Երեկ ցերեկը ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված: Երեւանի Կենտրոն ոստիկանության հերթապահ մաս է զանգահարել անհայտ քաղաքացի եւ տեղեկացրել այդ մասին: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները եւ պաշտպանության նախարարության սակրավորները, իրականացվել է մարդկանց տարհանում: Ժամը 19-ին ավարտվել են որոնողական աշխատանքները: Ռումբ չի հայտնաբերվել, օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: