Արտասահմանյան դրամաշնորհների ու վարկերի ծրագրերի գծով Հայաստանը 2010-ին ստացել է 4,9 մլրդ դրամ, ինչը կազմում է նախատեսված միջոցների 51 տոկոսը: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ ԱԺ-ում ներկայացնելով 2010 թվականի պետական բյուջեի կատարողականը, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այս փաստը բացատրել է նրանով, որ արտասահմանյան վարկերի հաշվին ֆինանսավորվող շատ ծրագրեր հետաձգվել են: Եվս 3,5 մլրդ դրամ Հայաստանն ստացել է ոչ ծրագրային արտաքին դրամաշնորհներից: Այս տարի Եվրամիությունը մտադիր է մեծացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այսպես, ենթակառուցվածքների կատարելագործման համար ԵՄ-ն նախատեսում է տրամադրել 45-50 մլն եվրո, առեւտրի ոլորտի բարեփոխումներին՝ 30 մլն եվրո, սոցիալական ծրագրերին՝ 50 մլն եվրո: ԵՄ-ն մտադիր է նաեւ մակրոֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին 100 մլն եվրոյի չափով, որից 65 մլն-ը վարկ կլինի, 35 մլն-ը՝ դրամաշնորհ: