Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՈՒ ՉԵ՞Ն ԳՏԵԼ

Մայիս 20,2011 00:00

\"\"Երեկ Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը հրաժարական է տվել: Ըստ որոշ լուրերի, Մ. Հասրաթյանը եւ հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ընդհանուր լեզու չէին գտնում ներկայումս մայրաքաղաքում իրականացվող մի շարք քաղաքաշինական նախագծերի շուրջ, որոնց հեղինակը Ն. Սարգսյանն է:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, մեկնաբանելով Մ. Հասրաթյանի հրաժարականի մասին լուրերը, երեկ «Մեդիամաքսին» հայտնել է, որ Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառը նրա «սկզբունքային մարդ» լինելն է. «Ես ճանաչում եմ Միքայել Հասրաթյանին, նա սկզբունքային մարդ է: Կարծում եմ, որ հրաժարականը կապված է այն հանգամանքի հետ, որ շատ կարեւոր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել»:
Երեկ Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե որո՞նք են Հասրաթյանի հրաժարականի պատճառները, որին ի պատասխան տեղեկացրին. «Պարոն Հասրաթյանն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այս ամիսների ընթացքում, որ համատեղ աշխատել են Հասրաթյանի հետ, շատ դրական է գնահատում նրան»:
Իսկ այն լուրերը, որ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու Նարեկ Սարգսյանը, քաղաքապետարանից վստահեցրին. «Նոր նշանակման մասին կարգադրության դեպքում լրատվամիջոցները կտեղեկացվեն»:
Թե որքանով են իրականությանը համապատասխանում Նարեկ Սարգսյան-Միքայել Հասրաթյան տարաձայնության մասին շրջանառվող լուրերը, «Առավոտի» հետ զրույցում Ն. Սարգսյանի օգնականը պատասխանեց. «Միքայել Հասրաթյանի աշխատանքից հեռանալու դրդապատճառների մասին տեղյակ չենք: Ամեն դեպքում ափսոսանք ենք արտահայտում Հասրաթյանի հեռանալու կապակցությամբ: Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանին Երեւանի քաղաքապետ նշանակելուն, այդ հարցը քննարկման փուլում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել