այդ կերպարին, բայց հիմա նրան շատ է դուր գալիս Rippi-ի մայր լինելը, նա հավանում է իմ արածը»:
Rippi-ն ինչպես ընկերական շրջապատում, այնպես էլ եթերում ազատ խոսում է անգամ այն թեմաների մասին, որոնք փակ են հայ հասարակությունում: Նա գտնում է, որ մարդիկ պիտի ինչ ուզեն՝ անեն, ոնց ուզեն՝ անեն: Եթե սիրում են մեկին ու ուզում են նրա հետ սեռական հարաբերություն ունենալ՝ ուրեմն պետք է ունենան: Մեր հարցին՝ ի՞նչ կարծիք ունի շոու-բիզնեսի այն աստղերի մասին, որոնք, այսպես ասած, ձեւական են ամուսնանում կամ չեն ամուսնանում՝ միայն երեխա են ունենում, Rippi-ն պատասխանեց. «Ես քննադատ չեմ, իրենց գործն է, եթե էդպես իրենց համար լավ է, ուրեմն թող էդպես ապրեն»: Ինչպես երեւաց մեր զրույցից, Rippi-ն մյուս երգիչ-երգչուհիների հետ առանձնապես չի շփվում: Նրա խոսքերով՝ «Սիրուշոյին ծանոթ չեմ, բայց վատ տրամադրվածություն չունեմ նրա նկատմամբ, յուրաքանչյուրն անում է էն, ինչ ճիշտ է համարում: Հայ աստղերից ըտենց մեկը չկա, որ ասեմ՝ վայ, ինքը շատ վատն ա, իրան պետք ա վնասել, չկա մեկը, որին ատեմ, բայց շատերը կան, որ աշխատում եմ իրանցից հեռու մնալ, չբարեւել»:
Շուտով Rippi-ն պատրաստվում է ռեփով հանդես գալ, որը ֆոտոյի մասին է. «Ֆոտոն մեր կյանքն ա, ֆեշընը իրա դոզան ա տվել», երգից մի քանի տող ասելուց հետո Rippi-ն որոշեց այն անակնկալ թողնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել