Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Մայիս 20,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսում պնդում են, որ քաղբանտարկյալները  առավելագույնը մինչեւ մայիսի 31-ը պիտի ազատության մեջ լինեն,  իսկ թե ներման կամ համաներման արդյունքում՝ իրենց չի հետաքրքրում: Ոնց ճաշն եփել են, էնպես էլ թող ուտեն:

\"\"

Հայ ազգային կոնգրեսի՝ մայիսի 31-ին հրավիրված հանրահավաքին մնում է ընդամենը 11 օր: Ասել է թե՝ առնվազն 11 օր հետո Հայաստանում դեռեւս անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալները պիտի ազատ արձակված լինեն: Դրա համար իշխանությունները, թվում է թե, արդեն իսկ նախապատրաստվել են. ընդդիմության պահանջից զատ, մասնավորապես քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով Սերժ Սարգսյանին է դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կա նաեւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին ներում շնորհելու «Քաղաքական գիտությունների Հայաստանի ասոցիացիայի» միջնորդությունը: Սրանք, անշուշտ, ձեւական կողմն ապահովելուն միտված «արարողություններ» են, որ հանկարծ որեւէ մեկին «չթվա», թե իշխանությունը կատարում է ՀԱԿ-ի պահանջը, ու հասարակությունն էլ դրանից «չթեւավորվի», թեեւ ակնհայտ է, որ եթե չլինեին Կոնգրեսի հետեւողական պայքարը քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ ու նաեւ՝ միջազգային հանրության եւ մասնավորապես՝ ԵԽ ճնշումները, գործող իշխանությունները հազիվ թե սեփական նախաձեռնությամբ «բարի կամք» դրսեւորեին եւ խոսեին ներումների կամ համաներման ակտի հնարավորության մասին: Այդուհանդերձ, ապրիլի 28-ի՝ ՀԱԿ հանրահավաքից հետո, երբ ընդդիմությունը եւս մեկ հնարավորություն տվեց հայրենի իշխանություններին կատարելու իր առանցքային այդ պահանջը եւս, անցել է արդեն 21 օր: ՀՀ խորհրդարանում չեն բացառում, որ մինչեւ մայիսի 31-ը քաղբանտարկյալներն ազատության մեջ կլինեն, ու ավելի հավանական են համարում նրանց նկատմամբ համաներում կիրառելու տարբերակը: Այդպիսի կարծիք է հայտնել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում՝ ասելով, թե հարցը քննարկվում է նախագահականում, նկատելով, թե համաներում էլ կլինի, որը պետք է մտնի ԱԺ: Այդուհանդերձ, այս ընթացքում բաց թողնվեց Հաղթանակի օրվա առիթով համաներում հայտարարելու պատեհ առիթը, ու հիմա բոլորս սպասում ենք, որ երկրի գործող նախագահը համապատասխան առաջարկով դիմի ՀՀ խորհրդարանին արդեն Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առիթով, կամ ուղղակի սեփական հրամանագրով քաղբանտարկյալներին ներում շնորհի:
ՀՀ իշխանությունները, ի դեմս նաեւ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, մշտապես պնդել են ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու իրավական տեսանկյունից հենց այդ երկու հնարավոր տարբերակները: Դրանք Դ. Հարությունյանը շեշտեց նաեւ երեկ՝ «Առավոտի» հետ զրույցում: Ավելի վաղ, լրագրողների հետ հանդիպման մի պատեհ առիթով, նա ավելի նախընտրելի էր համարել համաներում հայտարարելու տարբերակը: Բայց փաստն այսօր այն է, որ համաներում հայտարարելու առաջարկությամբ երեկվա դրությամբ ՀՀ նախագահը դեռ հանդես չի եկել, ուստի ԱԺ-ում նման առաջարկ չի ստացվել, իսկ խորհրդարանը մինչեւ մայիսի 31-ը եւս մեկ քառօրյա ունի, որը գումարվելու է առաջիկա երկուշաբթի օրը: Դ. Հարությունյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, թե գործնականում հնարավոր է, որ նման առաջարկ նույնիսկ երկուշաբթի առավոտյան ստանալու դեպքում ներառվի խորհրդարանի քառօրյայի օրակարգում: Բայց այ, նույնիսկ համաներում հայտարարելու մասին առաջարկը ստանալիս որոշումն ընդունելը, որը սկսում է անմիջապես գործել ու տարածվել համաներման ենթակա անձանց նկատմամբ, դեռեւս չի նշանակում, որ բոլոր քաղբանտարկյալները հաջորդ օրն եւեթ ազատ կարձակվեն: Դ. Հարությունյանի ասելով, դա իրատեսական չէ, որովհետեւ դա որոշակի ընթացակարգ է ենթադրում, եւ որպես կիրառման ժամկետ՝ սովորաբար տրվում է 2-4 ամիս: Պատգամավորի ասելով, այդպես է եղել նաեւ նախկինում բոլոր հայտարարված համաներումների պարագայում: Հիշեցնենք, սակայն, որ 2009թ. հունիսի 19-ին հայտարարված համաներումից ընդամենը մի երկու օր անց՝ արդեն հունիսի 22-ին, «Մարտի 1»-ի գործով ամբաստանվողները հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Սա բացատրվեց այն հանգամանքով, որ այդ մարդկանց գործերն այդ պահին գտնվել են դատարաններում, իսկ համաներման կիրառումն այդպիսի դեպքերում դրված է եղել հենց դատարանների վրա: Այս իմաստով մի քիչ այլ էր արդարադատության նախարարությունից ստացված պատասխանը, ըստ որի՝ իրավական առումով այդտեղ խնդիր չկա:
Ինչ վերաբերում է ներում շնորհելուն, ապա իշխանությունները դա բարդ գործ են համարում, թերեւս այն պատճառով, որ իրենց հաճելի կլիներ ներման խնդրագրեր ստանալ քաղբանտարկյալներից: Բայց նրանք այդ ներքին ցանկությունից բացի՝ վկայակոչում են «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու» գործող կարգը՝ մոռանալով նաեւ հավելել, որ այդ կարգը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հանձնախմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, սահմանված է հենց ՀՀ նախագահի հրամանագրով եւ ցանկացած պահի կարող է ուժը կորցրած ճանաչվել ու վերանայվել: Որ Սերժ Սարգսյանը նման հնարավորություն ունի՝ երեկ հերթական անգամ փաստեց հենց Գ. Ջհանգիրյանը. «Ներում շնորհելը նախագահի բացարձակ իրավունքն է: ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 17-րդ կետով՝ «ներում է շնորհում դատապարտյալներին», ՀՀ նախագահին վերապահված այդ լիազորությունը սահմանափակող ո՛չ սահմանադրական որեւէ նորմ կա, ո՛չ էլ օրենսդրական: Այն, որ պիտի ներման խնդրագրով դիմեն՝ սահմանված է ՀՀ նախագահի հրամանագրով, դրա համար էլ նա կարող է դա հաշվի առնել կամ հաշվի չառնել»: Ասել է թե՝ Ս. Սարգսյանը կարող է ցանկացած պահի այդ կարգը ուժը կորցրած ճանաչել հենց նույն այն հրամանագրի տեքստում, որով նա ցանկության դեպքում ներում կշնորհի քաղաքական կամ որեւէ այլ կալանավորի: «Մեր տղերքը ամսի 31-ի հանրահավաքին ելույթ են ունենալու: Վերջ»,- ասաց Գ. Ջհանգիրյանը՝ հավելելով, թե հակառակ պարագայում իշխանությունների համար վատ կլինի:
Ի վերջո, մինչ այս էլ ՀԱԿ ներկայացուցիչները բազմաթիվ անգամ են հայտարարել, թե իրենց համար միեւնույն է՝ ինչ եղանակով կամ ինչ ակտով դա կարվի, բայց քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն, որովհետեւ նրանք որեւէ հանցանք չեն կատարել, նրանց բանտերում պահում են քաղաքական պատճառներով, եւ քաղաքական որոշմամբ էլ նրանք պիտի ազատ արձակվեն, իսկ մնացած տեխնիկական խնդիրները, կոնգրեսականների համոզմամբ, թող որոշեն իրենք՝ իշխանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել