Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կինոշուկան փակվում է

Մայիս 20,2011 00:00

Կաննի կինոշուկայի  առաջին օրերի ակտիվությունը  եւ գործնականությունը  դանդաղորեն տեղի է տալիս ձեռք բերված պայմանավորվածություններին, կնքված փաստաթղթերին, որոնք հետագայում հանրությանը կներկայանան իբրեւ ավարտուն ֆիլմեր կամ  արժանահիշատակ կինոծրագրեր: Ըստ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայության, այսօր Կաննի կինոշուկայում աշխատանքը կավարտի նաեւ հայկական տաղավարը: Տասն օրերի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում  նախաստորագրվեցին երկու համատեղ համագործակցության պայմանագրեր. չեխական «Բարանդով»  եւ  ուկրաինական «Ինտերֆիլմ Պրոդաքշոն» ստուդիաների եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջեւ: Հայկական պատվիրակության ղեկավար Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ երկու ստուդիաների միջեւ համագործակցության պայմանագրի վերջնական ստորագրումը տեղի կունենա  Երեւանում` աշնանը: Չեխական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, Երեւանում կկազմակերպվի   «Բարանդով»  ստուդիայի երեւանյան շնորհանդեսը եւ կցուցադրվի մեկ մանկական ֆիլմ:  Ուկրաինական կողմի հետ  պայմանավորվածության համաձայն, ֆիլմի աշխատանքների ժամկետների ճշգրտման եւ քննարկման  համար տեղի կունենա եւս մեկ հանդիպում:
Բացի այդ, հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մի շարք միջազգային հայտնի կազմակերպությունների, կինոֆոնդերի եւ կրթական ուղղվածության կառույցների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել