Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրեւը՝ «Խաչմերուկում»

Մայիս 20,2011 00:00

Սյունիքի մարզկենտրոն Կապանի «Խաչմերուկ» սրճարանը շատ գեղեցիկ ու հարմար վայրում է եւ կապանցիներն ու քաղաքի հյուրերը սիրում են այցելել հենց այս սրճարան: Բայց քիչ չեն դեպքերը, երբ հաճախորդը այստեղից հեռանում է դժգոհ՝ հատկապես մատուցողների ոչ պատշաճ հագուկապից ու սպասարկման ցածր մակարդակից:
Դրանում համոզվեցինք ինքներս, երբ մեր եւ հարեւան սեղանի հաճախորդների պատվերները մատուցողը հրաժարվեց ընդունել: Մոտ 30 րոպե սպասելուց հետո որոշեցինք մոտենալ եւ ճշտել, թե ինչն է պատճառը: Պարզվեց՝ բնությունը՝ անձրեւը: Մոտ 30 րոպե լռած մատուցողուհին ասաց, որ չի պատրաստվում մեզ սպասարկել, քանի որ անձրեւ է գալիս եւ ինքը թրջվելու ցանկություն չունի: «Կարո՞ղ ա գիտեք՝ ես ձեր պատճառով պիտի ջուր դառնամ, եկեք էս մի կողմին նստեք՝ սպասարկեմ, էդ մի կողմը եկող չեմ, ուզում եք սպասարկեմ, մի զոնտիկ պահեք գլխիս… Եթե չէ, ինչքան ուզում եք նստեք՝ մեկ է, չեմ գալու»,- առանց ներողություն խնդրելու, ներողամտություն հայցելու եւ կռվարար տոնով պատասխանեց մատուցողուհին:
Անձրեւա-անձրեւանոցային իր «մունաթը» մատուցողուհին կրկնեց նաեւ մեզ հարեւան սեղանի մոտ նստած հաճախորդների համար: «Խաչմերուկից» հեռացանք, թողնելով անավարտ պատվեր ու ավարտված պատմություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել