Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈՒԴՈՒԿԻ ԿՈՆՑԵՐՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՎԱՍՏԱԿ ՎԱՍՏԱԿԱՎՈՐՆԵՐ

Մայիս 20,2011 00:00

Ամերիկաբնակ կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի դիտարկումները

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական ուրբաթօրյա համերգում, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կհնչեն Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան, Խաչատուր Ավետիսյանի քանոնի թիվ 2 կոնցերտը եւ Հենրիկ Անասյանի դուդուկի կոնցերտը: Մենակատարներն են քանոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը եւ ճանաչված դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը:
«Առավոտի» էլեկտրոնային հասցեով ուղարկված հաղորդագրության մեջ գրված է. «Ֆիլհարմոնիկ նվագախումբն իր պարտքն է համարում ներկայացնել հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները եւ հայ երաժշտության այս համերգով նպատակ ունի ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ Հայաստան ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկներին եւս մեկ հնարավորություն ընձեռել՝ ունկնդրելու հայ դասական երաժշտության բացառիկ գործերը, ներկայացնել դասական արվեստի հայկական գլուխգործոցները»: Նշենք, որ վերջին շրջանում Ֆիլհարմոնիկը անդրադառնում է հայ կոմպոզիտորներին եւ ամբողջական ծրագրեր նվիրում նրանց հոբելյաններին: Թե Ա. Խաչատրյանի երկերի կողքին ինչքանո՞վ են գլուխգործոց համարվում սիրված ու անվանի կոմպոզիտոր Խ. Ավետիսյանի եւ ամերիկաբնակ Հ. Անասյանի ստեղծագործությունները, դիրիժոր Ռ. Ասատրյանն ասաց. «Դեռեւս կենդանության օրոք, այսօր եւ ապագայում էլ Խաչատուր Ավետիսյանի սիրված երգերն ու պարեղանակները կզարդարեն երգիչների ու պարային անսամբլների համերգային ծրագրերը: Ինչ վերաբերում է Հենրիկ Անասյանին, նա դեռեւս 1970-ականներից մեծ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում՝ հայ հեղինակների գործերի մեկնաբանման եւ տարածման ուղղությամբ, նույնիսկ ժամանակին նրա ջանքերով ԱՄՆ-ում բեմադրվեցին Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ-Բեկ» օպերաները…»:
Նկատեցինք, որ վերջին շրջանում դուդուկը  երաժշտարվեստի բոլոր ժանրերում միջազգայնացվել է, եւ հիշեցնելով, որ սիմֆոնիկ երաժշտության ոլորտում էլ առաջինը այն օգտագործել է Ավետ Տերտերյանը՝ թիվ 3-րդ սիմֆոնիայում, Հ. Անասյանին հարց ուղղեցին՝ արդյո՞ք միայն դուդուկով չենք նեղացնում պատկերացումները հայկական նվագարանների մասին: Հ. Անասյանը նախ հայտնեց, որ իր Դուդուկի կոնցերտի առաջին կատարումը տեղի է ունեցել 2010թ. Վենեսուելայում, «Սիմոն Բոլիվար» նվագախմբի եւ հայաստանցի ունկնդրին ծանոթ դուդուկահար Պեդրո Էուստաշի մեկնաբանմամբ: Կոմպոզիտորի խոսքերով՝ այս կոնցերտը ստեղծելիս նկատի է ունեցել այն հետաքրքրությունը, որ վերջին շրջանում առկա է դուդուկի հանդեպ: Նշեց նաեւ, որ ստեղծագործության հիմքում ընկած է հայկական ժողովրդական «Վարդ կոշիկս» երգի մեղեդին: Ասաց նաեւ, որ այս գործը գրվել է 6 տարի առաջ, իսկ շարժառիթը այսպես բացատրեց. «Տասը տարի առաջ, երբ Թուրքիայում էի, հանդիպածս բոլոր նվագախմբերում դուդուկ կար: Դասավանդում ու պրոպագանդում էին եւ թուրքերը, եւ ադրբեջանցիները, եւ հայերը, ու այն ներկայացվում էր որպես թուրքական նվագարան…»:
Հետաքրքրվեցինք՝ իր եւ կոլեգաների դասական երկերի հանդեպ կա՞ հետաքրքրություն ԱՄՆ-ում: Հ. Անասյանը պատասխանեց. «Դա վաղուց էր, երբ կոնկրետ Լոս-Անջելեսը դարձել էր խոպան՝ հայաստանցի որոշ անվաստակ վաստակավորների համար: Ցավում եմ, որ այսօր որոշ երգիչների մատուցած աղբը դեռ ընդունվում է հայրենիքում: Իսկ այսօր նման «արվեստագետները» ԱՄՆ-ում տապալվում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել