Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՕԱԶԻՍ՝ ՊՈԼՍՈՒՄ

Մայիս 19,2011 00:00

\"\"«Հայ մշակույթի եւ զորակցության միությունը», «Նոր Ռադիոն» եւ «Նոր զարթոնքը» փորձում են պահպանել հայկական ինքնությունը:

Ստամբուլում գործող 16 հայկական վարժարաններից, 2 հայկական հիվանդանոցից, 3 հայկական թերթերից, հայրենակցական միություններից, մարզական ակումբներից զատ՝ վերջին տարիներին պոլսահայ համայնքին համախմբող եւս մի քանի կառույցներ են սկսել գործել, որոնք միտված են հայկական ինքնությունը պահպանելուն: Դրանցից են «Հայ մշակույթի եւ զորակցության միությունը», «Նոր Ռադիոն», «Նոր զարթոնք» շարժումը, որոնց անդամները իրար հետ անմիջական կապ ունեն: Հունական համայնքին պատկանող հին, խարխուլ շենքի վերջին հարկում երիտասարդ հայերը փոքր հայկական անկյուն են ստեղծել: Այստեղ է իր գործունեությունը ծավալում «Հայ մշակույթի եւ զորակցության միությունը», որի վարչական կազմի ատենապետ Տէնչա Գարթունը եւ միության անդամ Ջան Էրզրումլուօղլուն «Առավոտին» պատմեցին իրենց գործունեության եւ պոլսահայ համայնքի երիտասարդներին հուզող հարցերի մասին: Միությունն իր գործունեությունը սկսել է մեկ տարի առաջ, հիմնադրվել եւ գործում է միության մեկ տասնյակից ավելի երիտասարդ անդամների անձնական միջոցներով: Ջ. Էրզրումլուօղլուի խոսքով, Ստամբուլում վարժարաններին կից գործում են նաեւ միություններ՝ Մխիթարյան միություն, Կեդրոնականի միություն եւ այլն, բայց հայ մշակույթի հետ կապված որեւէ կառույց չկար, որովհետեւ տարիներ առաջ Թուրքիայում արգելված էր ազգային բառից բաղկացած որեւէ անվանումով կառույցի գործունեությունը:
Միության անդամների թվում հայկական եւ մասնավոր վարժարաններ ավարտածներն են, որոնց թիվն այսօր հիսուն է, բայց այդ թիվը, զրուցակիցներիս փոխանցմամբ՝ օրեցօր ավելանում է: Միությանը կարող են անդամագրվել բոլորը, անկախ նրանից՝ հա՞յ են, թե՞ այլազգի: «Սա կարեւոր է, որովհետեւ մեր միությունը մշակութային նպատակներ է հետապնդում, եւ խտրականությունը կարելի չէ»,- ասաց Ջ. Էրզրումլուօղլուն, ում պապը Էրզրումից է, հայրը՝ Մալաթիայից, ինքը ծնվել է Ստամբուլում:
Ստամբուլի Կեդրոնական վարժարանն ավարտած Տէնչա Գարթունի անունը գալիս է հայերեն տենչանք բառից: Նա այժմ սովորում է Գալաթասարայ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Արմատներով Թուրքիայի միակ հայկական Վաքըֆըլը գյուղից է, հայրը 50 տարի առաջ է Պոլիս եկել, որտեղ Հրանտ Դինքի հետ որբանոցում է մեծացել: Մեր զրուցակցի փոխանցմամբ, այժմ միության շրջանակում սկսել են հայերենի դասընթացներ անցկացնել, բայց այդ դասերին հաճախողների մեծամասնությունը հայեր չեն, այլ՝ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, նաեւ՝ թուրքեր: Այս հանգամանքը, ըստ զրուցակիցներիս, եւս մեկ ապացույց է, որ հայկական ինքնությունը պահել, հայերենին տիրապետել ցանկացողների թիվը Թուրքիայում նվազում է: Ջ. Էրզրումլուօղլուն սա բնական է համարում եւ դրանում զարմանալի ոչինչ չի տեսնում. «Հայերը եկեղեցիին մեջն ալ կարող են հայերեն սորվիլ: Բայց շատ հայեր կան, որ հայերեն իմանալու ցանկություն չունեն: Ոմանք կըսեն՝ Հայաստանի հետ սահմանը պիտի բացվի, հայերեն պիտի արտահայտվինք, ասոր համար 11 տարի հայերե՞ն պիտի սորվինք: Փոխարենը օտար դպրոց կերթան, անգլերենի, ֆրանսերենի կտիրապետեն: Սա կապիտալիստական մտայնություն է, Թուրքիայում շատ հայեր իրենց շահի ետեւից կերթան»: Նա ցավով փաստում է, որ իրենց հավաքների ժամանակ էլ շփվելու լեզուն հայերենը չէ, որի պատճառներից մեկն այն է, որ ունեն նաեւ այլազգի անդամներ, բայց մեր զրուցակիցը գտնում է, որ նաեւ բացառապես հայերի ներկայության դեպքում շփման լեզուն, միեւնույն է՝ թուրքերեն էր լինելու, որովհետեւ գործնականի թուրքերեն խոսելն ավելի նախընտրելի է: «Եթե խորհինք՝ հայերենը սովորելու պետք չունին, որովհետեւ պոլսահայերը շատ գոց համայնք մըն են: Թուրքիայի կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան: Օրինակ, համալսարանի ընդունելության քննությունները լուրջ դեր կխաղան ծնողքներուն որոշումներու մեջ եւ ասոր համար պետք է թրքերեն ըլլա»,- նշում է Տ. Գարթունը: Ավելի ուշ հավելում է, որ մինչ այժմ հայկական վարժարաններում հնացած դասագրքերով են կրթվում. «Լիցեյներուն մեջ կարդացվող հայերեն գիրք ունինք, որ «Թանգարան» է կոչվում եւ հրատարակվել է հարյուր տարի առաջ, նույն գիրքը կկարդան նաեւ այսօր»:
Ջ. Էրզրումլուօղլուի խոսքով, վերջին տարիներին հայկական դասագրքերի հարցում որոշ փոփոխություններ եղան, բայց որքանով են դրանք բավարար՝ այլ հարց է. «Այժմ կօգտագործեն այն գրքերը, որոնք պատրաստված են անոնց համար, որոնք հայերենը կօգտագործեն որպես մայրենի լեզու, բայց ընդունիլ պետք է, որ, դժբախտաբար, այստեղի մարդոց մայրենի լեզուն թրքերենն է: Այդ գրքերը երբեմն դժվար կըլլա նաեւ ուսուցիչներու համար, մասնավորապես երիտասարդ ուսուցիչներու համար»:
Ըստ նրա, հայկական վարժարանների հետ համեմատած, օտար վարժարանները առավելություն ունեն: Նշում է, որ, օրինակ, եղբայրը գերմանական դպրոց է ավարտել եւ քննությունների ժամանակ խնդիրներ չի ունենում, որովհետեւ օտար դպրոցներն ընտրում են միայն որակյալ աշակերտներին, հետեւաբար մակարդակն ավելի բարձր է լինում: Հայկական վարժարանները քանակի եւ ֆինանսական խնդիրներ ունեն եւ ընտրության հնարավորություն չունեն: Մեր զրուցակցի խոսքով, նրանց, որոնց չի հաջողվում ընդունվել մասնավոր կրթական վարժարան, նույնիսկ այդ դեպքում հայկական վարժարան չեն դիմում, այլ ուղարկում են մեկ այլ մասնավոր վարժարան:
«Նոր զարթոնք» շարժումը Ստամբուլում 2003 թվականից է գործում, անդամների թիվը երկու տասնյակից ավելի է, բայց համակիրների թիվը մեծ է: Նրանց թվում կան շատ քրդեր, ասորիներ ու այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: «Սա, ի տարբերություն «Նոր Ռադիոյի» եւ «Հայ մշակույթի եւ զորակցության միության», քաղաքական նայվածք ունի եւ կմիջամտի քաղաքական հարցերում, բայց քաղաքական այս կամ այն դիրքորոշումը չի խանգարում «Նոր զարթոնքին» անդամագրվելու համար, սակայն որեւէ ազգայնամոլ չի կարող շարժման անդամ լինել, որովհետեւ այն դեմ է ազգայնամոլությանը, որեւէ խտրականության, սեքսիզմին»,- մեզ հետ զրույցում պատմում է Տ. Գարթունը, ապա հավելում, որ շարժումը Դինքի մահից հետո իր շուրջը համախմբեց շատ երիտասարդների, որոնք սկսեցին պայքարել ինչ-որ բան փոխելու համար: «Կհավաքվինք, կխոսինք, ամենեն դյուրին բացատրությունը սա է, որովհետեւ Թուրքիայի մեջ շատ տարածված է հայերու մասին կանխակալ բաներ ըսել՝ մեդիայի եւ ժողովրդի մեջ»,- ասում է Տ. Գարթունը:
Պոլսահայ համայնքի մեկ այլ կառույց էլ Ստամբուլում գործող «Նոր ռադիոն» է, որն իր ծրագրերը հեռարձակում է համացանցով եւ ամեն օր 6 ժամ եթեր է ունենում՝ մշակութային, քաղաքական, փոքրամասնությունների մասին հաղորդումներ: Տ. Գարթունը, որը եւս այդ ռադիոյում հաղորդում է ունեցել, նշեց, որ նպատակ ունեն ռադիոհեռարձակում սկսել՝ 24 ժամով:
Հայ-թուրքական սահմանի բացումը զրուցակիցներս կարեւոր են համարում եւ հույս ունեն, որ երկու ազգերին բաժանող սահմանը մի օր բաց կլինի: «Մենք խոսելու, իրար հասկընալու պետք ունինք»,- կարծում է Տէնչան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել