Ըստ Էդվարդ Հովհաննիսյանի, ոստիկանները հիմնականում չապացուցված խախտումներ են արձանագրում
«Ճանապարհային ոստիկանները շատ դեպքերում երթեւեկության կանոններից անտեղյակ են ու վարորդներին վերագրում են ցանկացած խախտում, որը ապացուցված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է վարորդների իրավունքների պաշտպան, «Աքիլլես» հ/կ-ի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նրան զայրացնում է, որ երթեւեկությունը վերահսկող ու վարորդների խախտումները արձանագրող ճանապարհային տեսուչները հիմնականում հենց իրենք են աշխատում օրինախախտումներով: Ըստ մեր զրուցակցի, մատների վրա հաշված ճանապարհային ոստիկաններ են ծառայողական շրջայցի դուրս գալիս մեքենայում փակցված տեսախցիկը միացրած՝ չնայած որ վարորդ-ոստիկան կոնֆլիկտը նվազեցնելու նպատակով դեռ 4 տարի առաջ է «Տեսանկարահանող, լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների վերաբերյալ» ՀՀ օրենքն ընդունվել: «Ինչո՞ւ վարորդին ցույց չեն տալիս իր խախտումը, ինչո՞ւ չեն բերում տեսաձայնագրությունը դատարան: Թաքցնելու բա՞ն ունեն: Եթե տեսախցիկը չի ֆիքսել, այդպես էլ թող ասեն, թե չէ՝ ամեն անգամ ճանապարհային տեսուչը մի բան հորինում է՝ տեսախցիկն այլ կողմ էր նայում, տեսաձայնագրությունը արգելված է ցույց տալ, կամ էլ ասում են, թե տեսաձայնագրությունը ոչ թե քաղաքացու, այլ ոստիկանի համար է: Բայց օրենքն ինչո՞ւ է ընդունվել, եթե չի պաշտպանելու վարորդի իրավունքը»,- զարմանում է պարոն Հովհաննիսյանը:
Ըստ նրա. «Ստացվում է այնպես, որ վարորդը նույնիսկ խախտում էլ չի արել, պարզապես տեսուչները, չիմանալով երթեւեկության կանոնները, իրենց «սեւ» գործն են անում՝ անհիմն խախտումներ վերագրելով: Ճանապարհային ոստիկանությունն էլ իր համար բարենպաստ մեկնաբանություններ է անում»: Վարորդները ամենից շատ պաշտպանին դիմում են խախտման հետ անհամաձայն լինելու դեպքում. «Շատ դեպքերում վարորդը չի համաձայնում իրավախախտման հետ եւ ցանկանում է իր անհամաձայնությունը գրել, բայց տեսուչները ուղղակի չեն թույլատրում այդ գրառումը կատարել, վերցնում են վարորդական վկայականը ու դեպքի վայրից հեռանում: Սա անթույլատրելի է»:
Պարոն Հովհաննիսյանը համոզված է, որ վարորդ-ոստիկան կոնֆլիկտի հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ վարորդները. «Կան վարորդներ, որոնք երթեւեկության տարրական գիտելիք չունեն: Իսկ հիմնականում իրենց իրավունքներից ու պարտավորություններից են անտեղյակ: Երեւանում իրազեկվածության մակարդակը էլի կարելի է վերապահումով բավարար գնահատել, բայց մարզերում զրոյի է հասնում»: Դատական ատյաններում վարորդների իրավունքները պաշտպանելու գործընթացը «Աքիլլես» հ/կ-ից տարիներ է պահանջում. «Գործ ունենք, որ ավելի քան երկու տարի է՝ դեռ նախնական փուլում է գտնվում: Մեկուկես տարի էլ մի ուրիշ դատ ենք պաշտպանում՝ հասարակ 3000 դրամանոց տուգանքի վերաբերյալ, ու 7 անգամ գնացել ենք դատարան, հետ ենք եկել: Վարորդը խախտում չէր արել, բայց վարչական սխալ ակտ էր կազմվել: Բոլոր գործերն էլ դատարանում շատ դանդաղ են ընթանում: Դատարանում հաշվի չեն առնում, որ օրենքով վարչական ակտը պետք է ի կատար ածվի մեկ տարվա ընթացքում: Բայց ամենից շատ ինձ զարմացնում են դատարանների անտրամաբանական վճիռները, որոնց իմաստն այդպես էլ չենք հասկանում»:
Պարոն Հովհաննիսյանը որպես մասնավոր օրինակ նշեց մի դեպք, երբ փողոցի բարեկարգման ժամանակ առաջացած փոսը շրջանցելու համար փակցվել էր ուղղորդող նշան, որը տանում էր դեպի հոծ գիծ. «Վարորդը այլ ուղղություն չուներ ու պետք է կատարեր նշանի պահանջը, ինչի համար էլ տուգանվեց: Դատարանում ներկայացրել էինք թե՛ փոսի, թե՛ նշանի լուսանկարները՝ որպես ապացույց: Դատարանն այդ ապացույցն ընդունեց, բայց վճռի մեջ այդ փոսը չգտավ»: