Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմկուսի «բաց նամակը» Սերժ Սարգսյանին

Մայիս 20,2011 00:00

\"\"Թովմասյանը հույս ունի, որ նախագահը կմնա «իր բարձրության» վրա

«98 տարի առաջ, հենց այս օրերին, Վրաստանում ցարական դատարանի առջեւ կանգնած էր խոշոր հեղափոխական Սուրեն Սպանդարյանը՝ իր ընկերների հետ. այն ժամանակ Սպանդարյանի մտքով չէր էլ անցնի, որ 98 տարի անց իր ազատ եւ անկախ Հայաստանում կռիվ կտային իր արձանի դեմ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում Սպանդարյանի արձանի տեղափոխման՝ քաղաքապետարանի որոշման դեմ իր վրդովմունքը հայտնեց Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Սպանդարյանի արձանի տեղադրման համար մի քանի առաջարկ է արվել, մեկն էլ՝ նախկին բանվորի արձանի տեղը: Ռուբեն Թովմասյանը դեմ է, քանի որ այդ տարածքում այժմ բնակելի տներ, խանութներ եւ շուկա կա. «Այդքան մարդ դառնալու է բողոքավոր, անգործ, դժգոհ. դա ինչի՞ նման է»: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նաեւ «բաց նամակ» է հղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով նրան անձնական միջամտությամբ կանխել Սուրեն Սպանդարյանի արձանը ապամոնտաժելու որեւէ գործողություն: Այսօր Տուլուխանսկում պահպանվում է Սպանդարյանի տուն-թանգարանը, եւ ընկեր Թովմասյանը պարզապես ամոթալի է համարում Սպանդարյանի հայրենիքում նրա արձանի դեմ սկսված արշավը. «Այս վանդալիզմից հետո ի՞նչ բարոյական իրավունքով պետք է խոսենք Նախիջեւանում գերեզմանաքարերի եւ հուշահամալիրների ավերման մասին»: Իսկ Նժդեհի արձանի համար Կոմկուսն առաջարկ ունի. «Հայրենիք» կինոթատրոնի հրապարակը թող վերանորոգեն, անվանակոչեն Գարեգին Նժդեհի անունով եւ այնտեղ տեղադրեն Նժդեհի արձանը: Սա կլինի այս իշխանությունների՝ Նժդեհի հետեւորդների կառուցած հրապարակը, իսկ իշխանությունն ինքը կիմանա, որ վերջապես մի մնայուն արժեք է կառուցել, մի բան, որը վաճառքի համար չէ,- ասում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը՝ հուսալով, որ իր «բաց նամակն» անարձագանք չի մնա:- Սերժ Սարգսյանն իր նախորդների համեմատ տարբերվում է մտածողությամբ: Ես ուզում եմ հավատալ, որ այս անգամ էլ նա կմնա իր բարձրության վրա: Կառուցեք նորը, հպարտացեք դրանով, ու, ինչպես ասում է ժողովուրդը՝ «հողը խաբար է տանում», հողն էլ Նժդեհին խաբար կտանի, որ քեզ համար նոր հրապարակ են կառուցել, ոչ թե Սպանդարյանի արձանը հանել են՝ քեզ դրել տեղը»: Աթեիստ Թովմասյանը աստվածապաշտ ու եկեղեցապաշտ իշխանություններին հիշեցնում է՝ «գերեզմանաքանդությունը անիծված է հավիտյանս հավիտենից»:
Երեկ հյուրընկալելով մամուլի ակումբներից մեկում՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը խոսել է կուսակցության առաջիկա անելիքների մասին: «Ա1+»-ի փոխանցմամբ, Կոմկուսը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Թովմասյանը չի բացառում նաեւ դաշինքով ընտրություններին մասնակցելը. «Մենք այսօր դաշինքի կարող ենք գնալ այն մարդկանց հետ, ովքեր բացեիբաց, ի լուր Հայաստանի հասարակության կհայտարարեն, որ մենք պայքարելու ենք սոցիալիստական հանրապետության համար, որի հիմքում ամեն ինչ դրված է մարդու համար, պայքարելու ենք գործազրկության դեմ: Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին եւ ոչ թե առանձին կլանների, որոնք կարողանան անել այն, ինչ կուզենան, ամբողջ իշխանությունը՝ ժողովրդին»: Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է՝ «Կոմունիստները կառուցեցին Հայաստանը, ժողովրդավարները քանդեցին» կարգախոսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել