Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄԵԴԻԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Մայիս 20,2011 00:00

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ն կազմակերպել էր «Նոր մեդիա. հաղորդակցության նոր հնարավորություն տարածաշրջանում» թեմայով հարավկովկասյան մեդիա համաժողով, որի ընթացքում լրագրողները, բլոգերները, Հայաստանից եւ արտերկրից հրավիրված ներկայացուցիչները քննարկում էին նոր՝ այլընտրանքային մեդիա ռեսուրսների ներուժն ու ռիսկերը, ներկայացնում առցանց հեռարձակման միջազգային փորձն ու հեռանկարները Հարավային Կովկասում: Համաժողովն ամփոփում էր «Նոր մեդիա դասընթացներ՝ լրագրողական համայնքի համար» ութամսյա ծրագիրը, որի շրջանակում «Նոր մեդիա միջոցներ» թեմայով սեմինարներին մասնակցել են Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի 55 լրագրողներ եւ լրագրության 15 դասախոսներ, անցկացվել են նաեւ վարպետության դասեր:
«Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ի նախագահ Սուրեն Դեհերյանի կարծիքով, նոր մեդիայի հետ կապված խնդիրները շատ են. «Մի բան պարզ է, որ հետագայում բոլորը՝ ոչ միայն լրագրողները, իրենցից ներկայացնելու են լրատվամիջոց եւ դրանք իրար հետ պետք է լինեն ոչ թե մրցակցության մեջ, այլ գտնեն իրենց ճիշտ տեղը ինֆորմացիոն հոսքերի մեջ, որպեսզի հանրությունը կարողանա դրանից ստացած ինֆորմացիան ավելի վստահելի համարի, քան, օրինակ, այն մեծ հոսքերը, որ գալիս են հազար ու մի տեղից եւ չես հասկանում՝ ինչ նպատակով»: Համաժողովի մասնակիցների կարծիքով, այսօր մեր հանրապետությունում հիմնական լրատվության աղբյուրը հեռուստատեսությունն է, որը հաճախ ոչ օբյեկտիվ լրատվություն է տալիս, եւ հասարակությունն ավելի շատ տեղեկանում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել դրսում, քան Հայաստանում: Նրանք գտնում էին, որ նոր մեդիան կլրացնի նաեւ այդ բացը: «Նոր, այլընտրանքային մեդիան արտահայտման լայն հնարավորություն է տալիս, եւ եթե այդ հնարավորությունը լավ կերպով օգտագործվի, տեղեկացնի, մարդիկ կսկսեն վստահել եւ հետեւել այդ լրատվամիջոցին: Մեդիան հասարակության մեջ ինչ-որ բան փոփոխելու մեծ ուժ ունի, բայց եթե քննադատում ես կառավարությանը կամ այլ կառույցի, պետք է տա բազմակողմանի եւ օբյեկտիվ տեղեկատվություն, եթե այդպես անի, կարող է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Փիթեր Յան Լանգենբերգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել