Երբեմնի ջրառատ Սիսիանում ոչ միայն այգիները, այլեւ պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակին կառուցված աղբյուրներն են ցամաքել
Մեկ տարուց ավելի է, ինչ Սիսիան քաղաքի փողոցները քարուքանդ են. «Հայջրմուղկոյուղին» նախորդ տարվա գարնանից մինչ այսօր քաղաքի ջրամատակարարման ցանցը փոխելու համար շարունակում է փողոցներն ավերել: Ցանցը փոփոխելու պատճառով եւ ոռոգման ջրի բացակայության պայմաններում շատ սիսիանցիներ այս տարի հրաժարվել են իրենց այգիները մշակել:
«Հայջրմուղկոյուղու» ջրային ցանցի «բարենորոգումների» արդյունքում ջրազրկված են անգամ հայրենիքի համար արյուն թափած, արցախյան ազատամարտից հետո տուն չվերադարձած սիսիանցի մարտիկների հիշատակին կառուցված հուշաղբյուրները:
Սիսիանում մշակութային օջախները վաճառքի են հանվում: «Առավոտի» 2009 թվականի փետրվարի 13-ի «Հիսնամյա դպրոցի 35-ամյա ծրագիրը» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի օրոք համայնքին պատկանող քաղաքի երաժշտական դպրոցի շենքը սեփականաշնորհվել է ոմն Վարդան Գրիգորյանի: Վերջինս էլ այժմ այդ տարածքը 20 հազար ԱՄՆ դոլարով վաճառքի է հանել:
Սիսիանի միակ բարեկարգ վայրը կենտրոնական հրապարակն է, որտեղ էլ տեղակայված է քաղաքապետարանը: Հրապարակում հավաքված սիսիանցիներն ասում էին, որ իրենց համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը ոչ թե Սիսիան քաղաքի, այլ այս հրապարակի քաղաքապետն է:
Քաղաքի թիվ 2 նախակրթարանի երեխաները մինչեւ վերջերս այսպիսի ճանապարհով էին ամեն օր մանկապարտեզ հաճախում: Այս օրերին փողոցը ասֆալտապատվում է: Ցավոք, քաղաքի բազմաթիվ քանդված փողոցներից միայն այս մեկն է ասֆատլապատվում:
Սա էլ Սիսիանի «Հյուսիսային պողոտան է»: Այն Սյունիքի միակ ձեռքբերումը չէ: Ինչպես սիսիանցիներն են ասում՝ այս մարզում վերջերս 2 ռեկորդ է գրանցվել. մեկը՝ Տաթեւում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, մյուսը Սիսիանում՝ աշխարհի ամենակարճ ասֆալտը: Ի դեպ, վերջին ռեկորդի հեղինակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է՝ Էջմիածնի հարկայինի պետ, ծնունդով սիսիանցի Դավիթ Բեգլարյանը: Նա ասֆալտապատել է միայն հայրական տան մատույցները եւ դիմացի ճանապարհին եզրաքարեր տեղադրել:
«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը անցած տարվա նոյեմբերին «Առավոտին» ասել էր, որ շինարարական աշխատանքները ավարտվելու են դեկտեմբերին (20.11.2010՝ «Սիսիանը դեռ քարուքանդ է»): Արդեն 2011-ի մայիսն է վերջանում, աշխատանքները չեն վերջացել: