Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխում են, հայհոյում ու վտանգի ենթարկում

Մայիս 20,2011 00:00

Հասարակական տրանսպորտի պատճառած անհարմարություններն անթիվ են

Այս օրերին Երեւանի քաղաքային իշխանությունները գործնական քայլեր են ձեռնարկում՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում բարեփոխումներ անելու նպատակով: Նշենք, որ արդեն տասնյակ տարիներ շարքային քաղաքացիները գրեթե ամեն օր իրենց մաշկի վրա զգում են երթուղային միկրոավտոբուսների պատճառած անհարմարությունները, սակայն տարիներով ոչինչ չի փոխվում, քանի որ երթուղագծերի տերերը, որոնք հիմնականում պաշտոնյաներ են եւ մեծահարուստներ, աշխատում են առանց որեւէ լուրջ ներդրումների հնարավորինս շատ եկամուտներ ստանալ իրենց այդ բիզնեսից: Ընդամենը վերջերս Երեւանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ 1 օր օգտվեցին հասարակական տրանսպորտից՝ քաղաքացիների կրած անհարմարությունները լիարժեք պատկերացնելու եւ տրանսպորտային գույքին առավել մոտիկից ծանոթանալու նպատակով: Սակայն այդ 1 օրը բավականին քիչ էր հասարակական տրանսպորտի ողջ «հաճույքը վայելելու» համար: Մայրաքաղաքի մի շարք երթուղագծերի միկրոավտոբուսների (թիվ 123, 22, 22 Ա, 81, 46, 88, 27, 82, 2, 39, 96, 76, 75 եւ այլն) վարորդները, բացի այն, որ ընթացքի ժամանակ ծխում են, հայհոյում, բարձր երաժշտություն միացնում եւ ուղեւորների վրա «մուննաթ» գալիս, երթեւեկում են գերբեռնված՝ ամեն վայրկյան վտանգելով ուղեւորների կյանքը: Որեւէ վարորդ չի հետեւում սեփական մեքենայի մեջ փակցված ցուցումին, այն է՝ երթուղային տաքսին նախատեսված է 13 ուղեւորի համար: Երբեմն ուղեւորների թիվը նույնիսկ եռապատկվում է: Վարորդներին բացարձակ չի հետաքրքրում, թե ուղեւորն ինչ անհարմարություններ է կրում: Անսպասելի արգելակելու ժամանակ էլ մարդիկ հայտնվում են իրար գրկում: Էլ չենք ասում, որ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ մասնագիտացել են ձողերի հետ վարվելու գործում. ողջ ճանապարհը նրանք ստիպված են լինում ձողը գրկած՝ գիշերային ակումբների պարային շարժումներ անել: Մինչդեռ ՀՀ վարչական օրենսգրքի 124 հոդվածը սահմանում է, որ կտուգանվեն բոլոր այն վարորդները, որոնք կխախտեն օրենքը. «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:
ՀՀ ոստիկանության տվյալներով, 2009թ.-ին տուգանվել է 40 վարորդ, 2010-ին՝ 14, իսկ 2011թ. առաջին 4 ամիսներին՝ ընդամենը 1 վարորդ:
Ուղեւորների շրջանում անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ քաղաքացիները գերադասում են երթեւեկել ավտոբուսներով, որոնց ներքին հարդարումը անհամեմատ բարվոք է եւ կանգնելիս էլ մարդիկ անհարմարություն քիչ են կրում: Սակայն կային ուղեւորներ, որոնք մեզ հետ զրույցում նախընտրությունը տալիս էին միկրոավտոբուսներին:
Ի պատասխան մեր հարցին, թե այս տարվա ընթացքում կլինե՞ն երթեւեկության ցանցի փոփոխություններ, ինչպես, օրինակ, ավտոբուսների, մետրոյի նոր կայարանների ավելացում, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից հայտնեցին. «Ներկայումս մշակման փուլում է գտնվում մայրաքաղաքի վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի միասնական երթուղային նոր ցանցը, որի ներդրման արդյունքում զգալիորեն կկրճատվի միկրոավտոբուսների քանակը, որոնց կփոխարինեն ներքաղաքային երթուղիները սպասարկելու համար նախատեսված քաղաքային մոդիֆիկացիայի ավտոբուսներ: Ընթացիկ տարում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մետրոպոլիտենի նոր կայարանների շինարարություն չի իրականացվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել