Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՃՌԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Մայիս 20,2011 00:00

\"\"Թույլատրեց ընդամենն ապրել

Ավան եւ Նոր Նորք վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմինե Բադիրյանի նախագահությամբ, 3 օր առաջ ավարտվեց ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի Վերա Շչուկինայի հայցի քննությունն՝ ընդդեմ Հայաստան Շահնազարյանի, Նոր Նորքի նոտար Գայանե Ենգիբարյանի, «Անելիքբանկի» եւ ֆինանսների նախարարության՝ անշարժ գույքի առուվաճառքի, հիփոթեքի, բանկային հաշիվների բացման, վարման պայմանագրերն անվավեր ճանաչելու մասին պահանջով: Այս գործով կար նաեւ հակընդդեմ հայց. Հայաստան Շահնազարյանն էլ պահանջում էր Վերա Շչուկինային վտարել բնակարանից:
Հիշեցնենք, որ վեճը մի անգամ արդեն լսվել էր նույն այս դատարանում՝ նախագահ Սամվել Ուզունյանի նախագահությամբ: Հետո այն վերաքննիչ դատարանով էր «անցել», ապա կրկին հայտնվել Ավան եւ Նոր Նորք վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնեմ գործի նախապատմությունը. Վերա Շչուկինան ծանր հիվանդ էր. կասկածում էին ուռուցք: Նա չուներ որեւէ մեկն այս աշխարհում: Բժիշկներն էլ հույս չէին տալիս: Վերան դիմում է իր հարեւանուհուն, ասելով, որ եթե իր հետ որեւէ բան պատահի, ապա Նորքի 9-րդ զանգվածում գտնվող իր մեկ սենյականոց բնակարանը տնօրինի: Մինչ հիվանդանոց գնալը, նրան գումար էր պետք: Եվ հարեւանուհու հետ գնում են նոտար, բանկ, նա չտիրապետելով հայերենին՝ ստորագրում է…
Վերան չի մահանում: Վերադառնում է տուն եւ տեսնում, որ բնակարանը ձեւափոխված է, շինարարական աշխատանքներ են կատարվել;
Ավելին, հետագայում իմանում է, որ ինքը ապրում է Հայաստանի բնակարանում եւ ոչ թե իր, ուր 1994թ.-ից ապրել էր մինչ հիվանդանոց գնալը:
Դատավոր Արմինե Բադիրյանը նախորդ դատական նիստը հետաձգել էր, քանի որ անհնար է եղել այն շարունակել. կողմերը վիճել էին միմյանց հետ: Բնականաբար, 3 օր առաջ տեղի ունեցած դատական նիստից առաջ նրանք զգուշացվեցին, դատավորն ասաց, որ կկիրառվեն անգամ սանկցիաներ՝ նախազգուշացում, դատական նիստերի դահլիճից հեռացում, տուգանք եւ պատասխանատվության ենթարկելու մասով միջնորդություն գլխավոր դատախազին եւ Փաստաբանների պալատին:
Ըստ Վ. Շչուկինայի ներկայացուցիչ Խաչիկ Մարոզյանի, իր վստահորդը բուժում է անցել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Նրա վիճակը եղել է անհուսալի: Իր վստահորդը հայտարարել է հարեւանների մոտ, որ ով իրեն խնամի՝ նրան էլ բնակարանը կկտակի: Հայաստան Շահնազարյանը սկսել է այցելել Վերային, իսկ Վերան էլ կտակել է բնակարանը Հայաստանի աղջկա՝ Լուսինեի անվամբ: Վերան կրկին վիրահատվել է. այս անգամ ոտքերը (այդ կապակցությամբ Հայաստան Շահնազարյանի ներկայացուցիչ Արմեն Սողոմոնյանը հեգնեց, թե ոտքերի վիրահատությունը կապ ունի՞ արդյոք մտավորի հետ- Ռ. Մ.):
Հ. Շահնազարյանը խոստացել է վիրահատության համար օգնել Վերային գումարով, հայտնելով, թե այդ գումարը կարելի է ձեռք բերել բանկից՝ բնակարանը գրավ դնելու միջոցով:
Վերան այդ ժամանակ ոչինչ չի պատասխանում եւ, ըստ Մարոզյանի, 2 ամիս հետո Հայաստան Շահնազարյանը զանգում է նրան՝ հայտնելով, որ բանկից գումար վերցնելը կապված է ժամկետների հետ: Հայաստանի տղայի մեքենայով գնում են նոտարի մոտ, ապա՝ բանկ:
Խաչիկ Մարոզյանի գնահատմամբ, Վ. Շչուկինան գտնվել է «Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ» եւ կնքել է գործարք: Վ. Շչուկինայի անունով գումար է հանվում, որից տեղյակ չի եղել նա:
Բացի կտակից, հետագայում պարզվում է, որ Վերան ստորագրել է տան առուվաճառքի պայմանագրի տակ, առանց ստորագրության «կնքել է պարտավորություն», համաձայն որի, մինչ իր մահը՝ ցմահ կարող է ապրել «Հայաստան Շահնազարյանի բնակարանում»:
Շահնազարյանի ներկայացուցիչ Արմեն Սողոմոնյանը պնդեց, որ Վերա Շչուկինան տիրապետում է հայերենին, եւ «պատճառաբանությունը, թե եղել է հիվանդ՝ լիրիկական շեղումներ են»:
Որքան էլ Խաչիկ Մարոզյանը փորձեց բացատրել, որ կենցաղային հայերենն այլ բան է, իրավաբանական տերմիններով լի հայերենը՝ այլ, մահվան գնացող մարդու վիճակը՝ այլ, միեւնույն է՝ չընդունվեց: Չընդունվեց նաեւ այն, որ Վերան չի հասկացել, թե ինչ փաստաթղթերի տակ է ստորագրել: Հայաստան Շահնազարյանի ներկայացուցչի դիրքորոշումն այն էր, որ Շահնազարյանից բացի, որեւէ մեկը չունի բնակարանի տնօրինման, օգտագործման իրավունք: Հակընդդեմ հայց բերած Հայաստան Շահնազարյանը գտել էր, որ Վերա Շչուկինան «անհիմն, առանց որեւէ իրավաբանական հիմքի բնակվում է իր բնակարանում»:
Դատարանը վտարման մասով մերժեց Հայաստան Շահնազարյանի հայցապահանջը, սակայն Վ. Շչուկինային թողեց «անհատույց, ցմահ ապրելու իր նախկին տանը»: Դրանով իսկ նույն դատարանի դատավորը հակառակ գնաց իր դատարանի նախագահի կայացրած վճռին: Ստացվեց, որ Ավան եւ Նոր Նորքի դատարանում նույն վեճի հետ կապված կան երկու իրարամերժ վճիռներ:
Խաչիկ Մարոզյանը երեկ մեզ հայտնեց, որ դիմելու է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել