Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Մայիս 20,2011 00:00

\"\"Տիգրան Փոստանջյանը, ով արդեն 88 օր գտնվում է նախնական կալանքի տակ, հայտարարել է հացադուլ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորների նկատմամբ անմարդկային  եւ նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ:

Տիգրան Փոստանջյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական ղեկավարությունը պահել է 39  խցում, որը շուրջ 25 քառակուսի մետր է: Ըստ  Տ. Փոստանջյանի՝ նրա հետ գտնվել են եւս 18 կալանավոր: Քնելու համար իրար վրա ամրակցված երկուական մահճակալները տեղադրված են խցի պատերի ողջ եզրերով, որոնք  ամրակցված են միմյանց: Կալանավորների թիվն ավելի է, քան խցում առկա 11 քնելատեղը, եւ կալանավորները ստիպված են քնել հերթափոխով՝ ընդհանուր օգտագործելով քնելու տեղերը եւ անկողինները: Խցում միաժամանակ գտնվում են ծխող եւ չծխող կալանավորներ: Խցի հեռուստացույցը եւ լույսը միացված են օրը 24 ժամ: Կալանավորները սնվում են կես մետր հեռավորության վրա գտնվող զուգարանի կողքին:
Խցում չկա օդափոխություն, ջերմաստիճանը հասնում է մինչեւ 38 աստիճանի: Տարբեր խայթող միջատների առատության պատճառով Տիգրան Փոստանջյանը ստիպված է քնել հագուստով: 11 կալանավորի համար նախատեսված խցում 19 կալանավորի պահելու  հետեւանքով առկա է մշտական աղմուկ եւ հասկանալի խառնաշփոթ:
ՀՀ մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ ՔԿՀ Հասարակական դիտորդների խումբը  նախկինում բազմիցս նշել եւ հայտարարություն են արել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության խնդրի կապակցությամբ:
Այդպիսի պայմաններում Տիգրան Փոստանջյանին եւ այլ կալանավորներին պահելը ոչ միայն խախտում է ՀՀ օրենսդրությունը, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ Խոշտանգումների արգելում. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված «Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով որոշմամբ, որում նկարագրվում է Տիգրան Փոստանջյանին եւ նրա խցակիցներին պահելու գրեթե համանման իրավիճակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
ՀՀ իշխանություններից պահանջում եւ կոչ ենք անում՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել վերացնելու անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքը Տիգրան Փոստանջյանի եւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորների նկատմամբ:

Քաղաքացիական
հասարակության ինստիտուտ հ/կ
Փաստաբաններ մարդու
իրավունքների համար հ/կ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»
հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հայկական կոմիտե
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Երիտասարդություն հանուն
ժողովրդավարության հ/կ
Քաղաքացիական ազգային
նախաձեռնություն հ/կ
Էկոդար
Իրավաբանները ընդդեմ
խոշտանգումների
Հույս հ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել