Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թանգարանային հոգսեր եւ հաջողություններ

Մայիս 19,2011 00:00

Տնօրենների դիտարկումները

Հայաստանյան թանգարանների տնօրենները դժգոհում են այցելուների քանակից, ըստ նրանց, միայն «Թանգարանային գիշերն» են այցելուներն ակտիվանում:
Երեկվա ասուլիսում այս կարծիքը հայտնեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը եւ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Գ. Գյուրջյանի փոխանցմամբ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան տարեկան այցելում է 14000-15000 մարդ, իսկ Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող մայիսի 14-ին կայացած «Թանգարանների գիշեր» ամենամյա ակցիայի շրջանակներում այցելուների թիվը եղել է 1100: Տնօրենի խոսքով, մյուս տարիների համեմատությամբ, այս տարի այցելուների թվի աճ է գրանցվել. «Այցելուների աճը պայմանավորված էր մեր արգելոց-թանգարանում անցկացվող միջոցառումների հետաքրքրությամբ: Կազմակերպել էինք «Էրեբունի-Երեւան» առաջին տոնակատարության ռետրոսպեկտիվ ցուցադրությունը, որը նախաձեռնելու համար համագործակցել էինք Հայաստանի ազգային արխիվի եւ Ազգային գրադարանի հետ: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության լայն շրջանակներում: Երեկոյան կես գիշերին մոտ կազմակերպել էինք նաեւ Հայաստանի ակադեմիական երգչախմբի համերգը, որին ներկա էին մեծ թվով երիտասարդներ եւ դա ինձ շատ ուրախացրեց: Երիտասարդներին գիշերով թանգարան այցելելը փաստորեն ձգում է: Ես անգամ չէի կարծում, որ հայ երիտասարդությունն այդքան գիշերասեր է»:
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի փոխանցմամբ՝ իրենք այս տարի ունեցել են 500-600 այցելու, իսկ տարեկան կտրվածքով այդ թիվը հասնում է 3000-30600-ի, որը քիչ է: Մ. Օթարյանը այցելուների քիչ քանակը պայմանավորում է մեծանուն կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանին չճանաչելով:
Բանախոսների համոզմամբ, թանգարանների ամենամեծ խնդիրը այցելուների պակասն է: Մ. Օթարյանը տեղեկացրեց, որ իրենց թանգարանը անցել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ. «Թանգարանն ունի հիմնանորոգման խնդիր, շուրջ 25 տարի այն չի վերանորոգվել: Լավ է, որ քաղաքաշինության ծրագրով արդեն ընդգրկված է հիմնանորոգման ծրագրում եւ հունիսից կսկսվեն աշխատանքները: 2011-ի վերջին նորոգման աշխատանքները կավարտվեն, որից հետո որոշ ժամանակ թանգարանը փակ կլինի՝ մշտական ցուցադրություն ձեւավորելու նպատակով: Խնդիր ունենք նոր ցուցադրություն ձեւավորելու, որովհետեւ այն, ինչ ներկայացված է, հնաոճ է եւ 21-րդ դարին ոչ հարիր»: Գ. Գյուրջյանն ասաց, որ իրենց թանգարանն էլ ունի վերականգնման կարիք. «Նպատակ ունենք թանգարանը բերել 1968 թվականի վիճակին: Դրա համար կպահանջվի 5-6 տարի»: Նրա ձեւակերպմամբ, գոյություն ունի թանգարանի վերականգնման՝ 1 մլրդ 200 մլն դրամ արժողությամբ նախագիծ, որը ներառում է միջնաբերդի վերականգնումը, 500 տեղանոց ամֆիթատրոնի տեղադրումը, ռազմակառքերով մարշրուտների կազմակերպումը եւ այլ ծրագրեր. «Նախագիծը ներկայացրել ենք քաղաքապետարան, սպասում ենք պատասխանի: Նախատեսում ենք նաեւ արհեստական հնավայրի ստեղծում, որպեսզի երեխաները այդտեղ զբաղվեն պեղումներով, դրանով նպաստելով երեխաների մեջ հետաքրքրության սերմանմանը դեպի հուշարձանը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը խոշոր համալիր կառույց է եւ թանգարանային հատվածը դրա մի փոքրիկ մասն է միայն: Արգելոցի հիմնական մասը կազմում են հնագիտական հուշարձանները, որոնք Երեւանում զբաղեցնում են շուրջ 90 հա տարածք: Արգելոցներում հզոր հնագիտական շերտեր կան, որոնք ուսումնասիրությունների անսահման հնարավորություններ կարող են տալ: Այդտեղ պեղված է տարածքի միայն 10-15 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ ապագայի համար շատ անելիքներ կան»:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել