Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սամկուրան» եւ հայերը

Մայիս 20,2011 00:00

Կամ՝ ժամանակակից արվեստը ճանաչելի դարձնելու նախագիծ

Մեկնարկել է «Սամկուրա» միջմշակութային երկխոսություն երկամյա նախագիծը, որին մասնակցում է 5 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Պորտուգալիա, Հունաստան եւ Իռլանդիա: Նախագծի շրջանակներում մայիսի 12-20-ը ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ «Սամկուրա» միջմշակութային ֆորումը, որին մասնակցել են 17 արվեստագետ եւ գործընկեր՝ ՀՀ-ից ու մասնակից մյուս 4 երկրներից:
«Սամկուրա» նախագծի հեղինակ, Իռլանդիայի «Կլո» (Clo) կերպարվեստի եւ մեդիայի տնօրեն Իան Ջոյսը ասաց. «Ֆորումը գործընկերների հանդիպում էր, թե ինչպես պետք է անցկացնենք այս երկու տարիները, ծրագրերի, խնդիրների քննարկում էր, ֆինանսական հարցերի լուծում: Պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ մայիսի 13-ին, այդ օրը քննարկեցինք մասնակից 5 պետությունների ժամանակակից արվեստի եւ դրա խնդիրների մասին»:
Նախագծի մասին Ի. Ջոյսը նշեց. «Սա միջմշակութային երկխոսության ծրագիր է, որի շրջանակներում երկու տարի մասնակից պետություններից ընտրված արվեստագետներ կայցելեն միմյանց երկրներ, կծանոթանան մշակույթների հետ, կմասնակցեն կոնֆերանսների»: Իռլանդացի արվեստագետի մեկնաբանմամբ, սամկուրա նշանակում է երեքնուկ. «Սամկուրան Իռլանդիայի, Հունաստանի եւ Պորտուգալիայի մշակույթների համագործակցություն է՝ ներկայացված երեք թերթիկների տեսքով եւ կցված Հայաստան եւ Վրաստան խորհրդանշող ցողունին: «Սամկուրան» միջեվրոպական արվեստի եւ մշակույթի փոխանակում է՝ ընդլայնված Եվրոպայի աշխարհաքաղաքական սահմաններում»:
ՀՀ-ում նախագծի համահեղինակ, «Ակոս» մշակութային հ/կ նախագահ Մկրտիչ Տոնոյանի խոսքով, նախագիծը նպատակ ունի իրականացնել գեղարվեստական աշխատանքների արտադրանք եւ շրջանառություն. «Սամկուրայի» աշխատանքների ավելի քան 50 տոկոսը տեղի է ունենալու Հայաստանում եւ Վրաստանում»:
Հետաքրքրվեցինք՝ հայկական ժամանակակից արվեստը որքանո՞վ է մրցունակ մասնակից պետությունների արվեստների հետ: Մ. Տոնոյանն ասաց. «Մեր արվեստն անխոս մրցունակ է, մեր խնդիրն ուղղակի այն է, որ չենք կարողանում դրամաշնորհներ ձեռք բերել ու դրանց միջոցով դուրս գալ միջազգային շուկա: Հայ արվեստագետները օտար լեզվով դրամաշնորհի հայտ գրել չգիտեն: Նաեւ այդ է պատճառը, որ միջազգային կազմակերպությունների համար հայկական մշակույթն անհայտ է, անծանոթ ու փակ»:
«Առավոտի» հետ զրույցում իռլանդացի արվեստագետն էլ հայտնեց, որ սա իր առաջին այցելությունը չէ Հայաստան. «Ես սիրահարված եմ Հայաստանին: Ձեր երկիրն ինձ շատ հոգեհարազատ է, որովհետեւ նմանություններ ունի Իռլանդիայի հետ: Երբ գալիս եմ Հայաստան ու տեսնում մարդկանց, տպավորություն եմ ստանում, թե ճանաչում եմ նրանց: Շատ աղերսներ կան Հայաստանի եւ Իռլանդիայի պատմությունների միջեւ: Հայաստանն ունի մեծ սփյուռք, Իռլանդիան՝ նույնպես: Մեր պատմությունները նման են իրար՝ ցեղասպանություններով, դուք ունեցել եք 1915 թվական եւ բազմաթիվ մարդկանց զոհեր, 19-րդ դարի կեսերին Իռլանդիան էլ է ենթարկվել ցեղասպանության: 19-րդ դարի վերջերին Իռլանդիայի բնակչությունը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ կես՝  արտագաղթի պատճառով 2,5 միլիոն իռլանդացի կորցնելով: Ուզում եմ փոխադարձ իդենտիֆիկացում տեղի ունենա՝ ինչպես ես եմ մտնում Հայաստան, հայ արվեստի դաշտ, այնպես էլ հայերը գան Իռլանդիա: Հոգեւոր հարթության վրա գալիս է պահ, որ կարծես այս երկու ազգերի ինքնությունն էլ կրում եմ իմ մեջ»:
Հայկական ժամանակակից արվեստի մասին էլ զրուցակիցս ասաց. «Բացի այն, որ հայերն ու Հայաստանն են հարազատ, այստեղ ինձ դուր է գալիս նաեւ ձեր ժամանակակից արվեստը: Հայկական ժամանակակից արվեստի զարգացման հիմքեր եմ տեսնում եւ մեծ պոտենցիալ: Արդեն երկար տարիներ եմ գնում-գալիս Հայաստան եւ ուրախանում եմ, որ հայ երիտասարդները հետաքրքրված են արվեստով: Վերջերս ՆՓԱԿ-ում մասնակցեցի «Մեկ կադր» փառատոնի քննարկումներին: Դատելով երիտասարդության ակտիվությունից, մտքերից, պատկերացումներից, հասկացա, որը դա լուրջ արդյունքների կարող է բերել: «Սամկուրա» նախագիծը ցանկանում է նպաստել ծրագրերի տեւականությանը: Արվեստի գործեր կան, որոնք որակով չեն զիջում միջազգային ստանդարտներին, կամ հանդիսանում են կատարյալ նմուշներ, բայց տեւականություն չունենալու պատճառով շուտ մարում են, հասարակությունն էլ դրանց մասին մոռանում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել