Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մայիսի 18-ին, ժամը 9.00-ին, անակնկալ կերպով այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ մայիսի 3-ին բժիշկները սխալմամբ 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն փորձել էին վիրահատել 4-ամյա Նարեկ Դարբինյանին: Ըստ news.am-ի հավաստի աղբյուրների՝ հիվանդանոցում բոլորն անակնկալի են եկել: Նախարարը հատկապես դժգոհ է եղել բ/կ-ի ընդունարանի վիճակից, քանի որ այն բավականին անմխիթար էր, շրջել է նաեւ բոլոր հարկերով եւ բաժիններով: Քուշկյանը հանձնարարել է վերանորոգել ընդունարանը, կարգի բերել հիվանդանոցը եւ խոստացել է 2 շաբաթից այցելել եւ ստուգել: Անակնկալ այցելության ժամանակ առողջապահության նախարարը զրուցել է նաեւ ծնողների հետ:
Ի դեպ, նշենք, որ մայիսի 3-ին տեղի ունեցած այդ աննախադեպ դեպքից հետո առողջապահության նախարարի խորհրդական Վահան Պողոսյանը ամեն օր այցելում է բժշկական կենտրոն՝ ստուգումներ եւ վերահսկողություն անցկացնում:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Քուշկյանը հանձնարարել է արձանագրել բոլոր խախտումները եւ ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: Նախարարի այցից հետո բժշկական կենտրոն են այցելել նաեւ տարբեր մասնագետներ, ովքեր ուսումնասիրել են հիվանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը: