ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարությունը վարչական շենք կառուցելու նպատակով 1997թ. պարտավորվել էր Նալբանդյան 130 հասցեի սեփականատերերին բնակարաններ տրամադրել:
Իսկ Երեւանի քաղաքապետի 14 տարի առաջ կայացրած թիվ 1373 որոշմամբ՝ շինարարական աշխատանքները չպիտի սկսվեին մինչեւ չկատարվեին բնակիչների նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Մինչ օրս տեղաբնակ, տարեց, հաշմանդամ Գոհար Գասպարյանի հետ չի կնքվել պայմանագիր, տան առաջարկ չի արվել:
Բնականաբար, եթե պայմանագիր չի եղել, չի եղել ստորագրություն, ժամկետ, պարտավորություն:
Նշյալ նախարարության փոխարեն Կենտրոն թաղապետարանը դատարան է դիմել եւ վտարել են 73-ամյա Գոհար Գասպարյանին իր զբաղեցրած տարածքից, ինչպես նա է ասում՝ այն հիմնավորմամբ, «իբր հրաժարվել եմ Ն. Զարյան փողոցի 15 շենքի 1-ին հարկի 1 սենյականոց բնակարանում վերաբնակվելուց»: Գ. Գասպարյանը, որի խնդրին անդրադարձել ենք դեռ 10 տարի առաջ, ասում է. «Թեեւ դատարանն ինձ վտարել է վճռով, նշված բնակելին վերաբնակեցնելու պայմանով, սակայն գեթ մեկ օր չեմ բնակվել այդ տանը ոչ թե հատուցումից հրաժարվելու, այլ այն օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառներով»:
Իսկ օրենքի պահանջներին չէր համապատասխանում, որովհետեւ Գոհար Գասպարյանին հասանելիք 121.8 քմ ընդհանուր մակերեսի փոխարեն առաջարկվել է 32.8 քմ մակերես, նաեւ մանկապարտեզի 1-ին հարկի ոչ բնակելի տարածք: Պայմանագիր չի կնքվել, վտարումից բացի՝ մարդուն հարկադրաբար ուղարկել են մի տարածք, որը բնակելի չէ եւ համարժեք չէ իրենից պաշտոնապես, բացահայտ ապօրինի խլված տարածքին:
Սահմանադրությունը շարունակ շահարկող պաշտոնյաները հաճախ են սիրում կրկնել, որ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ: Ասացեք, խնդրեմ, Գ. Գասպարյանի նկատմամբ այսպիսի բացահայտ ոտնձգությունը ո՞ր օրենքով է արդարացված:
«73 տարեկան կենսաթոշակառու եմ, 11 տարի անօթեւան եմ մնացել, առանց բնակության վայրի: Ինձնից անկախ պատճառներով զրկվել եմ տարիներով ձեռք բերած եւ ինձ պատկանող գույքից: Դատարանի կայացրած վճռով զրկվել եմ տանս դիմաց համարժեք, իրական, օրենքով հատուցում ստանալու հնարավությունից, իրավունքից: Ինձ վրա ոչ իրավաչափորեն դրվել է պարտականություն՝ առանց պայմանագիր կնքելու իրացնել տունս, հատկացնել ու վերաբնակեցնել ոչ տանս տարածքում, ոչ իմ ունեցած մակերեսով բնակելի տարածություն»,- ասում է Գ. Գասպարյանը: Ներկայումս պատասխանող կարող են լինել ՀՀ ոստիկանությունը, քաղաքապետարանը: Գ. Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի քաղաքապետի, նախկին ՆԳ եւ ԱԱ նախարարության նշյալ որոշումները: Գասպարյանը խնդրել էր դատարանին՝ հաշվի առնել իր տարիքը, խնամող չունենալը, չաշխատելը, գույքային անբավարար դրությունը, մշտական բնակավայր չունենալը՝ եւ պետական տուրք չգանձել: