Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատոռը» խփե՞լ է

Մայիս 20,2011 00:00

Տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանը ետ է մնում տնտեսության հետճգնաժամային վերականգնման իր տեմպերով: Այս մասին, ըստ «Արմինֆոյի», երեկ՝ Հայաստանի տնտեսության վրա գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը թեմայով իր դասախոսության ժամանակ հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան:
«Հայաստանն այնքան էլ հաջողությամբ չի վերականգնվում ճգնաժամից հետո եւ Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մյուս երկրների համեմատ դանդաղ է զարգանում»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը: Հայաստանի տնտեսությունը նման է վատ շարժիչով մեքենայի, նշել է Տոլոսան: Նրա խոսքերով, մեքենայի անիվներն ու մնացած շարժական հանգույցները կարգին վիճակում են, սակայն շարժիչը, միանշանակ է, պետք է փոխարինվի նորով: Նա հավելել է, որ հին շարժիչը վերանորոգելու փորձերը հաջողություն չունեցան: Հիմնական ռիսկերի թվում Տոլոսան նշել է գների աճի զսպումը եւ արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացումը: Նրա խոսքերով, 2010-ի հուլիսից մինչեւ 2011-ի փետրվարը Հայաստանում պարենային ապրանքների գները միջին հաշվով աճել են 30%-ով, ինչը աննախադեպ աճ է: Կտրուկ աճել են սոյայի, բրնձի, հացահատիկի եւ մյուս պարենային ապրանքների գները: Փետրվարին գները կայունացան, իսկ մայիսից նույնիսկ սկսեցին իջնել: Արտաքին ազդեցությունների ներքո ինտենսիվորեն աճում են նաեւ նավթամթերքների գները, հավելել է նա: Մասնագետը գտնում է, որ այստեղ պահպանվում են հետագա աճի ռիսկերը, քանի որ նավթի համաշխարհային պահանջարկը դեռեւս գերազանցում է առաջարկը:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, ԱՄՀ-ն լավատեսորեն է տրամադրված, եւ նրա կանխատեսումներով՝ 2011 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 4.5%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել