Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՅԼ ԳՈՒՅՆԻ

Մայիս 20,2011 00:00

Ըստ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզման
Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե իր կարծիքով՝ ո՞վ է լինելու Հայաստանի 4-րդ նախագահը՝ մասնավորապես ասել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի չորրորդ նախագահության հավանական թեկնածուն ես չեմ: Ես չեմ հրաժարվում որեւէ բանից: Բայց ուզում եմ, որ Հայաստանն ունենա վերջապես քաղաքական արդյունք եւ դե յուրե իշխանություն: Մենք վերջապես պետք է 1995 թվականից այս կողմ ունենանք իրավական, իրավացի երկիր, եւ դա իրացնելու համար ես պատրաստ եմ իմ թեկնածությունը դարձնել առավել հավանական կամ անհավանական»:
Ըստ «7 օր»-ի՝ նա նաեւ ասել է, թե ՀՀ չորրորդ նախագահն այլ գույն է ունենալու եւ էապես տարբերվելու է նախորդ երեքից։ Հարցին՝ իսկ ի՞նչ գույն պետք է ունենա ՀՀ չորրորդ նախագահը, նա պատասխանել է, որ այդ գույնը ոչ միայն նախագահին է վերաբերվում, այլ ընդհանրապես մեր կյանքին. «Ավագ որդիս՝ Կարինը, ՀՀ արդի պատմության մասին գիրք է գրել՝ «Գերդաստան ստվերաց», որով ներկայացրել է մեր երեք սերունդները պայմանականորեն ՀՀ պետական դրոշի երեք գույներով։ Ունենք կարմիր սերունդը՝ հայրենազրկված, Ցեղասպանություն տեսած սերունդ, վերականգնման, ազատություն որոնող կապույտ սերունդը եւ ավագ սերունդը, որը ժամանակին նարնջագույն էինք ասում, հիմա՝ ծիրանագույն։ Այս չորրորդ գույնի հարցը վերաբերում է ոչ միայն 4-րդ նախագահի գույնին, բույրին, թե ակցենտին, այլեւ նոր սերնդի գույնն է, որն էլ լինելու է Հայաստանի դրոշակի, երիտասարդության, ապագայի գույնը. դա դուք պետք է որոշեք»:
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերի հետ է «Ժառանգությունը» պատրաստվում համագործակցել՝ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է, թե իրենց օրակարգում հիմա դաշինք ստեղծելու, բեւեռ ձեւավորելու խնդիր չկա. «Մենք հերթական խորհրդակցությունների կատարման ընթացքում ենք: Թե դրանից ինչ կծնվի՝ կերեւա առաջիկա ամիսների ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել