Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեմիրելն ընդդեմ Էրդողանի՝ եւ հակառակը

Մայիս 20,2011 00:00

\"\"Թուրքիայում ծավալված նախընտրական արշավը նորանոր սկանդալային դրսեւորումներ է ստանում: Մինչ այս «Ազգայնական շարժում» կուսակցության շուրջ ծագած սեքսուալ սկանդալին փոխարինելու եկավ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի (նկարում) միջեւ սկիզբ առած հեռակա բանավեճը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ամեն ինչ սկիզբ առավ թուրքական պարբերականներից մեկի այն հրապարակումից հետո, որի համաձայն՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավարները առաջիկա ընտրություններում առաջադրվող թեկնածուների ցանկը համաձայնեցնում են Դեմիրելի հետ: Թուրք լրագրողները պնդում էին, թե 1993-2000թթ. Թուրքիան ղեկավարած Դեմիրելը նպատակ ունի հաջորդ գումարման Մեջլիսում կողմնակիցների խումբ ձեւավորել՝ քաղաքական ասպարեզ վերադարձի համար հող նախապատրաստելով:
Շաբաթասկզբին նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ այս լուրերին անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ հայտարարելով. «Ես խորհուրդ կտամ նախկին նախագահին զբաղվել իրեն վերաբերող հարցերով: Ինչո՞վ եք դուք զբաղված, պարոն Դեմիրել. մեկ՝ մի թերթի եք հարցազրույց տալիս, մեկ՝ մյուսին: 87 տարեկան եք, բայց շարունակում եք դավեր նյութել»:
Դիմելով «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուին՝ Էրդողանը բավական կոպիտ կերպով սաստել է նաեւ ընդդիմադիր գործչին. «Սեպտեմբերի 12-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ժողովուրդը ձեզ մի լավ դաս մատուցեց: Այժմ խորհուրդ կտայի ընդդիմադիրներին նստել ուսուցչի՝ Դեմիրելի ոտքերի մոտ եւ սերտել այդ դասը»: Ընդդիմության ներկայացուցիչներն ու անձամբ նախկին նախագահը խստորեն քննադատել են Էրդողանի հայտարարությունները:
Milliyet-ին տված հարցազույցում Սուլեյման Դեմիրելն ասել է. «Նախընտրական արշավի ընթացքում վարչապետ Էրդողանն ինձ հալածանքների է ենթարկում, եւ ազնվորեն խոստովանեմ՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու: Ես այլեւս քաղաքականության մեջ չեմ, իսկ ընդդիմության առաջնորդները իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչ է հարկավոր անել: Ես ինչո՞ւ պետք է նրանց ինչ-որ բան թելադրեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել