Այսպիսինն է, ըստ Եվրախորհրդարանի նախագահի, ՀՀ նախագահի անցած տարվա դեկտեմբերի ելույթը
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հնչեցնելով Եվրամիության կարծիքը՝ ասաց, որ «Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիրներ գործիչների ազատ արձակումը շատ լավ սկիզբ է ընդդիմության եւ իշխանությունների հաշտեցման համար, որը կարող է ավելի խորանալ եւ ամրապնդվել ապագայում»:
«Կարծում եմ, շատ խոստումնալից էր Հայաստանի նախագահի ելույթը անցած տարվա դեկտեմբերին, որում նա խոստացավ օրենքի գերակայությանն ուղղված խորը բարեփոխումներ իրականացնել երկրում: Սա հաշտեցման շատ լավ սկիզբ է: Ես նաեւ հանդիպել եմ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի առաջնորդների հետ,- նշեց Բուզեկը՝ շարունակելով:- Իհարկե, մենք չգիտենք՝ ապագայում ինչ տեսք կստանան խոստումները եւ որքանով կիրականացվեն: Սակայն ինքնին բավական հուսադրող են այդ խոստումները: Մեզ մնում է միայն սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը»:
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը անցած շաբաթ հայտարարել է, թե չի բացառում, որ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի գործով հետաքննության շրջանակում հարցաքննության կանչվեն Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Այս կապակցությամբ Եվրախորհրդարանի նախագահը ասաց, թե չէր ցանկանա խոսել այն մասին, թե արդյոք պե՞տք է հարցաքննվի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ դա «բացառապես Հայաստանի ներքին գործն է եւ դատախազության որոշելիքը»:
Հարցին, թե ինչ է հարկավոր ձեռնարկել ապագայում մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու համար, Բուզեկը արձագանքեց, որ առաջին հերթին պետք է ապահովվի օրենքի գերակայությունը, իրականացվի մարդկանց ազատ արտահայտվելու, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքը, մամուլը լինի իրապես ազատ, լրամշակված «Ընտրական օրենսգրքում» նշված կետերը չմնան թղթի վրա:
«Մենք նաեւ մտադիր ենք ԵԱՀԿ-ի հովանու ներքո Եվրախորհրդարանի դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին հետեւելու: Այս առաջարկը ընդունվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի կողմից»,- հավելեց Բուզեկը:
Եվրախորհրդարանի նախագահի խոսքով՝ ցանկացած երկրի առաջընթացը պայմանավորված է «ազատ եւ արդար ընտրությունների եւ մարդու իրավունքների հարգման վրա հիմնված ժողովրդավարության, կայունության եւ բարգավաճման համադրությամբ»: