Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ԼԱԿՈՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ»

Մայիս 20,2011 00:00

Բազմամյա փորձ ունեցող դպրոցի տնօրենները վիրավորված են, որ սկսնակների պես քննություն են հանձնում հավաստագիր ստանալու համար:

«Բա արժե՞ր մեր էսքան անհանգստությունը», «Դու ավելի լավ է մտածիր, որ անցել ես, որ հաստատ անցնես», «Ախր էս ամեն ինչը անիմաստ էր, ձեւական բնույթ էր կրում», «Մեզ լակոտի տեղ են դրել». երեկ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի նախասրահում այսպիսի խոսակցությունների կարելի էր ականջալուր լինել: Պատճառն այն էր, որ այստեղ անցկացվում էր դպրոցի տնօրենի մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ հավաստագրի ձեռքբերման համար հանձնվող գրավոր քննությունը: Դրան հիմնականում մասնակցում են, այսպես ասած, կարկառունները՝ բազմամյա մանկավարժական փորձ ունեցող դպրոցի տնօրենները: Նրանց մեծամասնությունը եւ՛ հուզված, եւ՛ ջղայնացած էր, քանի որ մի կողմից սպասումների մեջ էին, որովհետեւ միայն գրավոր փուլի հաղթահարման դեպքում իրենք հնարավորություն կունենային մասնակցել հարցազրույցի փուլին, մյուս կողմից էլ նեղսրտած էին, քանի որ, իրենց ձեւակերպմամբ, «չէին սպասում նման վերաբերմունքի»:
Գրավորի ավարտից հետո տնօրենները սպասում էին, որ իրենց ներս կանչեն՝ գրանցված արդյունքները հայտնելու համար: Սակայն մի քանի անգամ առաջ ու հետ անելուց հետո տնօրենները հնարավորություն ունեցան վերջապես մուտք գործել այն սրահ, որտեղ որոշվելու էր նրանց ճակատագիրը:
Մինչ արդյունքների հայտնումը՝ «Առավոտը» զրուցեց մի քանի հավակնորդների հետ: Կոտայքի մարզի Բուժականի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Պապ Մուրադյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Այս պահի դրությամբ դեռ դժգոհություններ չունեմ: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ կազմակերպված էր ու բավականին խիստ էին»: Իսկ քննության մեկ այլ մասնակից, որը գործող տնօրեն էր, խնդրեց չհրապարակել անունը, քանի որ, իր փոխանցմամբ, առանց այն էլ քաղաքական հայացքների համար հետապնդվում է, մեզ հետ զրույցում վրդովված ասաց. «Ախր 11 տարի աշխատում եմ որպես դպրոցի տնօրեն, եթե սխալ եմ աշխատել, թող դատի տային, բայց ոչ այս կերպ վարվեին: Մյուս կողմից էլ այսպիսի քննությունը ոչինչ չի որոշում, միեւնույն է՝ ամեն մեկն իր աշխատաոճն ունի, ու քննություններն անցնելուց հետո էլ կրկին նույն ոճով է աշխատելու: Ես դեմ էի, որ փորձառու տնօրենները մասնակցեին այս քննություններին. ի վերջո, տարիքի, հոգսերի հետ կապված հազար հարց կա, դա իր ազդեցությունը թողնում է: Մենք աշխատել ենք մութ տարիներին, երեխաներին փողոցից կտրել, դրամական ռեֆորմի ժամանակ ընդամենը 500 դրամ աշխատավարձ ենք ստացել, իսկ հիմա թացը չորի հետ խառնվում է»:
Գրեթե նույն կարծիքին էին նաեւ քննության մյուս մասնակիցները: Օրինակ՝ Երեւանի թիվ 136 դպրոցի տնօրեն Գրետա Թունյանը «Առավոտին» փոխանցեց. «Օբյեկտիվության առումով ոչինչ չունեմ ասելու, բավականին խիստ էր կազմակերպված, ուստի որեւէ միջամտություն լինել չէր կարող: Մյուս կողմից էլ քննություն հանձնողները եւս չէին փնտրում այդպիսի հնարավորություններ: Սակայն այստեղ կա մեկ այլ հարց. բազմամյա մանկավարժական փորձ ունեցող դպրոցի տնօրենները ոչ թե վիրավորված են այս վերաբերմունքից, այլ ուղղակի մի տեսակ հաճելի չէր նման իրավիճակում հայտնվելը»:
Ալավերդու թիվ 8 դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանն էլ նշեց. «Ես Մովսես Խորենացու անվան մեդալակիր-տնօրեն եմ, ու այժմ հայտնվել եմ մի մանկավարժի հետ հավասար պայմաններում, որը չունի մանկավարժական փորձ: Փաստորեն, նման դեպքերում առողջ մրցակցություն ապահովել հնարավոր չէ: Մյուս կողմից էլ ստացվում է, որ այդ մեդալը ոչ մի նշանակություն չունի, քանի որ, եթե ես այսօր չանցնեմ հաջորդ փուլ, ուրեմն կամ նախկինում են սխալվել, կամ՝ հիմա: Այնինչ, իմ ղեկավարած դպրոցի ուսուցչուհիներից մեկը, որ այժմ բնակվում է Սանկտ Պետերբուրգում, խորհրդային տարիներին ստացած կրծքանշանի համար 1000 ռուբլի ավելի թոշակ է ստանում, իսկ մեզանում նույնիսկ «Մովսես Խորենացի» մեդալը դեր չունի: Իհարկե, ես կարծում եմ, որ թեստերում ներգրավված բոլոր այս հարցերի պատասխանները մենք պարտավոր ենք իմանալ, բայց դա կարողություն չէ, քանի որ հնարավոր է մի 25 տարեկան ուսուցիչ այդ ամենը անգիր ասի, բայց մտնի տնօրենի սենյակ եւ խուճապի մատնվի»:
Երեկ «Առավոտը» մասնակցեց նաեւ արդյունքների հայտարարման գործընթացին: Քննության 93 մասնակիցներից «կտրվեց» 16-ը: Նկատենք, որ այդ անձինք հիմնականում ՀՀ մարզերի ներկայացուցիչներ էին: Օրինակ՝ Մարինա Շահինյանը Արարատ քաղաքի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի է: Մեզ հետ զրույցում նշեց. «Մի տեսակ հանկարծակիի եկա, քանի որ ես ստուգել էի ու կարծես թե անհրաժեշտ քանակի միավոր հավաքել էի, բայց փաստորեն պարզվում է՝ ներսում այլ կերպ են հաշվել: Միեւնույն է, ես կրկին մասնակցելու եմ քննությանը»: Բավարար քանակով միավորներ չհավաքած ուսուցչուհի Թագուհի Աթայանը եւս «զենքերը» վայր չի դնելու եւ կրկին է փորձելու: Նշենք նաեւ, որ բավարար միավոր հավաքած մասնակիցների թվում կային այնպիսիք, հատկապես միջին տարիքի տղամարդիկ, որոնք անկեղծ ուրախանում, աշխարհով մեկ էին լինում, կարծես օլիմպիական չեմպիոնի տիտղոս էին ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել