Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄԵՆՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵԿԵԼ

Մայիս 20,2011 00:00

\"\"«Առավոտն» արդեն տեղեկացրել է, թե չորեքշաբթի օրը սպասվում էր, որ Եմենում իշխանություններն ու ընդդիմությունը անցումային կառավարության շուրջ համաձայնագիր են ստորագրելու, որի ձեւավորումից մեկ ամիս հետո երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին հրաժարական էր տալու: Սակայն, ինչպես հաղորդում է Reuters-ը, չորեքշաբթի օրն այդ համաձայնագիրը չի ստորագրվել՝ վերջին պահին ի հայտ եկած տարակարծությունների պատճառով, թեեւ Վաշինգտոնը մեծ ճնշում էր գործադրում նախագահ Սալեհի վրա՝ համոզելով նրան լքել նախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը, ստորագրվելու դեպքում, Սալեհին տալու էր քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիություն, նաեւ՝ իշխանության կառավարելի փոխանցման երաշխիքներ, ինչը ռազմավարական նշանակություն ունի արաբական պետությունում:
Համաձայնագիրը վերջին պահին չստորագրելու պատճառ դարձած տարաձայնությունները ծագել են այն խնդրի շուրջ, թե ընդդիմության առաջնորդներից ով պետք է ստորագրի համաձայնագրի տակ, ինչին էլ ի պատասխան՝ համաձայնագրի նախագիծը մշակած Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների խմբի ղեկավարը լքել է Եմենի մայրաքաղաքը՝ առանց համաձայնագիրը ստորագրելու: Բանակցություններին մոտ կանգնած Reuters-ի աղբյուրն ասել է, թե Սալեհը պնդել է, որ համաձայնագիրը ստորագրի ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Յասսին Նոմանը, մինչդեռ ընդդիմությունը նախընտրել է Մոհամմադ Բասինդվային, որը համարվում է անցումային կառավարության հնարավոր ղեկավար: Ընդդիմությունը համաձայնել է, որ համաձայնագրի տակ առաջին ստորագրությունը դնի Նոմանը, բայց պահանջել է, որ այդ իրավունքը տրվի նաեւ Բասինդվային: Սալեհը հրաժարվել է, եւ փաստաթուղթը չի ստորագրվել: Այսուհանդերձ, Եմենի իշխանությունների ներկայացուցիչն ասել է, թե գործարքի հնարավորություն դեռ կա, բայց պարզ չէ, թե բանակցությունները երբ կվերսկսվեն:
Հիշեցնենք, որ Եմենում ժողովրդական հուզումները սկսվել են մի քանի ամիս առաջ՝ Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության տակ, եւ երկիրը 33 տարի ղեկավարող Սալեհի պաշտոնանկության պահանջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել