Որ կանանց նկատմամբ բռնությունը հանցագործություն է
Այս օրերին Հայաստանում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Թեա Ֆիրենսը, որը մեր երկրում անցկացրած 3 օրերի ընթացքում արդեն հասցրել է համտեսել հայկական համեղ ճաշատեսակները, կոնյակը, սիրել է հայկական տուֆն ու հիացել Խոր Վիրապի խորհրդավորությամբ: Բայց տուֆից, տոլմայից ու հայկական հրաշք քանդակներից ստացած տպավորությունով նրան չես խաբի: Տիկին Ֆիրենսը շատ լավ տեղեկացված էր, թե իրականում ինչ խնդիրներ ունի մեր երկիրը, որ ծնելիությունը ցածր է, մանկական մահացությունը՝ բարձր, որ բնակչությունը ծերացման վտանգի տակ է, երիտասարդների մեծ մասը դարձել է «խոպանչի»:
«Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում այդ ամենի մասին Թեա Ֆիրենսը ներկայացրեց իր գնահատականները: Նշենք, որ տիկին Ֆիրենսի ղեկավարած գրասենյակը համակարգում է նաեւ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ եւս 16 երկրի ՄԱԲՀ գրասենյակների աշխատանքը:
ՄԱԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունները խիստ անհանգստացնող են, մեր տղամարդիկ հաճախ են դիմում բռունցքների օգնությանը, նաեւ հոգեբանական, սոցիալական բռնություն կիրառում, ուստի մեր հարցին՝ հարեւան երկրների համեմատությամբ՝ որտե՞ղ են բռնություններն ավելի շատ, տիկին Ֆիրենսը պատասխանեց. «Օ՜, քաղաքական հարց եք տալիս, ես չեմ կարող ասել, կոնկրետ ցուցանիշներ չեմ նշի, միայն կասեմ, որ Կովկասում, նաեւ Հայաստանում իսկապես վախենալու չափ բարձր է կանանց նկատմամբ բռնության ցուցանիշը»: Տիկին Ֆիրենսը բռնության ենթարկված հայ կանանց խորհուրդ էր տալիս ոչ թե լռել, այլ պայքարել ու դիմել ոստիկանություն: Մեր հարցին՝ իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ մեր երկրում՝ Հանրապետության հրապարակում, հենց ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառում կին պատգամավորների նկատմամբ, նա պատասխանեց. «Ցանկացած բռնություն կնոջ նկատմամբ հանցագործություն է, եւ ժամանակն է, որ ձեր կառավարությունը հասկանա դա: Մենք շատ երկրներում ոստիկանների հետ դասընթացներ ենք անում, թե ինչպես պետք է վերաբերվեն բռնության ենթարկված կնոջ հետ, որ կնոջը ծեծող ամուսնուն հանցագործի պես ընդունեն, ոչ թե ծիծաղեն նրա վրա ու ճանապարհեն»:
ՄԱԿ-ը միշտ քարոզել է գենդերային հավասարություն ու մեր երկրում մի շարք ծրագրեր իրականացրել այդ ուղղությամբ: Բայց այսօր էլ հայ կանանց հիմնականում հավաքարարի, աման լվացողի հաստիք են վստահում, իսկ քաղաքական «յուղոտ» պաշտոնները թողնում տղամարդկանց, ուստի մենք հետաքրքրվեցինք, թե ՄԱԿ-ի ծրագրերը ի՞նչ են տվել մեր երկրին: Տիկին Ֆիրենսի խոսքերով՝ «Ընդունված է, որ երկու սեռերի ներգրավվածությունը հասարակական-քաղաքական կյանքում լինի 50:50, բայց ամբողջ աշխարհում չկա այդպիսի երկիր: Շատ երկրներ այդ հարցում բավականին առաջ են գնացել, իրենց փորձը հիմա ուզում ենք կիրառել Հայաստանում: Կարեւորը՝ օրենսդրական դաշտը կա, բայց դա բավարար չէ: Ձեր երկրի մշակույթն այնպիսին է, որ տղամարդիկ ունեն գերակա դեր, կանայք՝ երկրորդական, առաջին քայլը, որ պիտի կառավարությունն ընդունի, այն է, որ կանայք եւ տղամարդիկ հավասար են, երկրորդ քայլը՝ որ դա ընդունվի նաեւ ընտանիքում, կինը պետք է կարողանա ձեռքը սեղանին խփել ու տղամարդուն հիշեցնել, որ ինքն իրավունք ունի աշխատելու, կրթվելու, որ ինքը միայն խոհանոցի համար չէ: Գիտականորեն ապացուցված է, որ երբ կանանց ներգրավում ես տնտեսության մեջ, արդյունքում հասարակությունը շահում է: Ես մի դեպք հիշեցի Միացյալ Նահանգների պատմությունից: Երթուղայինում մի սեւամորթ կին՝ Ռոզա Փարկերը, հրաժարվեց իր տեղը զիջել սպիտակամորթի, այն ժամանակ ռասայական խտրականություն կար, իսկ Փարկերը պնդեց, որ ինքն իրավունքներ ունի ու իր արարքով ոգեւորեց շատ կանանց: Հիմա Հայաստանում էլ նման կանանց կարիք կա, որոնք շարժում կստեղծեն ու իրենց հետեւից կտանեն մյուս կանանց»:
Մեր բնակչությունը ծերացման վտանգի տակ է, իսկ ծերացումը կառավարության համար լուրջ խնդիր է հենց միայն կենսաթոշակով նրանց ապահովելու առումով: Հարցին՝ ո՞րն է մեր կառավարության բացթողումը՝ Թ. Ֆիրենսը պատասխանեց. «Ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրներում մենք ունենք 3 հիմնական խնդիր՝ ցածր ծնելիություն, ծերացում եւ միգրացիա: Ձեր կառավարությունը պետք է նախեւառաջ աշխատատեղեր ստեղծի, որ երիտասարդները չլքեն երկիրը, որովհետեւ աշխատող ուժը փոքրանում է ու հարց է առաջանում, թե ո՞վ պետք է պահի ծերերին: Նոր անցկացվող մարդահամարի տվյալների հիման վրա արդեն ավելի հստակ քաղաքականություն կմշակվի՝ այդ խնդիրների լուծման համար»:
Թեա Ֆիրենսի մյուս դիտարկումները կներկայացնենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում: