«Եվրատեսիլում» կարելի է գնել հաղթանակը»,- այս մասին հայտարարել է երգչուհի Անժելիկա Ագուրբաշը, ով 2005թ.-ին Կիեւում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել է Բելառուսը: Ըստ dni.ru-ի՝ երգչուհին պատմել է, որ իր մասնակցության ժամանակ փրոմո-արշավների ընթացքում իրեն ու ամուսնում է մոտեցել մի մարդ, ով անմիջական կապ ուներ մրցույթի հետ եւ առաջարկել գործարք, համաձայն որի՝ Անժելիկան «Եվրատեսիլի» կիսաեզրափակչից առաջ պետք է 10 երկրի 100-հազարական դոլար վճարեր, ու նրանցից ստանար ամենաբարձր՝ 12 միավորը: Արդյունքում, 1 մլն դոլարով ապահովվում էր նրա ելքը եզրափակիչ: Սակայն, ըստ երգչուհու՝ ինքը կտրականապես հրաժարվել է այդ գործարքից, բայց դրանից հետո էլ նրան հաղթանակի համար առաջարկվել է մեկ այլ պայման՝ մեկ ուրիշ անձի կողմից. երգչուհին եթերով պիտի հայտարարեր, որ ինքը դժգոհ է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի վարած քաղաքականությունից՝ դրանով ապահովելով հաղթանակը «Եվրատեսիլում»: Բայց Ագուրբաշը բացասական է պատասխանել նաեւ այս առաջարկին:
Արդյունքում, Անժելիկան շատ չի զարմացել, երբ կիսաեզրափակչից առաջ մրցույթի անվտանգությունն ապահովողներն իրեն ասել են, որ եզրափակչի հույս չունենա: Ամեն դեպքում, երգչուհին հավատում է, որ «Եվրատեսիլում» հնարավոր է նաեւ արդար հաղթանակ տանել, ինչպես եղել է, օրինակ, Դիմա Բիլանի դեպքում:
Ավելի վաղ, «Եվրատեսիլ» մրցույթին ու նրա ժյուրիին անարդար լինելու մեջ մեղադրել էր նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքերով, Բելառուսը, բոլոր առումներով, լուրջ մրցակից է արեւմտյան երկրներին, եւ նրանք փորձում են ամեն տեղ, այդ թվում՝ նաեւ «Եվրատեսիլում», կանխել Բելառուսի առաջխաղացումը: Այս կերպ էր նա բացատրում այս տարի իր երկիրը ներկայացնող երգչուհու՝ Անաստասիա Վիննիկովայի պարտությունը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2011-ում» Բելառուսը ներկայացնող Անաստասիա Վիննիկովան 2-րդ կիսաեզրափակչում ներկայացրեց «I Love Belarus» երգը, բայց չհավաքեց բավարար միավոր՝ եզրափակչում ելույթ ունենալու համար: