Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԻՏԻ ՄԵՌՆԵԻ՞ՆՔ, ՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԻՔ

Մայիս 20,2011 00:00

«Ժառանգությունը» փորձում է դատարանի միջոցով հասնել նրան,  որ Հատուկ քննչական ծառայությունն առանձին քրգործ հարուցի
մարտի 3-ին կառավարության շենքի առջեւ կատարվածի վերաբերյալ  իրենց հաղորդման կապակցությամբ:

«Որպես ԱԺ ընտրված պատգամավոր՝ ես իմ վրդովմունքն եմ հայտնում ՀՀ դատարանին ակնհայտ ոտնձգությունների վերաբերյալ»,- երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: Դատավոր Խանդանյանի նախագահությամբ քննվում էր կառավարության շենքի առջեւ մարտի 3-ին կատարվածի վերաբերյալ «Ժառանգության» մի շարք ներկայացուցիչների՝ հանցագործության մասին հաղորդումը Հատուկ քննչական ծառայության կողմից անհետեւանք թողնելու դեմ բողոքը: «Այդ օրն այսպես կոչված իրավապահ մարմինների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցիչների նկատմամբ վերին աստիճանի, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունքն իմ խորին վրդովմունքն է առաջացրել եւ հատկապես մեր բողոքի առիթով քրեական գործ չհարուցելը,- ասաց տիկին Բախշյանը:- Ուզում եմ դատարանին հարցնել. եթե այդ օրը, Աստված մի արասցե՝ մեզնից որեւէ մեկին ֆիզիկական վնաս պատճառվեր (ենթադրենք՝ իմ ճնշումն այնքան բարձրանար, որ մեռնեի)՝ դուք ի՞նչ պիտի անեիք: Էլի՞ պիտի քրեական գործ հարուցելը մերժեիք: Սպասում եք, որ անպայման մի այդպիսի ցնցող բա՞ն լինի (չնայած եղավ՝ մարտի 1-ին, որը մարսեցին շատերը): Ի՞նչ պիտի լիներ, որ պատշաճ ուշադրության արժանացնեին ու քրեական գործ հարուցեին, նախաքննություն ընթանար, դատաքննություն»:
Ինչպես նշեց Զարուհի Փոստանջյանը՝ նախաքննական մարմինը պարտավոր էր կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, մասնավորապես` քրեական գործ հարուցելու մասին: Մինչդեռ ՀՔԾ հատկապես կարեւոր գործերով քննիչ Կ. Թորոսյանը հայտնել էր, թե իրենց բողոքը կցվել է նույն միջադեպի առնչությամբ՝ ՔՕ 316 հոդվածի 1-ին հատկանիշներով հարուցված «իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու» վերաբերյալ քրեական գործին: «Ժառանգության» ներկայացուցիչները բազմիցս ընդգծեցին, որ այս գործն ընդհանրապես կապ չունի իրենց ներկայացրած հաղորդման հետ, որը վերաբերում է ազատ հավաքներ կազմակերպելու եւ իրենց այլ իրավունքների խախտմանը: Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, թե ՔԴՕ-ով նախատեսված չէ, որ հանցագործության մասին հաղորդումը կարելի է կցել ինչ-որ գործի: Քննիչի այս որոշումը բողոքարկել էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, սակայն անհիմն համարվելով՝ մերժվել էր նաեւ այդ բողոքը: Մերժումը ստորագրել էր գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը, որը եւ դատարանում հանդես էր գալիս իբրեւ պատասխանող կողմ: «Երբ մի քրեական գործ արդեն հարուցված է՝ նույն դեպքի վերաբերյալ չի կարող երկրորդ, երրորդ, կամ անթիվ-անհամար գործեր հարուցվել,- ներկայացնելով բողոքին իրենց առարկությունը՝ ասաց պրն Հարությունյանը՝ նշելով, թե «Ժառանգության» պատգամավորներն իրենց հաղորդումը ներկայացրել էին մարտի 4-ին գործ հարուցելուց 5 օր անց. «Եթե առաջինը նրա՛նց հաղորդումը ստացված լիներ՝ նրանց նշած հանգամանքներով, համապատասխան հիմքերի պայմաններում՝ քրեական գործ կհարուցվեր: 316 հոդվածով հարուցված քրեական գործով, այնուամենայնիվ, պարտադիր քննարկման առարկա է այն հանգամանքը, թե իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրումը կապված եղե՞լ է արդյոք վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, հանդիսացե՞լ է արդյոք իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները խոչընդոտելու միջոց: Այսինքն՝ հիշյալ հանգամանքի պարզաբանումը լիովին հնարավորություն է տալիս «Ժառանգության» պատգամավորների հաղորդման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ քննություն կատարելու»: Ըստ նրա՝ նախաքննական մարմնի համար պարտադիր պարզաբանման ենթակա է եւ կարեւոր նշանակություն ունի նաեւ «իշխանության ներկայացուցչի գործողությունների իրավաչափությունը եւ օրինականությունը»:
Անահիտ Բախշյանը, սակայն, նշեց, որ թեեւ ինքն այդ դեպքերի ականատեսն ու մասնակիցն է՝ իրեն մինչ օրս ՀՔԾ-ն չի հրավիրել հարցաքննության. «Հետեւաբար, շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ հարուցված քրգործի շրջանակներում իմ, գործընկերներիս եւ մեր քաղաքացիների շահերը, իրավունքները պիտի պաշտպանվեն այն չափով ու ձեւով, ինչպես որ կլիներ մեր հաղորդումն ընդունելու դեպքում: Փաստորեն, երկու տարբեր խմբեր են հաղորդում ներկայացրել հանցագործության մասին. մեկինն ընդունվում է, մյուսինը՝ ոչ, թեեւ նրանք շատ տարբեր խնդիրներ են առաջադրում»:
Դատարանն այս բողոքի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հունիսի 3-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել