Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Մայիս 20,2011 00:00

\"\"Համացանցում հրապարակվել է մի ուղերձ, որը, ինչպես հաղորդում է BBC-ն, ձայնագրվել է Ուսամա բեն Լադենի կողմից՝ նրա մահից առաջ: «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդի ձայնով այդ ձայնագրությունը հայտնվել է իսլամիստների կայքերից մեկում: Իր ուղերձում Ուսամա բեն Լադենը խրախուսանքով է խոսում Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունների մասին եւ հայտարարում է, թե մահմեդականների համար իշխանությունների դեմ դուրս գալու «հազվադեպ պատմական հնարավորություն է ստեղծվել»: Սակայն բեն Լադենը ոչինչ չի ասում Սիրիայում, Լիբիայում եւ Եմենում զանգվածային հուզումների մասին: «Կարծում եմ, եթե Ալլահը կամենա, փոփոխությունների քամին կանցնի մահմեդական ողջ աշխարհով»,- ասում է բեն Լադենը՝ 12 րոպեանոց իր ուղերձում: «Դուք գտնվում եք լուրջ փոփոխությունների շեմին, եւ ձեր առաջ մեծ եւ հազվադեպ հեռանկար է բացվել մահմեդական հասարակություններով ոտքի կանգնել եւ ազատել ինքներդ ձեզ՝ ձեզ համար անցանկալի կառավարիչների կողմից ստրկացված լինելուց, մարդու կողմից հորինված օրենքից ու Արեւմուտքի ազդեցությունից: Ուրեմն՝ ինչի՞ն եք սպասում: Փրկեք ձեզ եւ ձեր երեխաներին, որովհետեւ ձեզ նման հնարավորություն է ընձեռվել»,- հայտարարել է «Ալ-Քաիդայի» առաջնորդը:
Վերլուծաբանները նաեւ ընդգծում են, թե՝ չնայած այն բանին, որ «Ալ-Քաիդան», ինչպես նաեւ արեւմտյան պետությունները, աջակցություն են հայտնել արաբական երկրներում ընդվզումներին, այդուհանդերձ, ահաբեկչական ցանցը նախընտրում էր «արաբական գարնան» այլ արդյունք տեսնել: Արեւմուտքը հույս ունի, որ այդ երկրներում հեղափոխությունները կհանգեցնեն ժողովրդավարական բարեփոխումների, իսկ «Ալ-Քաիդան» կուզենար, որ իշխանության գային նրանք, ովքեր համաձայն են մահմեդական օրենքների իր մեկնաբանությանը:
Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է մայիսի 2-ին, ամերիկյան զորքերի իրականացրած հատուկ գործողության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել