Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱԿՆՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄ»

Մայիս 20,2011 00:00

\"\"Այսպիսին է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի:

Միջազգային տարբեր կառույցների կողմից վերջին շրջանում հնչող մեկնաբանությունները Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վերաբերալ հիմք են տալիս ենթադրություններ անելու, որ հարցի հանդեպ կրկին ակտիվ ուշադրություն կա, եւ չի բացառվում, որ առաջիկայում որոշ կոնկրետություններ կնկատվեն: Մասնավորապես, օրերս ելույթ ունենալով Սենատում՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է. «Եվրոպական Միության եւ միջազգային այլ գործընկերների հետ համատեղ ջանքերը տարածաշրջանում առաջընթաց են ապահովել, սակայն տարածքային վեճերն ու հետագա կառուցողական քաղաքական ու տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունն ավելի մեծ կայունության լուրջ խոչընդոտ են: Վրաստան. մեր հաստատուն ներգրավվածությունն ու լայնածավալ օժանդակությունն օգնում են Վրաստանի փոխակերպմանը՝ ժողովրդավարության ձգտման ու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից դառնալու առումով: Եվրոպացի գործընկերների հետ համատեղ մենք կպահպանենք մեր աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը եւ այսուհետ եւս կաջակցենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի վեճերի խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին: Տարածաշրջանի այլ հատվածներ. մենք կշարունակենք պնդել ժողովրդավարական բարեփոխումների ու բաց քաղաքական տարածության անհրաժեշտությունը, որպեսզի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամբողջ ծավալով իրացվեն, որպեսզի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, ինչպես նաեւ կմեծացնենք Մինսկի խմբի միջոցով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ մեր փոխգործակցությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում աջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին: Այս կապակցությամբ մենք կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի ավարտվեն եւ ընդունվեն կարգավորման հիմնարար սկզբունքները եւ անցում կատարվի խաղաղության համաձայնագրի մշակմանը: Մենք համարում ենք, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պետք է համատեղ աշխատեն, որպեսզի խուսափեն Եվրոպայում հետագա հակամարտություններից եւ ժողովրդավարության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհին օժանդակություն ցուցաբերեն տարածաշրջանի երկրներին»:
Թե ինչու են սկսել կրկին շտապել միջազգայինները, կարելի է միայն կռահել, մասնավորապես, Եվրախորհրդանի նախագահ Եժի Բուզեկի երեւանյան այն հայտարարությունից, թե Հայաստանը իրենց համար կարեւոր գործընկեր է:
Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը իր հերթին («Էխո Մոսկվի»-ի հարցազրույցում) հայտարարեց, թե. «Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում որեւէ առաջընթաց չկա: Եթե համեմատելու լինենք Վրաստանի հետ, ապա կարող ենք ասել, որ այնտեղ իրավիճակը եւս բարվոք չէ, սակայն կայուն է, եւ մեծ ցնցումների ակնկալիք չկա: Փոխարենը, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը մեզ լրջորեն մտահոգում է: Բանն այն է, որ այստեղ գրեթե ամեն շաբաթ միջադեպեր են տեղի ունենում, եւ շփման գծի երկու կողմից էլ երիտասարդ տղաներ են զոհվում: Եվ սրան զուգահեռ՝ չկա որեւէ քաղաքական առաջընթաց»:
Ալեն Դելետրոզի կարծիքով, բանակցությունների բնականոն ընթացքին եւ փոխզիջմանը խոչընդոտող գլխավոր գործոններից մեկը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է: Ըստ Ճգնաժամային խմբի փոխնախագահի՝ «Հայաստանում քաղաքական միջավայրն այսօր այնքան էլ դրական չէ՝ այն առումով, որ երկրի նախագահը լայն հնարավորություններ չունի հարցի լուծման ուղով առաջ գնալու համար: Ես կարծում եմ, որ եթե նա ինչ-ինչ քայլեր կատարի Ադրբեջանի հետ փոխզիջման ուղղությամբ, ապա հետագայում նրան շատ դժվար կլինի հաղթել հաջորդ ընտրություններում: Ադրբեջանում, օրինակ, իրադրությունն այլ է՝ այնտեղ ուժեղ ընդդիմություն պարզապես չկա»: Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերի համար փոխզիջումների գնալը չափազանց դժվար է, քանի որ. «Հանրային կարծիքը երկու կողմում էլ այնքան անզիջում է դարձել, որ անգամ երբ նախագահները նստում են բանակցությունների սեղանի շուրջ, փոխզիջման հասնելը շատ դժվար է: Իսկ խաղաղության հասնել հնարավոր է միայն փոխզիջման հիման վրա: Սակայն նախկինում էլ տեսել ենք, թե ինչպես են նախագահները վերադառնում տուն, եւ անգամ փոքր փոխզիջումները հանրության կողմից չեն ընդունվում: Այնպես որ, Ղարաբաղում փակուղային իրավիճակ է, եւ սկզբում հարկավոր է աշխատել հանրային կարծիքի հետ՝ նախապատրաստելով այն փոխզիջումների: Մինսկի խմբում մի իրավիճակ է ստեղծվել, երբ կողմերից մեկն ասում է, թե ընդունում է Մադրիդյան սկզբունքների մի հատվածը, իսկ մյուս կողմը հակադարձում է, թե հենց այդ հատվածն իր համար անընդունելի է, եւ հակառակը»: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւանում ընթացող «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում հարկ է համարել հայտարարել. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը կստիպի ագրեսորին հրաժարվել իր մտադրություններից, քանի որ Հայաստանը ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորն է»:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ ներկայացուցիչների ռազմատենչ հռետորաբանությունը ԵԱՀԿ սկզբունքներից մեկի ակնհայտ խախտում է»,- նույն խորհրդաժողովում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Վերջինս նաեւ հայտարարել է, որ «ԵԱՀԿ-ն սպառնալիքների հանդեպ ամոթխածություն է դրսեւորում: Բոլորին է հայտնի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության սկզբունքը: Հելսինկյան ամփոփիչ ակտը միանշանակ է խոսում սպառնալիքների անթույլատրելիության մասին»,- ընդգծել է դեսպանը՝ նկատելով, որ միջնորդներն էլ չպետք է համակերպվեն կողմերի քմահաճույքներին:
Խոսելով շփման գծում միջադեպերի մասին՝ դեսպանը ասել է, որ Բաքվի մարտավարությունն է՝ հանգիստ չտալ հայկական կողմին: Ադրբեջանին լարվածություն է պետք, ինչի համար նա իր պատճառներն ունի, Ադրբեջանը ժամանակին հրաժարվել էր զորքերը ետ քաշել շփման գծից, ավելին, Իլհամ Ալիեւի ժամանակ ավելի մոտեցրին դիրքերը: Վլադիմիր Կազիմիրովն ասել է նաեւ, որ Բաքվում հասկանում են պատերազմի սպառնալիքը եւ հաճախ սրում են լարվածությունը արհեստականորեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել